Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԿԱՍՅԱ ԱԲԳԱՐՅԱՆ. «ԻՆՁ ՀԱՄԱՐ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔՆԵՐ ՉԿԱՆ»

Հունիս 29,1999 00:00
Kasya Abgaryan

Հանրապետության նախագահի խորհրդական Կասյա Աբգարյանի եւ Ռոբերտ Քոչարյանի համատեղ աշխատանքը 1996-ից է սկսել։

Մասնագիտությամբ իրավաբան-քաղաքագետ, լիբանանյան ծագումով ամերիկաբնակ հայուհին այդ ժամանակ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հատուկ օգնականն էր եւ ԼՂ Հանրապետության նախագահի ԱՄՆ այցելության ընթացքում ստանձնեց ուղեկցող-թարգմանչի դերը։

Մինչ այդ, Կասյա Աբգարյանն արդեն հասցրել էր լինել Հայաստանում։ 1992-ին ԱՄՆ-ի Հայկական համագումարի տնօրենն էր եւ, երբ որպես ամերիկյան կազմակերպության ներկայացուցիչ Հայաստան եկավ, պաշտոնական շրջանակներում կարծես թե նորմալ ընդունեցին նրան։ Այդ տարիներին արտասահմանյան բազմաթիվ կազմակերպությունների ներկայացուցիչներ էին գալիս Հայաստան, եւ Կասյա Աբգարյանի այցը իբրեւ այդպիսի հերթական այց, սովորական էր։ Սակայն, երբ հերթը հասավ նրա հետ գործ ունենալուն, վստահության հարցում մի փոքր վերապահում առաջացավ. կառավարության ներկայացուցիչները, իշխանավորները գործ ունեին մեկի հետ, որը, հերիք չէ, երիտասարդ էր, նաեւ՝ կին էր… Բայց ամեն ինչ կարծես թե փոխվեց, չնայած տիկին Աբգարյանն անկեղծորեն խոստովանում է, որ այսօր էլ մի փոքր տարակուսանք եւ կասկածամտություն է զգում իր, իր գործի, իր Հայաստան գալու հանդեպ։ Իսկ ամուսնու, երեխայի հետ Միացյալ Նահանգներից Հայաստան գալու եւ այստեղ աշխատելու (այն էլ՝ պետական համակարգում) պատճառը մեկն է. «Հայ ենք։ Եթե Հայաստանը մի 30 տարի առաջ անկախացած լիներ, հավանաբար ես էլ այստեղ մեծացած կլինեի»։ Իսկ եկել է անցյալ տարի՝ կամավոր աջակցելու Ռոբերտ Քոչարյանի նախընտրական արշավին (ընտրարշավ անցկացնելու փորձ ունի ամերիկյան «Democrats 2000» կազմակերպության տնօրեն աշխատելու ժամանակվանից), այսօր նախագահի խորհրդականն է։

-Պաշտոնական, գործնական, նոր ծանոթության շրջանակներում մարդիկ հաճախ են իրենց դեմքին հարցական արտահայտություն տալիս՝ թե ինչու եմ եկել, շահս ո՞րն է։ Շահ ունեմ, այո, բայց ֆինանսական չէ, ուստի ոչ ոք չի ընդունում, որ բացի այդ, այլ շահ կարող եմ ունենալ։ Բայց այդ կասկածներն ինձ շատ քիչ են հետաքրքրում, ես ուրախ եմ, որ երեխաս հայ է մեծանում, հայերեն խոսողներով եմ շրջապատված. կյանքում երբեք այնպիսի տեղ չեմ եղել, ուր բոլորը հայերեն խոսեն։

-Խորհրդականի ձեր դերը ո՞րն է, խորհրդականի ինստիտուտը ենթադրում է, որ խորհուրդնե՞ր եք տալիս։

-Խորհրդական լինել չի նշանակում՝ խորհուրդ տվող։ Որպեսզի խորհուրդ տաս, պետք է այդ խորհուրդը լսող եւ ընդունող լինի… Սկզբից իմ գործն այստեղ հասարակության հետ տարվող աշխատանքն էր, սակայն հաճախ հարկ է լինում ստանձնել նաեւ այլ հարցերով զբաղվելու պատասխանատվություն։ Իսկ ընդհանրապես, աշխատում եմ ե՛ւ դրսում, ե՛ւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների հետ, ձեւավորում եմ Հայաստանի իմիջը, որը նաեւ նախագահի իմիջն է։ Մեր երկրում ներդրումներ կատարելու, ծրագրեր իրականացնելու ցանկություն ունեցող միջազգային կազմակերպությունները գալիս են Հայաստան, բախվում են բյուրոկրատական քաշքշուկի, չգիտեն ինչ ուղղությամբ իրականացնեն իրենց ծրագրերը։ Փորձում ենք ստեղծել մի համակարգ, մշակել մի դաշտ, որում ամեն ինչ հստակ լինի դրսի համար։ Այդ դեպքում միջազգային կազմակերպություններն իրենք առաջինը մեզ կդիմեն եւ կդիմեն ոչ միայն պրոբլեմ առաջանալու ժամանակ։

