«Մի բուռ հայ ենք» շարքից
Բոլորովին այլ առիթով արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ զրույցի ժամանակ «Ազատություն» ռ/կ-ի թղթակցուհին հետաքրքրվեց Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատավոր Ռուբիկ Ներսիսյանի վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերով (այս դատավորն էր Աշոտ Բլեյանին կալանավորելու որոշում կայացրել)։ Հիշեցնենք, որ ըստ հրապարակումների, իշխանություններն այս դատավորի վրա «կոմպրոմատ» ունեն, որը շահարկելով կարող են օրինական դարձնել ցանկացած ապօրինություն։ Այն է, նրա հոր Ռաֆիկ Ներսիսյանի սեփականաշնորհած տպարանում չարտոնագրված գործունեություն են ծավալել՝ տպագրել են կեղծ ակցիզային դրոշմանիշեր։ Չնայած 6-րդ վարչությունը բացահայտել էր այդ գործը, բայց Ռաֆիկ Ներսիսյանն ազատության մեջ է։ «Նախ ասեմ, որ հայերս շատ հետաքրքիր ազգ ենք եւ ցանկացած երկու հայ առնվազն մեկ ընդհանուր բարեկամ ունի,- այդ պատմության հիշեցմանն այսպես արձագանքեց Դավիթ Հարությունյանը,- եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, հավատացեք, որ այդ նույն կոմպրոմատը կարելի է կապել ցանկացածի հետ էլ։ Ցանկացած մարդու բարեկամներից կամ մոտիկ ծանոթներից մեկը մութ անցյալ ունի եւ կարելի է ենթադրել, որ ամեն մեկս գտնվում է հսկողության տակ։ Վստահ եմ, որ ոչ մեկս էլ նման ճնշման տակ չենք։ Այնպես որ, չարժե դա այսպես միանշանակորեն կապել իրար հետ։ Չեմ էլ հետաքրքրվել, Ռուբիկ Ներսիսյանի հոր մասին հրապարակումները հիմնավորվա՞ծ տեղեկություններ են, թե՞ ոչ։ Քանի որ, ասենք, «Օրագիրն» այդ մասին գրել էր. «Տեսնենք, թե ինչ մութ էջեր կան Ռուբիկ Ներսիսյանի կենսագրության մեջ» եւ անդրադարձել էր նրա հորը… Միայն ժպիտ առաջացրեց»։
Նամակ առ պատգամավորները
ԱԺ նորընտիր պատգամավորներին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի աշխատախումբը հունիսի 14-ին դիմումներ է ուղղել, որոնց մեջ հիշեցրել են հանրապետությունում օրինականությունը վերահաստատելու պատրաստակամության վերաբերյալ իրենց նախընտրական խոստումները եւ թվարկել այն օրինախախտումները, որոնք թույլ են տրվել Աշոտ Բլեյանի նկատմամբ։ «Հետապնդվում է հանրապետությունում նմանը չունեցող կրթական համալիրը, որն առանձնանում է իր մանկավարժական հայեցակարգով, ամբողջական ծրագրերով, դասագրքերով, մեթոդական ձեռնարկներով։ Համալիրի բոլոր շենքերը խնամված, նորոգված, տանիքապատված, ծառ ու ծաղիկով շրջապատված են։ Շա՞տ կան հանրապետությունում այդպիսի հոգատարությամբ ստեղծված ու պահպանվող պետական ձեռնարկություններ, առավել եւս՝ դպրոցներ։ Պարգեւատրվել ու խրախուսվե՞լ է դրա հեղինակը։ Արժեքավորելու եւ զարգացնելու փոխարեն այսօր անվանարկվում է ստեղծվածը, իսկ ստեղծողը կալանավորված է»,- նաեւ նշված է դիմումի մեջ։
Կարդացեք նաև
Նամակներ առ գլխավոր դատախազը
Երեւանի հանրակրթական դպրոցների 50-ից ավելի տնօրեններ են ստորագրել գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղղված միջնորդության տակ։ «Շրջանցելով նրա նկատմամբ հարուցված մեղադրանքի հիմնավորվածության հարցը, գտնում ենք, որ մեր նորաստեղծ պետության կառավարության նախկին անդամը, կուսակցության նախագահը, դպրոցի տնօրենը կարող է ազատության մեջ մնալով մասնակցել նախաքննությանը»,- գրել են նրանք, խնդրելով փոխել Աշոտ Բլեյանի խափանման միջոցը։
Նույն՝ կալանքը վերանայելու միջնորդությամբ գլխավոր դատախազին են դիմել նաեւ շուրջ 20 արվեստագետներ. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը համարում ենք արժեք, որը հարկավոր է պահպանել։ Այս կրթահամալիրը բազում տաղանդավոր արվեստագետների գործունեության համար պայմաններ ու նոր մտքի ձեւավորման համար նպաստավոր միջավայր է ստեղծել։ Մենք անընդունելի ենք համարում Աշոտ Բլեյան քաղաքական գործչի, մանկավարժի կալանավորման փաստը»։
Բլեյանի մերձավորներն «Առավոտին» հայտնեցին, որ գլխավոր դատախազը չի արձագանքել այս միջնորդություններից եւ ոչ մեկին։ Բայց որքան տեղյակ ենք, այս դիմումներն ուղղակի ճիշտ հասցեատիրոջը չեն ուղղվել։ Ցանկության դեպքում իսկ Աղվան Հովսեփյանն այլեւս չէր կարող ոչ Աշոտ Բլեյանի, ոչ էլ որեւէ մեկի խափանման միջոցը փոխել՝ սա այլեւս դատավորների իրավասությունն է։
Պատրաստեց
ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