Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ

Հունիս 30,1999 00:00
Exishe Sargsyan

Խորհրդային շրջանում մի հայտնի անեկդոտ կար. երբ մեկին հարցնում են, թե կարո՞ղ ես կոլտնտեսության նախագահ աշխատել, նա պատասխանում է. «ինչո՞ւ չէ, հո «Վիլիսից» չեմ ընկնի»։ Գրեթե նույն վիճակում են աշխարհի բոլոր պետությունների նախագահները (կարեւորը «Վիլիսի» մեջ նստել կարողանալն է), որոնց յուրաքանչյուր քայլը կազմակերպում է մի ամբողջ անձնակազմ(եր)։

Սովորաբար, հասարակությանը ներկայացվում է, թե ինչպես է պետության ղեկավարը (բարձրաստիճան պաշտոնյաները) դնում կատարված աշխատանքի վերջին շտրիխը, իսկ բուն աշխատանքը կազմակերպում են հաղորդագրություններից մեզ հայտնի եւ այլ պաշտոնական անձինք։ Այս «անձանց» թվին պատկանող արարողակարգի ծառայությունը միայն կփորձեմ ներկայացնել, քանի որ ըստ դիվանագետների, ամեն ինչ սկսվում ու ավարտվում է արարողակարգով եւ եթե դու պետության ղեկավար ես, ապա չես կարող նստել-վերկենալ ինչպես ինքդ ես ուզում, այլ՝ ինչպես արարողակարգն է պահանջում։ Մանավանդ որ, արարողակարգն էլ հաստատվում է հենց նախագահի կողմից։ Պահպանենք դիվանագիտական անցուդարձի արտաքին ձեւերը Մեր պետության ղեկավարն էլ կարեւորելով ենթավերնագիր դարձած արտահայտության նշանակությունը՝ 1998 թ. նոյեմբերին ստորագրեց հրամանագիր «ՀՀ պետական արարողակարգի մասին», որտեղ հստակ ամրագրված է՝ «Դիվանագիտական արարողակարգը նորմերի եւ կանոնների միասնություն է, որոնք որոշում են պետությունների միջեւ փոխհարաբերությունների, այսինքն դիվանագիտական անցուդարձի արտաքին ձեւերը»։ Դրան հետեւեց վարչապետի որոշումը՝ համաձայն որի ստեղծվեց ՀՀ պետական միասնական արարողակարգի ծառայություն։ Սա միաժամանակ ենթարկվում է կառավարությանը եւ ԱԳՆ-ին ու ծառայության պետին էլ նշանակում է հանրապետության վարչապետը։

Պետական արարողակարգի ծառայությանը զուգահեռ գործում են կառավարության արարողակարգի ծառայությունն ու նախագահի արարողակարգի բաժինը։ Ի պատասխան իմ այն հարցի, թե արդյոք այդ 3 ծառայությունները չե՞ն կրկնում միմյանց, ՀՀ պետական արարողակարգի ծառայության պետ Եղիշե Սարգսյանը պատասխանեց. «Ոչ, չեն կրկնում։ Արարողակարգի մասին այս փաստաթուղթը երկրում սահմանում է պետական միասնական արարողակարգ։ Դա նշանակում է, որ մեր ֆունկցիաների մեջ մտնում են ՀՀ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի արտասահմանյան ուղեւորությունների նախապատրաստում, անցկացում եւ այլ պետությունների ղեկավարների, հատուկ դիվանագիտական առաքելությունների այցերի նախապատրաստում եւ անցկացում։ Նախագահի եւ կառավարության արարողակարգի ծառայությունները ավելի տեղական բնույթի արարողակարգ են իրականացնում։ Պետական արարողակարգը համարվում է ԱԳՆ-ի համակարգի հիմքը։ Սա հատուկ է մտածված, որ այն գտնվի ԱԳՆ-ում. քանի որ արտասահմանյան ամբողջ կապերը իրականացվում են ԱԳՆ-ի միջոցով, ուստի այս ծառայությունը պետք է կանգնած լինի դրա ակունքում։ Եվ քանի որ մեր ծառայության ֆունկցիաները միջազգային փոխհարաբերությունների իրականացում են, այդ տեսակետից ճիշտ է որոշված, որ այն լինի ԱԳՆ-ի համակարգում եւ իրականացնի հանրապետական մակարդակի արարողակարգ, տեղերի արարողակարգերն իրականացնում են շենքի ներսի եւ ըստ անհրաժեշտության նաեւ դրսի գործերի արարողակարգ»։