Եթե Հայաստանի մասին դրսում ոչ մի ինֆորմացիա չէր տարածվում, դա ուրիշ խնդիր էր։ Մտահոգիչն այն է, որ տարածվող ինֆորմացիան էլ ամենավատն է լինում։ Դա պետք է ջարդել։ Եվ դրա համար չենք սպասում, որ նախագահը գնա տարբեր երկրներ, իրեն այնտեղ հարց տան այդ մասին, նա էլ հերքի, թե այդպես չէ։ Այդ դաշտը պետք է անընդհատ մշակվի, մշտական աշխատանք է անհրաժեշտ. բրոշյուրներ ենք կազմում, Հայաստանի քաղաքականության, իրականացվող ծրագրերի, բարեփոխումների մասին գրքեր տպագրում… Վրաստանը մեզնից շատ առաջ չի գնացել, սակայն դրսում մեծ իմիջ ունի, կարծիք կա, թե այդ երկիրը շատ առաջ է գնացել, մեծ բարեփոխումներ է անում։

-Մի առիթով ասել եք, որ ձեր ամբողջ օրն աշխատանքից եւ երեխայից է բաղկացած։ Իրո՞ք այդպես է։

-Միանգամայն։ Առավոտս երեխայով եմ սկսում, հետո՝ 8-10-ժամյա աշխատանք, վերադառնում եմ, կրկին՝ երեխա։

-Դուք ձեզ գործնակա՞ն, թե՞ ռոմանտիկ կին եք համարում։

-Գուցե սփյուռքահայ, ամերիկացի ընկերներիս, ծնողներիս համար մի քիչ ռոմանտիկ եմ, որովհետեւ նրանց համար մինչեւ հիմա էլ հասկանալի չէ, թե ինչու եմ եկել Հայաստան։ Շատ էլ չեմ փորձում բացատրել… Եկել եւ ուզում եմ աշխատել, չնայած միշտ չէ, որ հաջողվում է գործել՝ մթնոլորտը, ավանդույթները բոլորովին այլն են։

-Դա հաճա՞խ է նյարդայնացնում։

-Սկզբից նյարդայնացնում էր, հետո սովորեցի, ես՝ աշխատանքին, միջավայրին, միջավայրը՝ ինձ։ Ընդհանրապես ես անհամբեր եմ, միշտ արդյունքի հետեւից եմ վազում եւ, երբ տեսա, որ շատ արագ արդյունքների չհասա, հասկացա, որ պետք է շատ խորը շունչ քաշեմ եւ ամեն ինչին մոտենամ շատ ավելի հանգիստ, համբերատարորեն։ Ամուսինս էլ սկզբնական շրջանում շատ էր նյարդայնանում, ճիշտ է, հայ է, բայց հայերեն չգիտեր (Կասյա Աբգարյանի ամուսինը Հայաստանում սեփական ընկերություն է գրանցել եւ զբաղվում է դրսից օտարերկրյա ներդրումներ բերելով), ու երբեմն հիասթափության էինք հասնում, եւ այդ պահին մեզ փրկում էր այն, որ մեր կամքով ենք եկել, մեծ համոզմունքով։ Այն, որ շրջապատը մեզ չէր հասկանում, մենք՝ շրջապատին, հետաքրքիր փորձաշրջան էր մեզ համար։ ԱՄՆ-ում այսպիսի դժվարություններ, իհարկե, չէինք ունենա, այնտեղ ավելի հանգիստ կապրեինք, բայց՝ շատ ավելի տափակ ու անհետաքրքիր…

-Հայաստանում սիրած վայր ունե՞ք։

-Ամուսնուս հետ վերջերս Սաղմոսավանքը «հայտնաբերեցինք» մեզ համար՝ հիացած ենք։ Իսկ Երեւանում Ծիծեռնակաբերդն եմ սիրում, մեծ իմաստ ունի։

-Ո՞ր միջավայրում եք դիսկոմֆորտ զգում։

-Հայաստանում ինձ համար մի բան շատ է մտահոգում, որի դեմ պայքարում եմ՝ դա համատարած «չի կարելի»-ն է։ Ինձ դա նյարդայնացնում է, միշտ ասում եմ՝ երեխայիս մի՛ ասեք՝ չի կարելի։ Եթե պետք չէ, որ նա, ասենք, ձեռք տա տաքին, ասեք՝ տաք է, մատդ կայրի, կցավա, բայց մի ասեք՝ չի կարելի։ Բայց այ, որ ինձ են արդեն ասում՝ չի կարելի՝ ուղղակի զայրանում եմ։ Բոլոր պարագաներում։ Ասենք՝ մեքենաս մի տեղ կանգնեցնում եմ, ասում են՝ չի կարելի, ասում եմ՝ ինչո՞ւ, ասում են, դե, սա մեր ղեկավարի մեքենայի տեղն է։

-Այսինքն, չգրված օրենքները ձեր կյանքում դեր չունե՞ն։

-Ինձ համար չգրված օրենք չկա, եթե չգրված է, ուրեմն օրենք չէ։

Հարցազրույցը վարեց՝

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930