Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԹԱՂԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻ ԸՆՉԱԶՈՒՐԿ ՀԱՎԱԿՆՈՐԴՆԵՐԸ

Հունիս 30,1999 00:00
Toto

Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովը երեկ գրանցեց քաղաքի չորս համայնքներում թաղապետի թափուր տեղերի համար արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած թեկնածուներին։

Թե ինչո՞ւ էին այս չորս համայնքները՝ Դավիթաշեն, Նորք-Մարաշ, Մալաթիա-Սեբաստիա, Աջափնյակ, մնացել անթաղապետ, վաղուց հայտնի է։ Վերոհիշյալ համայնքների թաղապետերը հալումաշ էին լինում ԱԺ պատգամավոր դառնալու անզուսպ ցանկությունից։ Նրանք հասան իրենց մուրազին, ու համայնքները մնացին անտեր։ Ինչպես որ կարգն է, նրանց փոխարինելու եկան պաշտոնակատարները։ Հուլիսի 11-ին կանցկացվեն թաղապետերի ընտրություններ։ Առաջին երեք համայնքներում (Դավիթաշեն, Նորք-Մարաշ եւ Մալաթիա-Սեբաստիա) մեկական թեկնածու է առաջադրված։ Բոլոր թեկնածուներն անխտիր հանրապետական կուսակցության անդամ են եւ անխտիր՝ թաղապետի պաշտոնակատար։ Դավիթաշենում առաջադրվել է Սուրիկ Ղուկասյանը, որը նախկին թաղապետի՝ Ռուբեն Գեւորգյանի, աջ թեւն էր (եւ շարունակում է այդպիսին մնալ)։ Նորք-Մարաշ համայնքից առաջադրվել է Վարազդատ Մկրտչյանը՝ նախկին թաղապետ Արմենակ Արմենակյանի աջ թեւն ու պաշտոնակատարը։ Մալաթիա-Սեբաստիա համայնքում թաղապետի թեկնածու է առաջադրվել Աղվան Գրիգորյանը, որն էլ, համապատասխանաբար, նախկին թաղապետ Վահան Զատիկյանի մարդն է («աջ թեւը» իմաստով)։ Այս թաղամասերում մեկ գործողությամբ հավասարում է։ Այլընտրանք չկա։ Ըստ տխրահռչակ Ընտրական օրենսգրքի, եթե թեկնածուն նույնիսկ 2 ձայն հավաքի, այսինքն՝ եթե միայն սեփական կնոջ եւ զավակի ձայնն ունենա, ապա թաղը նրա բռան մեջ է։ Իսկ սա նշանակում է, որ նախկին թաղապետերը, որոնք պատգամավոր դառնալու պատրվակով վայր էին դրել իրենց պարտականությունները, կշարունակեն տիրություն անել թաղին, քանի որ իրենց «պոստը» թողնում են իրենց մարդկանց։

Դրությունը մի քիչ այլ է Աջափնյակ թաղամասում։ Այստեղ նախկին թաղապետ Պարույր Կարապետյանի պատգամավոր դառնալուց հետո թաղի հեղինակություններն անասելի աշխուժացան։ Ակնհայտորեն, նախկին թաղապետը չէր հասցրել իր գահակալության ընթացքում թաղը բռան մեջ հավաքել։ Արդյունքում՝ Աջափնյակ թաղամասում թաղապետի թափուր աթոռին միանգամից հինգ հավակնորդ կա։ Աշոտ Աղաբաբյան, Արծրուն Խաչատրյան, Աշոտ Միքայելյան, Մելիք Վարդանյան եւ Կամո Գրիգորյան։ Այս օրիգինալ ցուցակը կարիք ունի մանրազնին ուսումնասիրության։ Արծրուն Խաչատրյանն ակնհայտորեն նախկին թաղապետի «մարդն» է։ Բայց, հավանաբար, այնքան ուժեղ չեն նախկինի դիրքերը, որ համարձակվել են նրա դեմ ելնել միանգամից չորս մարդ։ Այս թաղամասում աչքի է զարնում մեկ առանձնահատկություն եւս. սա խիստ խայտաբղետ կուսակցական պատկանելություն ունեցող թաղ է։ Աշոտ Աղաբաբյանը ներկայացնում է ՀՀԿ-ն, Արծրուն Խաչատրյանն անկուսակցական է, Աշոտ Միքայելյանը՝ ԱԺՄ-ական, Մելիք Վարդանյանը՝ ՀԿԿ-ից, Կամո Գրիգորյանը՝ ԻՄ-ից։