Իսկ թե որ պահից է սկսվում արարողակարգն ու իրենց ծառայության աշխատանքը, պարոն Սարգսյանը հայտնեց, որ դիվանագիտական ցանկացած աշխատանք սկսվում է այս ծառայության աշխատանքով (թեպետ երեւացող աշխատանքը այցերն են)։ Արտասահմանյան դեսպանների եւ մեր դեսպանների գործունեության առաջին քայլը սկսվում է այս ծառայության միջոցով։ Այսինքն, եթե որեւէ երկիր որոշում է դեսպան հավատարմագրել մեր երկիր, պետք է նախ որեւէ փաստաթուղթ կամ բանավոր զրույց կազմակերպել, հավաքել կենսագրական տվյալները, դիմել տվյալ երկրի կառավարությանը, որպեսզի այն համաձայնի դեսպանի նշանակման համար։ Դեսպանին դիմավորել, ներկայացնել նախագահին, այնուհետեւ մյուս պաշտոնյաներին… Պարզվում է, որ Հայաստանում հավատարմագրված 75 դեսպանների (դեսպանատների), որոնցից 16-ն է Երեւանում, ինչպես նաեւ դիվանագիտական կարգավիճակ ունեցող մոտ 16 միջազգային կազմակերպությունների ամենօրյա աշխատանքի հետ կապված հարցերը եւս այս ծառայության միջոցով է արվում։ Ասենք, որեւէ երկրի դեսպան մեր պաշտոնյաներից որեւէ մեկին հանդիպելու համար պետք է դիմի այս ծառայությանը, կամ դեսպանատան հեռախոսակապը վնասվելու, ջուրն անջատվելու դեպքում եւս դիմում են այս ծառայությանը։ Մի խոսքով, դեսպանատները չեն կարող ուղղակիորեն դիմել տեղական մարմիններին, այն իրականացվում է միջնորդավորված՝ պետական արարողակարգի ծառայության միջոցով։ Թեպետ հայտնի են դեպքեր, որ դեսպանատների աշխատակիցները լավ էլ ուղղակի են աշխատում մերոնց հետ։

«Արտաքին քաղաքականությունն իրականացվում է դիվանագիտական աշխատանքի միջոցով, պետությունների փոխհարաբերությունները դիվանագիտական մեխանիզմներով են իրականացվում, դրան է կոչված ԱԳՆ-ն ամենօրյա աշխատանքով, դրա արտաքին կողմը ապահովում է արարողակարգը։ Սրա իմաստը հետեւյալն է. միջազգային հարաբերություններում ցանկացած գործ պետք է սկսել այս ծառայության միջոցով։ Պատկերավոր լինելու համար ասեմ, որպեսզի երկու երկրների ղեկավարներ իրար հետ որեւէ հարց քննարկեն, պետք է հանդիպեն, որպեսզի հանդիպեն, պետք է այդ հանդիպումը նախապատրաստել- կազմակերպել, որպեսզի կազմակերպել՝ պետք է գրել, պետք է պլանավորել, օր նշանակել, դիմավորել, տեղավորել, դահլիճ պատրաստել, դրոշներ դնել, մեքենա ապահովել, ճաշկերույթի ժամանակ ըստ ավագության նստեցնել, հետեւել վարվելակերպի նորմերին։ Այս ամբողջ շղթան, սկսած առաջին լուրից մինչեւ օդանավակայանի ճանապարհումը, արարողակարգի ծառայության ֆունկցիան է»,- ասաց Եղիշե Սարգսյանը։

