Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԳՈՌԸ ՀՈՂԸ ԳՐԱՎ ՉԻ ԴՐԵԼ

Հունիս 30,1999 00:00
kov

«Նարգիզ» ՍՊԸ նախագահ Գոռ Մարտիրոսյանը որոշեց զբաղվել անասնապահությամբ, զբաղվել մորթու վերամշակման գործով, կաթնամթերքների արտադրությամբ։ Կարճ ասած՝ գործարարությամբ։

– 1995 թվականին որոշեցի գրավ դնել Նաիրիի շրջանի ինձ պատկանող շենքերը, անասնագոմերը՝ 1087 քմ ընդհանուր մակերեսով,- ասում է Գ. Մարտիրոսյանը (ի դեպ, առկա է սեփականության վկայագիրը՝ անասնագոմի համար, ստորագրված 12.07.88 թ. ՀՀ կառավարությանն առընթեր «Հայբնակկոմտնտ» ՀՄ տեխնիկական գույքագրման վարչության պետ Մեջլումյանի կողմից – Ռ.Մ.)։

Ինչեւէ։ Գնեց անասուններ, կաթնամթերքի արտադրության համար ստեղծեց պայմաններ, բացեց արտադրամասեր Նաիրիի շրջանի «Ագրոբանկից» վերցրած վարկի հաշվին (100 հազար ռուբլու): Այդ գումարով էլ կառուցեց անասնագոմերը։ Համաձայն պայմանագրերի, «Նարգիզ» ՍՊԸ-ն կաթնամթերք էր տալիս թե շրջանի մանկապարտեզին, թե «Հայէլեկտրամեքենա» ա/միավորմանը։ Հանրապետական սանէպիդկայանը շատ համարեց «Նարգիզի» աշխատանքը եւ պատճառաբանությամբ, որ ՍՊԸ-ն արտոնագիր չունի (գյուղնախարարությունից)՝ փակեց այն։

«Լիցենզիան չհաջողվեց»,- ասում է պրն Մարտիրոսյանը, եւ արդյունքում՝ 1995 թ. արտադրությունը կանգ առավ։

Նույն թվականի նոյեմբերի 1-ին «Նարգիզ» ՍՊԸ-ն «Հայ գործարարների ընկերություն» ԲԲԸ-ից (վարկատուից) ստանում է գրություն՝ մոտավորապես այսպիսի բովանդակությամբ. եթե «Նարգիզը» տոկոսները չվճարի (ամսական 800 դոլար), ապա պայմանագիրը չեղյալ կհամարվի։ Հետեւում է նաեւ Գ. Մարտիրոսյանի նոյեմբերի 21-ի գրությունը, որով խնդրում է Գործարարների ընկերությանը սպասել մինչեւ 1996 թ. հունվարի 5-ը, պարտավորվելով՝ «Եթե չվճարեմ, կատարենք հաշվարկ. ով ում է պարտք։ Եվ վճարել»։

Եկավ 1996 թվականը Նաիրիի շրջան է վերադառնում Գ. Մարտիրոսյանը։ «Վերադառնում» է նաեւ Գործարարների ընկերության նույն բովանդակության գրությունը։ Սակայն, ըստ «Նարգիզի» նախագահի, ինքը ստիպված է լինում վաճառել անասունները («ինչ կար-չկար՝ 3000 դոլար էր» – Ռ.Մ.)։ Մինչ նա կիրականացներ այս վաճառքը, առանց Գ. Մարտիրոսյանի մասնակցության, Նաիրիի շրջանի դատարանում ընթանում էր մի դատաքննություն, որի արդյունքում որոշվում է Գ. Մարտիրոսյանից բռնագանձել 24 հազար 200 դոլար գումար (տոկոսներով)։ «Նարգիզին» պատկանող շինությունները մինչ այդ գնահատվել էին 25 հազար դոլար, պետության եւ հայցվորների կողմից, հրավիրված փորձագետների կողմից (նշենք, որ Գ. Մարտիրոսյանը նրանց կողմից հրավիրված փորձագետներին վճարել է 62,5 դոլար գումար – Ռ.Մ.)։

Բնականաբար, շինությունները աճուրդի են դրվում։ Գնորդ չի գտնվում։ Հայտարարվում է կրկնակի աճուրդ (հայտարարությունն էլ բարով-խերով տպագրվում է «Ազգ» թերթում – Ռ.Մ.)։

Հայ գործարարների ընկերությունը նոր հայցով է մտնում Նաիրիի շրջանի դատարան, այս անգամ՝ որպեսզի իջեցվի շինությունների մեկնարկային գինը։

Դատավոր Սարգսյանը պատասխանում է. «Առանց պարտապանի թույլտվության իրավունք չունենք գրավ դրված գույքը վերագնահատել» (համաձայն քաղդատ. օր. 381 հոդվածի)։

