Լրահոս
Օրվա լրահոսը

ՉՈՒԳՈՒՆԸ ԱԶՆԻՎ ՄԵՏԱՂ ՉԷ

Հուլիս 01,1999 00:00
oragir

«Պատկերացրեք ժուռնալիստի մակարդակը, որը գրում է՝ իբր գիտության դոկտոր-պրոֆեսորին ուսանողներն ասում են՝ Չուգուն։ Դոկտոր-պրոֆեսորին ինչպե՞ս կարելի է Չուգուն անվանել»։

Ի պատասխան «Օրագիր» եւ «Առավոտ» օրաթերթերի հրապարակումների՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների Առաջին ատյանի դատարանում երեկ իր կրած վնաս 16 միլիոն 634 հազար դրամ փոխհատուցումը պահանջելիս՝ ասում էր ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Նորիկ Այվազյանը։ Պրն Այվազյանի՝ «Օրագրին» դատի տալու պատմությանն «Առավոտն» արդեն անդրադարձել է. թերթի իբր մի հրապարակման պատճառով է պատգամավորության թեկնածու Նորիկ Այվազյանի վարկանիշն ընկել ու նա չի ընտրվել։ Գուցե թե չընտրվելու փաստից պրն Այվազյանն այսքան չվրդովվեր, եթե ընտրվելու ակնկալիքով մեծ գումարներ չծախսեր։ Երեկ նրա վրդովմունքը ակնհայտորեն երեւում էր դատարանում արտասանած իր ելույթում. «Հրապարակել են, թե՝ ահա՛ տեսեք, թե ում հետ գործ ունի ժողովուրդը. ինքը կաշառք է վերցրել եւ տղան էլ դրա համար կռիվ է արել»։

Դատական նիստում ծանրակշիռ հատված նվիրվեց պրն Այվազյանի՝ իր շտաբում աշխատողների սննդի վրա ծախսած գումարներին։ Նախ ճշտվեց, որ մեր ժամանակներում ոչ մեկը մյուսի համար ձրի չի աշխատի։ Պրն Այվազյանի՝ թվով 42 վստահված անձինք պարզել էին, որ Ավանի թիվ 3 ընտրատարածքում իրենց թեկնածուի օգտին կքվեարկի 9000 ընտրող, որոնցից 500-600-ը «ինտելիգենտ մասսա է», մնացածը՝ «սոված զանգված»։ Սակայն մայիսի 20-ի «Օրագրի» հրապարակման հետեւանքով քվեարկության են եկել ընդամենը 1000 ընտրող։ Իր «ընտրազանգվածի» հետ հանդիպումների ժամանակ անգամ ընտրողները հետաքրքրվել են պրն Այվազյանից, թե՝ եթե կաշառակեր եք, ինչո՞ւ եք ուզում պատգամավոր դառնալ։ Դատավորի հարցին, թե պրն Այվազյանն իր հայցն ամեն դեպքում պնդո՞ւմ է, վերջինս պատասխանեց. «Ես որոշ զիջումներ կանեմ (հավանաբար հայցի գինը իջեցնելու առումով- Լ. Ա.), եթե համաձայնության գան։ Բայց նրանք չեն եկել այստեղ այդ հարցը քննարկելու եւ որոշելու, թե իրենք ինչով են մեղավոր։ Այլ եկել են վաղը թերթում հրապարակելու, որ վաղը բոլորը տեսնեն, թե պրոֆեսոր Այվազյանը դատարանում ինչպես է ներկայացնում իր ծախսերը։

ՆԳ եւ ԱԱ նախարարին որ զրպարտում են, նա չի ուզում գործին ընթացք տալ՝ մտածելով, որ եթե թերթը փակեն, կմտածեն՝ նախարարն իր պաշտոնական դիրքն օգտագործեց։ Արդարադատության նախարարը՝ նույնպես։ Չինովնիկներին զրպարտեցին, հիմա եկան-հասան մտավորականությանը»։ Պրն Այվազյանը նկատեց, որ եթե լրագրողներից «մի 2 հոգի կալանավորվեն, նստեն, ենթադրվում է, որ մյուսները կխրատվեն»։ Գուցե թե հարգարժան պրոֆեսորը ճիշտ է։ Բայց եթե կաշառակեր դասախոսների հոծ բանակից էլ մի 2 հոգի կալանավորվեն, նստեն, դժվար թե մյուսները խրատվեն։ Պրն Այվազյանը համոզված է, որ հենց «Օրագրի» հրապարակման պատճառով ինքը չի համալրել պատգամավորների շարքերը։ Իր պատգամավոր դառնալու անհրաժեշտության առաջին եւ ամենածանրակշիռ փաստարկն այն է, որ «Թող գլուխ գովել չլինի, բայց ես հանրապետության երեւի միակ մասնագետն եմ էդ պրոբլեմի վերաբերյալ։ Ուր ես գնում էի հանդիպման, ինձ ամենուրեք ողջունում էին, ասում, որ էս մարդը Սահմանադրություն է հասկանում, Ընտրական օրենսգիրք է հասկանում։ Ժողովուրդը ինձ ամենուրեք ցնծությամբ էր ընդունում»։ Ինչեւէ։ 9000 պոտենցիալ ընտրողից ընտրության է եկել ընդամենը 1000 մարդ, ընտրացուցակից դուրս է մնացել ընտրողների ինտելիգենցիայից՝ 400-500, «սոված մասսայից» էլ՝ մի զգալի մաս։ Բայց, ամեն դեպքում, «սոված զանգվածը նույնպես ուրախացած էր ինձ ընտրելու համար»։ Այդ զանգվածից շատերն անգամ հրաժարվել են վերցնել իրենց առաջարկված «ինչ-որ բանը»։

«Օրագրի» գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը նախ զարմացավ պրն Այվազյանի զարմանքի վրա՝ թե ինչպես կարող է դոկտոր-պրոֆեսորի մականունը Չուգուն լինել։ «Մականունների եւ տիտղոսների հակասությունը չեմ տեսնում։ Գուցե դա նրա գործունեության ամփոփ գնահատակա՞նն է կամ գուցե թյուրիմացությո՞ւն է։ Իսկ Նորիկ Այվազյանի որդու՝ Վարդանի, աչքերի տակի կապտուկները վաստակված էին «ազնիվ պայքարում»։ 99 թվականի մայիսի 25-ի վճռում (Նորիկ Այվազյանի հայցի հիմքով) ասված է, թե դատաքննությամբ հաստատված է եղել կապտուկների «բացակայությունը»։ Սակայն դա պետք է պարզվեր դատաբժշկական փորձաքննության արդյունքում (ինչը չի արվել), իսկ «Օրագրին»՝ հերքում տպագրելու պարտավորության վճռում կոնկրետ ժամկետներ նշված չեն։ Մի խոսքով, երեկ Նորիկ Այվազյանը պնդեց իր հայցը, Նիկոլ Փաշինյանն այն չընդունեց։ Դատավորը դատը հետաձգեց մինչեւ երեքշաբթի։ Եթե շարժվելու լինենք պրն Այվազյանի տրամաբանությամբ, ապա նույն հաջողությամբ դատարան կարող էր դիմել նաեւ Աշոտ Երկաթը։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031