Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕՐԵՐ ԱՌԱՆՑ «ՕՐԱԳՐԻ»

Հունիս 30,1999 00:00

ՕՐԵՐ ԱՌԱՆՑ «ՕՐԱԳՐԻ» Հույսեր ենք փայփայում, որ այսօր, ի թիվս այլ թերթերի, կտպագրվի նաեւ «Օրագիր» օրաթերթը։ Համենայնդեպս, երեկ՝ նախորդ օրերի նման, «Օրագրի» խմբագրակազմը նորմալ աշխատանքային վիճակում էր եւ պատրաստում էր թերթի հերթական համարը։ Բայց, ինչպես նշեց թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը, թերթը տպագրվելու արգելքի մասին իմանում են միայն գիշերը։ Պարոն Փաշինյանը տեղեկացրեց նաեւ, որ թերթի տպագրության համար գոյացած պարտքերի դիմաց «Տիգրան Մեծ» հրատարակչությունը իրավունք չունի դադարեցնել թերթի տպագրությունը։ Քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաձայն «Օրագիր» թերթի եւ «Տիգրան Մեծ» հրատարակչության միջեւ կնքված պայմանագրի՝ պարզապես պարտքի վրա տոկոսներ են ավելանում։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պահին «Օրագրի» վրա կալանք է դրված եւ արգելված է թերթին դրամական շարժ կատարել։ Հաշվեհամարի եւ դրամարկղի վրայից կալանքը հանելու դեպքում, Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, թերթը պատրաստ է մարել պարտքերը։ Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ պնդեց, թե «Տիգրան Մեծ» հրատարակչության տնօրեն Վրեժ Մարկոսյանը ոչ միայն նախորդ օրը, այլ նաեւ որոշակի ժամանակ առաջ խոստովանել է, որ թերթը չտպագրելը նախագահի աշխատակազմից ստացած հրահանգ է։ Այս ամենին Նիկոլ Փաշինյանն ավելացրեց, որ հունիսի 28-ին ՀՀ արդարադատության նախարարի հետ ունեցած հանդիպման ժամանակ նախարար Դավիթ Հարությունյանն իրեն (Ն. Փաշինյանին) առաջարկել է «Միկա Արմենիայի» հետ կնքել համաձայնագիր, որով կվավերացվի՝ թե միմյանց նկատմամբ պարտք ու պահանջ չունեն։ Ստացվում է, որ արդարադատության նախարարը հանդես է գալիս իբրեւ «Միկա Արմենիայի» ներկայացուցիչ։ Այս ամենին հավելենք, որ Ն. Փաշինյանին բերման ենթարկելու համար նախորդ օրը խմբագրություն են այցելել «Կենտրոն-Նորք-Մարաշ» ՆԳ բաժնի աշխատակիցները, դա այն դեպքում, երբ ըստ պրն Փաշինյանի, դատախազի ծանուցումը ստանալուց հետո ինքը գրավոր բացատրություն է ներկայացրել դատախազություն չներկայանալու համար։ Լ. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել