Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿԵՐՏԵԼ

Հունիս 30,1999 00:00

ՅՈՒՐԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԵՐԵՎՈՒՅԹԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ Է ԿԵՐՏԵԼ Օրերս մամուլում մի ժլատ հաղորդագրություն հայտնվեց, որ աշխարհահռչակ ծանրամարտիկ Յուրի Վարդանյանը հարգանքի այցելություն է տվել Ազգային ժողովի նորընտիր նախագահ Կարեն Դեմիրճյանին։ Օգտվելով առիթից, որ նա այս օրերին Երեւանում է, հարցազրույցի հրավեր արեցինք, նախեւառաջ իմանալու, թե ինչով էր առհասարակ զբաղվում Յուրի Վարդանյանը Հայաստանից իր բացակայության տարիներին։ Պարզվեց, որ վերջին 8,5 տարիներին հայտնի ծանրորդն ապրել է ԱՄՆ-ում, յուրաքանչյուր տարի 3-5 անգամ այցելել Հայաստան, լիցքեր ստացել, որպեսզի, իր բառերով ասենք, հնարավոր լինի Միացյալ Նահանգներում ապրելը. «Իմ սիրած մարզաձեւից, եւ առհասարակ սպորտից, այնտեղ եւս չեմ հրաժարվել, եւ մտադիր էլ չեմ հրաժարվել։ Անհատական մարզիչ եմ»։ Յուրի Վարդանյանը մեր զրույցի շարունակության մեջ չժխտեց Հայաստանում ժամանակին շրջանառված այն լուրերը, թե ինքը Մոսկվայի եւ Լոս Անջելեսի միջեւ ավտոմեքենաների վաճառք է իրականացրել. «Եղել է նման բան։ ԱՄՆ-ում բնակվող յուրաքանչյուր ոք, ինչպես հիմա Հայաստանում է, իրավունք ունի զբաղվել բիզնեսով։ Եղել են դեպքեր, զանգահարել-խնդրել են՝ մեքենաներ ուղարկել եմ՝ այդպիսի գործարք արվել է»։ – Իսկ դուք հարո՞ւստ մարդ եք, պարոն Վարդանյան։ – Աղքատ չեմ, հաստատ, եւ ինձ ԱՄՆ-ում բավականին լավ եմ զգում։ Անձնապես որեւէ պրոբլեմ չունեմ։ Աշխարհահռչակ ծանրորդն ասաց նաեւ, թե հարստության մեր պատկերացումներով ամեն ինչք՝ սեփականություն, անշարժ գույք, կապիտալ, ընտիր մեքենա, բիզնես եւ այլն, ինքն, այո, ունի։ Կարեն Դեմիրճյանին այցելելու եւ անցյալ տարի նախագահական ընտրություններում էլ նրա թեկնածությունը պաշտպանելու վերաբերյալ էլ ասաց. «Նախեւառաջ նշեմ, որ ես իմ մարզական արշավը սկսել եմ այն ժամանակ, երբ Կարեն Դեմիրճյանը դարձավ մեր հանրապետության լիդերը։ Դա 1974 թվականն էր։ Այսինքն՝ մենք միասին ենք սկսել. ես՝ սպորտում, նա՝ քաղաքականության մեջ։ Անկախ նրանից, թե որտեղ է եղել Կարեն Դեմիրճյանը, միշտ էլ մեծ հարգանք եմ ունեցել նրա նկատմամբ։ Մեր մեջ կապ գոյություն է ունեցել մշտապես։ Այդպես էլ շարունակվելու է»։ Ի դեպ, ինչպես տեղեկացրեց Յուրի Վարդանյանը, իր եւ Կարեն Դեմիրճյանի շփումներն ամենօրյա բնույթ ունեն. «Այս անգամ, պարզապես, դա տեղի ունեցավ կաբինետում։ Տարիներ շարունակ ես Կարեն Դեմիրճյանին այդ նույն կաբինետն եմ այցելել։ Ինձ համար ուրախություն, երջանկություն էր նրան նորից իր աշխատասենյակում տեսնելը։ Ուրախություն է նաեւ Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի «Միասնությունը»։ Ես դրա մասին պարզապես երազում էի»։ Յուրի Վարդանյանն ասաց, որ ժողովրդի հետ իր շփումներում էլ զգում է ջերմությունը «Միասնություն» դաշինքի նկատմամբ. «Այդ ջերմությունն է, որ մեզ կարող է հաջողություն բերել։ Աստված չանի, եթե այս անգամ էլ մեր ժողովրդի հույսերը չարդարանան, չեմ պատկերացնում, թե ինչ կարող է լինել»։ – Բայց չէ որ, պարոն Վարդանյան, մյուս նշանավոր մարզիկները չկանգնեցին Կարեն Դեմիրճյանի կողքին։ Իսկ ձեր սերնդի մարզիկ, ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, ըստ մամուլի հրապարակումների, նույնիսկ ներգրավվեց ընտրախախտումների մեջ։ – Ես պիտի ճշմարիտ խոսք ասեմ՝ չեմ սիրում, որ մարդ հացը մի տեղ է ուտում, բայց, ինչպես հայտնի խոսքում է ասված, ձվերն այլ տեղ է ածում։ Յուրի Վարդանյանն ասաց նաեւ, որ Խորեն Հովհաննիսյանն իր լավագույն ընկերն է եղել, սակայն նկատի առնելով անցյալ տարվա նրա պահվածքը, հիմա «Խորեն Հովհաննիսյանն ինձ համար բարեւ-Աստծո բարիի ընկեր է մնացել միայն։ Առաջվա ջերմությունն այլեւս չկա»։ Յուրի Վարդանյանի վկայությամբ ինքը միշտ էլ դեմ է եղել «Արարատի» խաղերից մեկի ծախված լինելու առնչությամբ Խորեն Հովհաննիսյանի անվան շուրջ պտտված ասեկոսեներին, այն հիմքով, որ չէր կարող նման բան պատահել։ Մի քանի անգամ, Խորեն Հովհաննիսյանի հարցը դրականորեն լուծելու նպատակով, ինքը անձնական զրույցներ է ունեցել Կարեն Դեմիրճյանի հետ, ինչը տվել է իր պտուղները, եւ Դեմիրճյանը եւս օգնել է Հովհաննիսյանին. «Բայց, դե գիտեք, տարիների ընթացքում մարդ փոխվում է, իսկ ես փոփոխական մարդ չեմ ընդունում։ Ինչեւէ, ինձ համար Կարեն Դեմիրճյանը եղել է մեծություն եւ միշտ էլ մեծություն է լինելու՝ անկախ նրանից, պաշտոն կզբաղեցնի, թե՝ ոչ։ Դա ինձ համար որեւէ նշանակություն չունի»։ – Բա ասում են, որ դուք Հայաստան եք եկել Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ դառնալու համար։ – Այսօրվա Հայաստանում առկա են քաղաքական ճիշտ ընթացքներ, ուստի հիմա առավել մեծ է վերադառնալու ցանկությունը, որը միշտ է եղել։ Բայց ինչ դառնալ, ինչ պաշտոն ստանձնել, դա ես կարող եմ որոշել միայն առաջարկ ստանալուց հետո։ Ես շատ լավ եմ հասկանում, որ Յուրի Վարդանյանին կերտել է հայ ժողովուրդը։ Ես պարտք ունեմ մեր ժողովրդին։ 10-15 տարուց ես օգնելու այսօրվա հնարավորությունները չեմ ունենա՝ առաջին հերթին նկատի ունեմ մարզական հասարակությանը։ Այդ պատճառով է, հիմնականում, որ վերադառնալու ցանկություն ունեմ։ – Բա ձեր գույքն ու կապիտալը, պարոն Վարդանյան։ – Ինչպես այստեղից զրոյական վիճակում գնացել եմ Ամերիկա, ստեղծել եմ ամեն ինչ, այդպես էլ կթողնեմ՝ կվերադառնամ։ Ոչ մի բան մերը չէ, որ օտարության մեջ ունենք։ ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930