Նրանք չեն հրաժարվում հայցից

Հայցվորները՝ Հայ գործարարների ընկերությունը, դատարան են ներկայացնում փաստաթուղթ, որով պնդում են, որ 25 հազար ԱՄՆ դոլար գնահատված են ԵԱՆՍ ֆիրմայի կողմից ոչ միայն շինությունները, այլեւ 15 հազար քմ հողատարածքը (այսինքն՝ պարզվում էր, որ Գ. Մարտիրոսյանը խաբել է իրենց՝ թաքցնելով, որ հողը արենդայով է, իրենք էլ մոլորվել՝ հողն էլ հետն են ուզում – Ռ.Մ.)։ Դատարանը… մերժեց հայցը եւ 1997 թ. հունիսի 23-ի վճիռը նրանք ԳԴ Վճռաբեկ գանգատ բերին։ ԳԴ դատական կոլեգիան բեկանեց վճիռը՝ գործն ուղարկելով Շահումյանի շրջանի դատարան՝ նոր քննության։ Տեղեկացնեմ. 1997 թ. հոկտեմբերից այս բեկանված գործը Շահումյանի շրջանի դատարանում էր։ «Ես խնդրում էի գործով նշանակել համապատասխան փորձաքննություն՝ պարզելու երբ եւ ում կողմից է կատարվել կեղծիք, լուծելու հարցը»։ Ընդ որում, շեշտը դրվում էր ԵԱՆՍ ֆիրմայի կողմից գնահատված գրավի առարկա հանդիսացած գույքի կազմի, ծավալի, գնի վրա, այսինքն՝ գնահատված ակտի եւ գնահատվող առարկաների բնութագրի վերաբերյալ տեղեկությունների մասին փաստաթղթերի հայտնաբերմանը։

Դատավոր Ս. Ուզունյանի որոշմամբ գործն ուղարկվում է… դատախազություն։

«Իմ առարկությունները… իմ դե՞մ էին»

Տնտեսական վեճը փորձ արվեց մոտեցնել քրեական գործին։ Գ. Մարտիրոսյանին «առարկում» էին, թե վարկը տրված է միջազգային պայմանագրերի հիման վրա։

Այն դեպքում, երբ Եղվարդի դատախազի օգնական Լ. Հովհաննիսյանի գրությամբ (26.05.98 թ.) տեղեկանում ենք. «Նշված փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել է, որ «Նարգիզ» ՍՊԸ-ի սեփականությունն են հանդիսանում երկհարկանի անասնագոմը, կերի պահեստը, սիլոսի հորը եւ կիսակառույց շինությունը, որոնք եւ նշված են գրավի պայմանագրում՝ որպես գրավի առարկա։ Իսկ սեփականության վկայագրի 3-րդ էջում «Ծանոթություն» վերտառության տակ նշված է, որ «հողամասը հատկացված է արենդայով», որը չէին կարող չնկատել ե՛ւ հայցվորը, ե՛ւ պատասխանողը, ե՛ւ անշարժ գույքի ԵԱՆՍ գործակալությունը, որը հաստատվել է նաեւ նշված փաստաթղթերում առկա ՀՀ պետական արբիտրաժի վճիռը կայացնելու մասին 29.12.98 թ. 0-199 որոշմամբ»։

«Պարզվել է նաեւ, որ Նոր Երզնկայի նախկին գյուղխորհրդի նախագահը (Ս. Փամբուխչյան) բացակայում է հանրապետությունից, ինչպես նաեւ «Նարգիզ» ՍՊԸ-ին տրված վարկը միջազգային ֆինանսական պայմանագրով չի տրամադրված»։ Այսինքն՝ քրեական հիմքեր տեսնելը դատարանի կողմից… չէր հիմնավորվում։ Ի դեպ, դատախազությունից էլ «թուղթ եկավ», որ քրեական գործը մերժվել է։

Փաստորեն, Շահումյանի շրջանի դատարանը հայտարարում է, թե 25 հազար դոլարանոց գույքը չի կարող «նստեցնել նրանց հաշվեկշռում 7 հազար դոլարի վրա» եւ որոշում է կայացնում, ըստ որի ապրանքագիտական փորձաքննություն է նշանակվում՝ Արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոն ուղարկելով (բողոքարկման մասին նշված չէր – Ռ.Մ.)։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչ եղավ. Արդարադատության նախարարությունից պատասխան է գալիս, որ «մասնագետ չունենալու պատճառով չեն կարող գնահատել»։ Այսինքն, փաստենք, որ չի կատարվում տվյալ դեպքում նաեւ դատարանի որոշումը։ Եվ երկրորդ. առանց դատական նիստի հետեւում է հաջորդ որոշումը. ապրանքագիտական փորձաքննության ուղարկել «Հայէքսպերտիզա» դուստր-ձեռնարկությանը։ Հետեւում է բացարկը։ Դատարանը «ճարը կտրած» գնահատման համար դիմում է քաղաքացիական շինարարության նախարարությանը։ Նրանք էլ Պիղատոսի նման ձեռքերը լվանում են։ Նորից է ուղարկվում… գնահատման, այս անգամ «Պաս» գործակալություն։ Վերջինս գնահատում է… 8300 դոլար (որոշումն, ի դեպ, պատասխանողին չի տրվել – Ռ.Մ.)։

Գործը չպատճառաբանված հիմքերով վերջապես հանգրվանում է տնտեսական հարցերով Վերաքննիչ դատարանում։ Հիշեցնենք, որ առկա է ԳԴ քաղ. գործերի դատական կոլեգիայի 1997 թ. օգոստոսի 15-ի որոշումը, որն ընդամենը պիտի կատարվեր։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930