Ա. Ղուկասյանն այս միտքը քանիցս ընդգծել է հունիսի 29-ին ԼՂՀ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լրագրողների հետ ունեցած հանդիպման ընթացքում։ «Մեր հանրապետության կյանքում ամենակարեւոր հանդիպումներից մեկն է. ի՞նչ ճանապարհով ենք ընտրելու մեր ապագան»,- ԼՂՀ նախագահն այդ ներածականով սկսեց իր ելույթը եւ ապա նշեց, որ ժողովուրդը սկսել է չհավատալ իր իշխանություններին, կորցրել է հույսը վաղվա հանդեպ։ Նրա խոսքերով նախկին վարչապետ Ժ. Պողոսյանին ազատելու գլխավոր շարժառիթը հենց դա է եղել։ Պարզաբանեց, թե ինչու իր համար անընդունելի է Ժ. Պողոսյանի վարած քաղաքականությունը։ Նախեւառաջ նա անընդունելի համարեց կառավարության հարկային կոշտ քաղաքականությունը։ Արկադի Ղուկասյանը վկայակոչել է փաստեր, երբ Ժիրայր Պողոսյանը շրջանցելով գործող օրենսդրությունը՝ կառավարության որոշումներով ուղղակի եւ անուղղակի խոչընդոտներ է հարուցել տնտեսավարող սուբյեկտների առջեւ: ԼՂՀ նախագահը նշեց նաեւ, որ կառավարությունը տնտեսավարող սուբյեկտների համար հավասար պայմաններ չի ապահովել։
Ծանր իրավիճակ է ստեղծվել բնակչության անապահով խավերի համար. Արկադի Ղուկասյանի հավաստմամբ, հանրապետության 3 շրջաններում ապրիլից թոշակներ չեն վճարվել՝ նման բան չի եղել անգամ պատերազմական ամենածանր տարիներին։
Նա կեղծիք համարեց Ժ. Պողոսյանի խոսքերը, որն իրեն էր վերագրել Ղարաբաղին հասցեագրված մարդասիրական օգնության ամբողջ գործը. «Ես եմ ԱՄՆ-ում համոզել սենատորներին, կոնգրեսմեններին շարունակել մարդասիրական օգնությունը։ Այդ գործը ես եմ կազմակերպել»,- ընդգծեց նա։ Ժիրայր Պողոսյանին պաշտոնանկելու շարժառիթների շարքում ԼՂՀ նախագահը նշեց նաեւ նախկին վարչապետի բոնապարտիստական հակումները, քամահրական վերաբերմունքը մարդկանց նկատմամբ։ Ստեղծված ճգնաժամային իրավիճակի համար մեղադրեց ԱԺ պատգամավորներին, որոնք մեկ տարի առաջ մերժել էին ԼՂՀ նախագահի եւ վարչապետի պարտականությունները համատեղելու մասին իր իսկ ներկայացրած օրինագծերը։
«Եկել է վճռական որոշում ընդունելու պահը,- շարունակեց նախագահը,- պետք է նորմալ աշխատենք, պետական մեխանիզմներով։ Նախագահը պետք է լինի իր տեղում, ԱԺ-ն՝ իր, կառավարությունը՝ իր»։ Արկադի Ղուկասյանը նաեւ ընդգծեց, որ Ժիրայր Պողոսյանին պաշտոնից ազատելու որոշումն ավելի վաղ էր ընդունել՝ մինչ Երեւանում իր հանդիպումները։ Դրանց ժամանակ նա պարզապես իրազեկել է իր այդ եւ հետագա քայլերի մասին եւ ստացել Հայաստանի ղեկավարության միանշանակ համաձայնությունը։ Վերջում նա նախազգուշացրեց, որ այսուհետ եւս, միշտ գործի է դնելու իր լիազորությունները, քանզի ինքն է կարգուկանոնի, օրինականության երաշխավորը հանրապետությունում։ Վերջում տեղեկացրեց, որ պատրաստվում է քննարկել վարչապետի երկու թեկնածուների հարցը՝ չնշելով նրանց անունները։ Նաեւ ներկաներին կոչ արեց ըմբռնումով ընդունել նշանակման մասին իր որոշումը։
Կարդացեք նաև
«Առավոտի» թղթակից
ՌՈՒԶԱՆ ԻՇԽԱՆՅԱՆԻ
եւ «Ազատություն» ռ/կ-ի նյութերով