Թեպետ Ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր ունի եւ, ըստ որոշ մասնագետների, բանի պետք չի, բայց եղածն առայժմ սա է։ Ըստ օրենսգրքի 123 եւ 106 հոդվածների, թաղապետերի թեկնածուները եւս պարտավոր են հայտարարագիր ներկայացնել իրենց ունեցած սեփականության մասին։ Թեկնածուները հայտարարագիր ներկայացրել են։ Իսկական թատրոն։ Ո՞ւմ ասես, որ հավատա, թե Աշոտ Աղաբաբյանը (հայտնի է նաեւ՝ Բուռնաշ մականունով) ոչ ավտոմեքենա ունի, ոչ տուն, ոչ հողամաս։ Խեղճը նույնիսկ խրճիթ չունի, նույնիսկ մի քնձռոտ «Զապ» չունի եւ հերիք չի՝ չունի, դեռ ոչ մի տեղ էլ չի աշխատում։ (Իսկ ընտանիքի եկամուտը 10 միլիոն 90 հազար դրամ է՝ տարեկան)։ Հանուն ճշմարտության ասենք, որ, այնուամենայնիվ, նշվել է, որ Աշոտ Աղաբաբյանը «Հրազդան» մարզահամալիր ՓԲԸ-ի խորհրդի նախագահն է։

Երեւի պրն Աղաբաբյանը որոշել է թաղապետ դառնալ՝ գործազուրկի կարգավիճակից դուրս գալու նպատակով։ Այս թաղամասում թեկնածու է առաջադրվել մեկ այլ գործազուրկ եւս՝ ՀԿԿ-ի ներկայացուցիչ Մելիք Վարդանյանը։ Նա էլ ոչ հողամաս ունի, ոչ տուն, ոչ էլ ավտոմեքենա։ Մեկը հարցնի՝ «դատարկ ջեբով» ո՞ւր եք գնում, պարոնա՛յք։ Հաջորդ թեկնածուն՝ Արծրուն Խաչատրյանը, նույն ինքը՝ թաղապետի պաշտոնակատարը ցայսօր, մի քիչ ազնվություն է ունեցել եւ հայտարարագրում նշել է, թե ունի սեփական տուն, «ԳԱԶ-24» մակնիշի ավտոմեքենա։ Այսպես է վարվել նաեւ ԱԺՄ-ական թեկնածու Աշոտ Միքայելյանը, որն ունի այգեգործական հողամաս «Տիգրանակերտ» ընկերությունում, ինչպես նաեւ «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենա։ Սրա փոխարեն բացարձակապես ոչինչ չունի ԻՄ ներկայացուցիչ, թեկնածու Կամո Գրիգորյանը, որն աշխատում է թաղապետարանի սոցիալ- տնտեսական ծրագրերի բաժնում որպես գլխավոր մասնագետ։

«Առավոտը» ենթադրում է, որ Աշոտ Աղաբաբյանը, Կամո Գրիգորյանը, Մելիք Վարդանյանը, որոնք հայտարարագրում ներկայացված են որպես վերջին աղքատ, չափազանց շատ են վստահում զոքանչին, աներձագին, քենուն կամ այլ հեռու-մոտիկ ազգականների։ Դա հին հայկական խորհրդային սովորություն է՝ ունեցած-չունեցածդ գրիր ուրիշների անունով ու գիշերը հանգիստ քնիր։

Մյուս համայնքների թաղապետերի թեկնածուներին չնեղացնելով, պատմության համար, արձանագրենք, որ դավթաշենցի Սուրիկ Ղուկասյանը սեփական տուն եւ ավտոմեքենա չունի, ունեցածը 400 քմ հողամաս է։ Նորք-մարաշցի Վարազդատ Մկրտչյանը տուն ունի, տնամերձ ունի, ավտոմեքենա՝ նույնպես։ Ա՛յ, սա թեկնածո՜ւ է. համարձակորեն ներկայացրել է ունեցած-չունեցածը։ Հանրությունից ոչինչ չի թաքցրել նաեւ Մալաթիա-սեբաստացի Աղվան Գրիգորյանը։ Մարդը սեփական առանձնատուն ունի (նույնիսկ հասցեն է գրել), երեք հատ էլ՝ տարբեր մակնիշի ավտոմեքենա։

Ենթադրությունը հետեւյալն է՝ նրանք, ովքեր սեփականության մասին հայտարարագրում մեկ առ մեկ նշել են իրենց ունեցածը, կամ զոքանչ ու քենի չունեն, կամ էլ՝ նրանց դեմ խաղ չկա։ Հասկանալի է, որ նշված ունեցվածքը նրանց հնարավորությունների վերջին սահմանը չէ։

Թաղապետ դառնալու փափագ ունեցող մյուս «ընչազուրկները» հավանաբար հարեւանից պարտք վերցրած փողով են մուծել անհրաժեշտ 100 հազար դրամը եւ, եթե թաղապետ չդառնան, սովից կմեռնեն։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930