Լրահոս
Օրվա լրահոսը

Սիմուլյացիա՞, թե՞ հոգեկան հիվանդություն

Հունիս 30,1999 00:00
Armen Ter-Sahakyan

Արմեն Տեր-Սահակյանի եւ նրա խմբի անդամների նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը հետաքրքիր փուլ է թեւակոխել:

Խմբի որոշ անդամներ իրենց տված ցուցմունքները հետ են վերցնում, իսկ անձամբ Արմեն Տեր-Սահակյանը դատարանում տարօրինակ պահվածք է դրսեւորում։ Նրա անառողջ հոգեկան դրսեւորումները դատական նիստերի ընթացքը չեն խաթարում։ Սա ենթադրել է տալիս, թե Տեր-Սահակյանի անմիտ արտահայտությունները չհաջողված խաղ են։ Թեեւ չի բացառվում նաեւ, որ նրա հետ մինչ դատական նիստը «աշխատում» են, եւ նա հոգեկան խանգարում է ձեռք բերել։ Թե նման դեպքերում օրենքն ինչ է նախատեսում, ճշտեցինք արդարադատության նախարարության վերահսկողության ծառայության առաջատար խորհրդատու, «Դրոյի» գործով Արծրունու փաստաբան Վահագն Ավագյանի հետ։

«Այդ հարցը կարգավորվում է Քրեական օրենսգրքով եւ Քրեական դատավարության օրենսգրքով։ Ամեն դեպքում մեղադրյալի հոգեկան վիճակի, մեղսունակության կամ անմեղսունակության համար անհրաժեշտ է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն։ Դա կարող է արվել դատարանի, փաստաբանի նախաձեռնությամբ, եթե, իհարկե, մեղադրյալի վարքագիծը նման հիմքեր է տալիս։ Ըստ Քրեական դատավարության օրենսգրքի 361 հոդվածի՝ եթե դատարանը քննության ընթացքում կասկած ունի ամբաստանյալի կողմից իր գործողություններին հաշիվ տալու կամ դրանք ղեկավարելու վերաբերյալ, դատարանն իր նախաձեռնությամբ կարող է նշանակել դատահոգեբուժական փորձաքննություն։ Եթե դրա եզրակացությունը հաստատի, թե ամբաստանյալը հանցագործություն կատարելուց հետո հիվանդացել է այնպիսի հոգեկան հիվանդությամբ, որը զրկել է նրան իր գործողությունները ղեկավարելու կամ դրանց հաշիվ տալու ունակությունից, ապա դատահոգեբուժական եզրակացությունը հիմք ընդունելով՝ դատարանը պարտավոր է դատավճիռ կայացնելիս ամբաստանյալի մեղսունակության հարցը քննարկել եւս մեկ անգամ։ Գտնելով, որ ամբաստանյալը հանցագործությունը կատարելուց հետո հիվանդացել է հոգեկան հիվանդությամբ, դատարանն ընդունում է որոշում, որը կարգավորվում է Քրեական օրենսգրքի համապատասխան նորմով։ Մասնավորապես՝ հոդված 53-ով՝ հոգեկան հիվանդների նկատմամբ բժշկական բնույթի հարկադրական միջոցների կիրառման վերաբերյալ։ Այնտեղ նշված է, որ այն անձանց վերաբերյալ, ովքեր հանրորեն վտանգավոր արարքներ են կատարել անմեղսունակության կամ մեղսունակության վիճակում, բայց մինչեւ դատավճռի արձակումը, կամ պատիժը կրելու ժամանակ հիվանդացել են հոգեկան հիվանդությամբ, դատարանը կարող է կիրառել առողջապահական մարմինների կողմից իրականացվող բժշկական բնույթի հարկադրական միջոցներ։ (…) Ամբաստանյալի առողջանալուց հետո դատարանը կարող է պատիժ կիրառել, եթե չեն անցել վաղեմության ժամկետները կամ քրեական պատասխանատվությունից նրան ազատելու այլ հիմքեր չկան։ Հոգեկան հիվանդի նկատմամբ դատավճիռ կայացնել չի կարելի։ Նրա նկատմամբ դատարանի կողմից նշանակվում են բժշկական բնույթի հարկադրական միջոցներ, եւ հիվանդը տեղավորվում է ոչ թե բանտում, այլ հոգեբուժարանում»։

Կոնկրետ Տեր-Սահակյանի առումով դատարանում նրա գործողություններին ո՛չ դատարանի, ո՛չ փաստաբանների կողմից միջնորդություն չի եղել՝ դատահոգեբուժական փորձաքննություն անցկացնելու։ «Ուրեմն դատահոգեբուժական փորձաքննության անհրաժեշտություն առայժմ չի առաջացել։ Ի դեպ, փորձաքննություն անցկացնելու մասին միջնորդություն կարող է ներկայացնել անգամ մեղադրյալը։ Ամբաստանյալը կարող է տառապել այնպիսի հոգեկան հիվանդությամբ, որը նրան պատասխանատվությունից չի զրկում։ Առանձին դեպքերում նման պահվածքը կարող է կրել սիմուլյացիայի բնույթ։ Անձի հոգեկան վիճակն ամբողջությամբ պետք է առաջ բերի փորձաքննության նշանակման անհրաժեշտություն»։

Դատարանն առայժմ Տեր-Սահակյանի պահվածքը լուրջ չի ընդունում։ Սակայն հասարակությունը սպասում է համարժեք քայլի կամ կոնկրետ հայտարարության։

Ի վերջո, ի՞նչ է կատարվում։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930