Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱՎԻԵՐՆ ՈՒ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ

Հունիս 30,1999 00:00
Vahe Gabrielyan

Լոլիկն ու խաղողը վաճառվեցին

ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վահե Գաբրիելյանը երեկ (թեեւ զգալի ուշացումով) լրագրողներին ներկայացրեց հանրապետության նախագահի լյուքսեմբուրգյան այցելության նախապատմությունն ու արդյունքները։

Քանի որ այցն արդեն հնարավորինս լուսաբանված է (ընդ որում՝ նույնքան ընդհանուր ֆրազներով, որքան պրն Գաբրիելյանինն էին), ուստի բրիֆինգի առաջին հատվածը չենք ներկայացնում։ Պարզապես նշենք, որ հատկապե՛ս կարեւոր էր Քոչարյան-Սոլանա հանդիպումը. ի վերջո,պրն Սոլանայից մեր նախագահը հարցրել ու իմացել է Բալկաններում տիրող իրավիճակի մանրամասները։ Սոլանան էլ վաղուց մի հարց ուներ տալու մեր նախագահին եւ հարմար առիթը բաց չի թողել ճշտելու, թե ինչ իրադրություն է Ղարաբաղի հարցի կարգավորման շուրջ։

Ենթադրում ենք, որ Խավիեր Սոլանայի սույն հարցն ավելի շատ հռետորական էր. լրագրողներից մեկի հարցին, թե հնարավո՞ր է Ադրբեջանի տարածքում ՆԱՏՕ-ի զորքերի տեղակայում, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտել է ՆԱՏՕ-ի բարեկամական վերաբերմունքը անդամ պետությունների հանդեպ։ Իսկ Ղարաբաղի հարցի կարգավորումը համարել է ԵԱՀԿ շրջանակներում լուծվելիք խնդիր։ Տարածաշրջանում այլ երկրների ռազմակայանների կամ զորքերի տեղակայման վերաբերյալ ՀՀ նախագահը «Միլիեթ» օրաթերթին պարզաբանել է, թե արդեն եղած ուժերի որոշակի հավասարակշռության խախտումը ցանկալի չէ։

Շվեյցարիայի Դավոս քաղաքում տեղի ունենալիք տնտեսական համաշխարհային ֆորումին պրն Քոչարյանը պատրաստվում է մասնակցել։ Ընդ որում էկոնոմիկայի նախարար Արմեն Դարբինյանն էլ այդ ֆորումում իր լուման կունենա։ Դժվար է կռահել, Շվեյցարիայում մեր նախագահը կհամատեղի՞ հաճելին եւ օգտակարը եւ կհանգստանա՞, սակայն պաշտոնական արձակուրդի թեմայով նա անգամ պրն Գաբրիելյանի հետ չի զրուցել։

«Առավոտի» այն հրապարակման առիթով, թե ԼՂՀ նախագահի առանձնասենյակում լսող սարք է հայտնաբերվել, ՀՀ նախագահն իր խոսնակի շուրթերով այն «ամոթալի» է համարում եւ գտնում, որ «դրա մեղավորները պետք է պատժվեն»։ Անկախ այն բանից, թե այդ սարքն ինչեր է լսել, «ՀՀ նախագահն ու ՀՀ իշխանությունները կանգնած են ԼՂՀ ժողովրդի կողմից օրինականորեն ընտրված նախագահի թիկունքին եւ սատարում են նրան»։

Լրագրողներից մեկը փորձեց ճշտել ՀՀ նախագահի վերաբերմունքը. այդ ինչպե՞ս է եղել, որ կառավարության մամուլի եւ հասարակայնության կապերի վարչության պետ է նշանակվել ՀՀՇ-ական, Վանո Սիրադեղյանի աջ թեւ (и наканец красавец -Լ. Ա.) Տիգրան Հակոբյանը։ Եվ գուցե թե սրան հետեւի Վանո Սիրադեղյանի՞ն քաղաքապետ նշանակելը։ Բայց նախագահի վերաբերմունքը հայտնի չէր։ Թեեւ բրիֆինգից հետո պրն Հակոբյանին նախագահի նստավայրում եւ բավական լավ տրամադրությամբ տեսնելուց հետո, գոնե ինձ համար, պարզ դարձավ նախագահի վերաբերմունքը։ Իսկ պրն Գաբրիելյանը Տիգրան Հակոբյանի պրոֆեսիոնալ ունակությունները մեջտեղ բերեց՝ նշելով, որ նման դեպքում կուսակցական պատկանելությունը խնդիր չէ։

Ինչ վերաբերում է Երեւանի քաղաքապետի նշանակման ձգձգմանը, ապա նա շատ կարճ ժամանակում կնշանակվի, «պարզապես թեկնածուների միջեւ ընտրության հարց կա»։

Վարչապետի այն միտքը, թե հնարավոր է պետական լրատվամիջոցների ղեկավարների փոփոխություն, լրագրողների հետաքրքրասիրությունը շարժել էր։ Սակայն խոսնակը խորհուրդ տվեց նայել, թե քանի պետական լրատվամիջոց է մնացել, ապա ընթերցել նաեւ նրանց կանոնադրությունը։

Պրն Գաբրիելյանը՝ հավատարիմ նախագահի ձեռքբերումները թվարկելու իր բարի կամքին, բավական երկար խոսեց կապիտալ շինարարության հանդեպ նրա սիրո, այդ բնագավառում նկատված առաջընթացի, նախագահի հետեւողական բնավորության, գյուղատնտեսական բնագավառում եւս գրանցված աճի մասին։ Մասնավորապես «Խաղող, լոլիկ եւ այլն, եւ այլն, ամեն դեպքում գնվեցին եւ վերամշակվեցին»,- ասաց պրն Գաբրիելյանը՝ շեշտելով, որ դա ո՛չ միայն բնակլիմայական պայմանների շնորհիվ էր։ Ահա այսպես, «իր լիազորությունների եւ կարողությունների» շրջանակում Վահե Գաբրիելյանը սպառիչ եւ ամբողջական պատասխանեց լրագրողների հարցերին։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930