Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Քանի՞ անգամ հաղթեմ

Հունիս 30,1999 00:00
sd

Ընտրություններին հաջորդած մի քանի օրերի ընթացքում պատգամավորության բազմաթիվ թեկնածուներ հայտարարեցին Սահմանադրական դատարան դիմելու իրենց պատրաստակամության մասին։

Մինչդեռ պարզվեց, որ նրանց մի չնչին մասն է պատրաստ իրական քայլերի դիմել։ Ի վերջո, ՍԴ հանձնվեց 9 դիմում, որոնցից մեկն էլ հետ վերցվեց։ Քանի որ ընտրությունների վերաբերյալ հասարակական կարծիքը խիստ բացասաբար է տրամադրված, եւ յուրաքանչյուր ընտրված թեկնածուի մասին մենք պատրաստ ենք մտածել, որ նա ընտրվել է ընտրակաշառքների եւ ընտրակեղծիքների միջոցով, ապա ՍԴ յուրաքանչյուր վճիռ՝ անվավեր ճանաչելու այս կամ այն ընտրատարածքի ընտրությունների, օրինականության վերականգնման կամ գոնե փորձի տպավորություն է ստեղծում։ Մինչդեռ պարզվում է, որ կարող է ճիշտ հակառակը լինել, երբ դատարանի վճիռը կարող է ընտրողների բողոքի ալիք բարձրացնել։ Հունիսի 21-ին ՍԴ-ն անվավեր ճանաչեց Գյումրիի թիվ 63 ընտրատարածքի ընտրության արդյունքները, որտեղ չնայած կատարված բազմաթիվ խախտումներին, ԱԺ պատգամավոր էր ընտրվել Կոմունիստական կուսակցության անդամ Մարզպետունի Մարգարյանը։ Որպես տեղեկանք նշենք, որ Գյումրիում հաշվվում են մոտ 700 համոզված կոմունիստներ, որոնց հիմնական մասը երկաթուղայիններ են, որոնք բնակվում են թիվ 63 ընտրատարածքի մեջ մտնող Սեւյան փողոցի երկաթուղային դեպոյի հատվածում։

63 ընտրատարածքի 13 տեղամասերի արդյունքներով Մարզպետունի Մարգարյանը երկրորդ տեղում հայտնված Սամվել Բալասանյանին հաղթել էր 600 ձայնի առավելությամբ։ Ընտրությունների օրը Մարզպետունի Մարգարյանի նկատմամբ որեւէ բողոք չի արձանագրվել, ամեն ինչ անցել է խաղաղ եւ հանգիստ։ Հատկանշական է, որ «Գյումրիի» գարեջրի գործարանի տնօրեն Սամվել Բալասանյանի ազգականներն ու մտերիմները կազմում էին տեղամասային հանձնաժողովների առնվազն կեսը։ Գյումրիի ՄԸՀ-ը մարզի 7 ընտրատեղամասերի արդյունքները ամփոփել են հունիսի 4-ին եւ հայտարարել 7 հաղթող պատգամավորության թեկնածուներին։ Արձանագրության տակ ստորագրել են ՄԸՀ 10 անդամներ։ Մյուս հաղթող պատգամավորների նման, Մարզպետունի Մարգարյանը եւս հունիսի 4-ին գնում է ՄԸՀ՝ արձանագրության իր օրինակը ստանալու համար։ Սակայն նրան պատասխանում են, որ հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը մեկնել են Երեւան՝ ԿԸՀ նիստին մասնակցելու համար։

ՄԸՀ մուտքը հսկող ոստիկաններից մեկը, սակայն, զգուշացնում է, որ հիշյալ անձինք. նախագահ Սուրեն Ավետիսյանը (կառավարության ներկայացուցիչ) եւ քարտուղար Ջուլիետա Ավետիսյանը (ԱԻՄ-ի անդամ) թեկնածու Սամվել Բալասանյանի հետ փակված են ներսի սենյակներից մեկում։ Մարզպետունի Մարգարյանն իրեն ուղեկցող մի քանի դեպոյականների հետ առաջանում է, եւ այնքան է ծեծում փակ դուռը, մինչեւ այն բացվում է, եւ պարզվում է, որ իրոք այնտեղ են հիշյալ երեք անձինք։ Սամվել Բալասանյանը անմիջապես հեռանում է, իսկ Մարզպետունի Մարգարյանը պահանջում եւ ստանում է արձանագրության իր օրինակը։

Ըստ Մարզպետունի Մարգարյանի կողմնակիցների, այս հանդիպման ժամանակ էլ հանձնաժողովի նախագահը եւ քարտուղարը խորհուրդ են տալիս Սամվել Բալասանյանին՝ դիմել Սահմանադրական դատարան։ Սուրեն եւ Ջուլիետ Ավետիսյանները, ի վերջո, կատարեցին իրենց խոստումը ՍԴ-ում, հայտարարելով, որ ՄԸՀ-ը չի հաստատել Մարզպետունի Մարգարյանի թեկնածությունը։ Նրանք ՍԴ-ում բացատրություն տվեցին, որ ամփոփիչ արձանագրությունը ստորագրել են դեպոյականների ճնշման տակ։ ՍԴ-ն այն ժամանակ չբարեհաճեց ԿԸՀ-ից ներկայացուցիչ հրավիրել, այն դեպքում, երբ այնտեղ կար ՄԸՀ-ի 10 անդամների կողմից ստորագրված արձանագրությունը։ Այս ընտրատարածքի հետ կապված հետաքրքիր է նաեւ, որ ընտրական փաստաթղթերը, կնիքը, արձանագրությունները, քվեաթերթիկները ԿԸՀ են ուղարկվել սահմանված կարգից 10 օր ուշացումով, եւ այն էլ՝ ԿԸՀ-ի պահանջից հետո։ Հունիսի 22-ին Գյումրիում տեղի է ունեցել Մարզպետունի Մարգարյանի կողմնակիցների հանրահավաքը՝ ուղղված ՍԴ-ի ապօրինի որոշման դեմ։ Երկաթուղայինները վճռական են եղել հունիսի 24-ին գործադուլ սկսելու մեջ, սակայն դա կանխել է Մարզպետունի Մարգարյանը՝ խնդրելով առժամանակ զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից։

Երկաթուղայինները պատրաստվում են դատի տալ նաեւ հանձնաժողովի քարտուղար, աիմական Ջուլիետա Ավետիսյանին՝ կոլեկտիվին շանտաժի ենթարկելու եւ հերյուրանքներ տարածելու համար։ Մարզպետունի Մարգարյանը վճռական է՝ հուլիսի 11-ի ընտրությունների ժամանակ վերահաստատելու իր հաղթանակը, որն անվավեր էր ճանաչվել բարձր դատարանի կողմից։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Հ.Գ. Կոմկուսի առաջնորդ Սերգեյ Բադալյանը հրաժարվեց այս հարցով որեւէ պարզաբանում տալ, պատճառաբանելով, որ խիստ զբաղված է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930