Տարբեր երկրներում (դեպքերում) տարբեր է

Թեպետ պարոն Սարգսյանը նշեց, որ վերը նշված փաստաթուղթը 90%-ով կանոնակարգում է այս բնագավառն, այդուհանդերձ հարցերիս մի մասին սկսում էր պատասխանել «տարբեր երկրներում տարբեր է» նախաբանով։ Օրինակ, թե որքան ժամանակամիջոցում են կազմակերպվում նմանատիպ այցերը, իր սիրելի արտահայտությունը կրկնելուց հետո տեղեկացրեց, որ, օրինակ, երբ հայտնի դարձավ Հռոմի պապի Հայաստան այցի մտադրությունը, այցից 4 ամիս առաջ Հայաստան ժամանած առաջին պատվիրակները ներողություն են խնդրել ուշ այցելելու համար, քանի որ Հռոմի պապի այցերը սովորաբար 6 ամիս առաջ են նախապատրաստվում։ Իսկ մեր նախագահի Լեհաստան կատարելիք առաջիկա այցը 90%-ով (ըստ պրն Սարգսյանի) նախապատրաստվել է 2 ամիս առաջ։ Իսկ թե նախագահի արտասահմանյան այցերի ժամանակ առաջին տիկնոջ ուղեկցությունը սահմանվա՞ծ է արարողակարգով, դարձյալ հավատարիմ իր ոճին, պրն Սարգսյանը հայտնեց, որ դրա վերաբերյալ հատուկ սահմանում չկա եւ ամեն անգամ դա քննարկվում է ընդունող եւ մեկնող նախագահների ներկայացուցիչների կողմից։

Նախագահների դիմավորման (ճանապարհման) արարողությունն էլ տարբեր երկրներում տարբեր է արվում։ Ի դեպ, Վրաստանից բացի, պրն Սարգսյանը մեկ այլ երկիր չհիշեց, որ մեր նախագահի նման իրենց նախագահն էլ անձամբ գնա օդանավակայան։ Նրա կարծիքով միեւնույն է, դիմավորման (ճանապարհման) արարողակարգը պարտադիր է եւ կարեւոր չէ թե այն որտեղ է կատարվում։ Նշեմ, որ երկրի ղեկավարը դիմավորում է այլ երկրի միայն ղեկավարին եւ իր որոշմամբ հատուկ հյուրերի։ Իսկ եթե փողոցում 9 մոտոցիկլիստների ուղեկցությամբ կորտեշ եք տեսնում, ուրեմն դա պետական այց է, իսկ եթե 7՝ ուրեմն պաշտոնական։ Ափսոս, մեքենաները չափազանց արագ են սլանում, թե չէ մոտոցիկլիստներից բացի կտեսնեք, որ արարողակարգի համաձայն նախագահները մի մեքենայում են, իսկ առաջին տիկնայք՝ մի։ Այս այցերի տարբերությունն էլ առանձնապես մեծ չէ. պարզապես մեր հանրապետությունը որոշել է այդ կերպ (նաեւ արարողակարգային միջոցառումների ընդգրկմամբ) բարձրացնել պետությունների ղեկավարների այցի նշանակությունը։ Ճաշկերույթը՝ ճաշկերույթի համար չի Պարոն Սարգսյանից տեղեկացա, որ այցերը նախապատրաստող խմբերի հետ քննարկվող առաջին հարցերից մեկն էլ ճաշացուցակի հարցն է (նկատի է առնվում հյուրի առողջական վիճակը, կրոնական դավանանքը, սննդի նկատմամբ նախասիրությունները)։

Կազմվում է ճաշացուցակ, որտեղ ընդգրկվում են ազգային կերակուրներ, «բայց ոչ 100% թեքված ազգային, որովհետեւ մենք ընդհանուր եվրոպական հարթության վրա ենք մեզ տեսնում»,- ասաց պրն Սարգսյանը։ Ընդունելությունների ժամանակ սովորաբար ընդունված է 2 բաժակաճառ՝ ընդունող նախագահի եւ հյուր նախագահի։ Աշխարհում բաժակաճառերը հնչեցնելու 2 ձեւ կա՝ ճաշից հետո՝ դեսերտի ժամանակ եւ ճաշից առաջ. մեր պետությունն ընտրել է երկրորդ ձեւը։ Ընդ որում, հնչող բաժակաճառերը նախօրոք թարգմանվում են եւ հատուկ կազմաշապիկների միջոցով դրվում սեղաններին (նաեւ ճաշացուցակը)։ Որպես կանոն, ճաշկերույթը ուղեկցվում է երկու երկրների ազգային մեղեդիների ուղեկցությամբ։

Պարոն Սարգսյանը կարեւորեց կիսակենցաղային նշանակության խնդիր։ «Դիվանագիտական ընդունելությունների ժամանակ այն չպետք է տեսնել իբրեւ ճաշկերույթ ճաշկերույթի համար։ Հայտնի աքսիոմա կա դիվանագիտության մեջ՝ ամենակարեւոր աշխատանքները պետք է փորձել կատարել այդպիսի ընդունելությունների ժամանակ։ Դիվանագետները դա շատ լավ գիտեն։ Դա շփման ձեւ է եւ ոչ թե ուտել-խմելու տեղ։ Մյուս խնդիրը. հրավերը ստանալիս պետք է ուշադրություն դարձնել, եթե նշված են RSVP լատինական տառերը, պետք է բացարկի մասին տեղեկություն հայտնել (հատկապես նստած ճաշկերույթների ժամանակ դատարկ տեղեր չպետք է մնան)։ Եվ վերջինը՝ հագուստի խնդիրը։ Մեկ տեսնում ես տեղական նշանակության ընդունելությունների ժամանակ շատ շքեղ են հագնված, իսկ ազգային տոներին, դեսպանի ընդունելությանը մարդիկ ջինսերով ու ջեմպրերով են։ Այս դեպքում անպայման պետք է տղամարդիկ մուգ կոստյում կրեն, իսկ կանայք երեկոյան զգեստ, բայց ոչ ճչան»,- նշեց Ե. Սարգսյանը։

Նախագահների փոքրիկ թուլությունները

Բասկետբոլասեր մեր նախագահի նման մյուս նախագահներն էլ, պարզվում է, մարդկային թուլություններ ունեն, որոնք դրսեւորվում են ոչ միայն իրենց երկրներում։ Պարոն Սարգսյանին խնդրեցի պատմել որեւէ զվարճալի դեպք, երբ խախտվել է այդքան կարեւորություն ունեցող արարողակարգը։ «Նախապես ասեմ, որ արարողակարգի աշխատակիցները այնքան են ծանրաբեռնված ոչ զվարճալի գործերով, որ կարող են եւ չնկատել այդ զվարճալի դեպքերը՝ դա ամենազվարճալին է»,- ասաց պրն Սարգսյանը։ Այնուամենայնիվ հիշեց, որ Արգենտինայի նախագահի այցը համընկել էր ֆուտբոլային կարեւոր խաղի հետ։ Եվ քանի որ նախորդ խաղից էր կախված հաջորդի ճակատագիրը, մինչեւ այդ խաղի ավարտը ոչ ոք չի իմացել, թե Արգենտինայի նախագահը երբ կմեկնի, ու արդեն գիշերվա ժամը 2-ին, երբ հաղթանակած թիմի նախագահը բարձր տրամադրությամբ դուրս է եկել ընդունելությունների տնից՝ 2 երկրների նախագահների պայմանավորվածությամբ որոշվել է չպահպանել ընդունված արարողակարգը եւ պարզեցված հրաժեշտ են տվել։ Մեր ընթերցողը հավանաբար հիշում է, որ այդ գիշեր, հաղթանակից ոգեւորված, Արգենտինայի նախագահը ոլորել էր ոտքը: Իսկ Ռումինիայի նախագահը, որը մասնագիտությամբ երկրաբան է, Սեւան ուղեւորությունից առաջ խնդրել է երկրաբանական մուրճ տրամադրել։ Սեւանում նրան մի 15 տեսակի մուրճ են առաջարկել ու իր մեծ մուրճով սարերով երկար ժամանակ ման է եկել, պեղումներ արել ու միայն այլ պաշտոնական անձանց ներկայությունն է հիշեցրել արարողակարգի անհրաժեշտությունը։

ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930