Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԻ ԿՈՍՈՎՈՅԻ ՍՑԵՆԱՐՈՎ

Հունիս 29,1999 00:00
Pol

Ամերիկյան քաղաքագետ եւ վերլուծաբան Փոլ Գոբլի բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը

-Պարոն Գոբլ, ինչպե՞ս եք պատկերացնում Ղարաբաղյան կարգավորման ապագան, եթե Ադրբեջանը շարունակի մերժել միջնորդների վերջին առաջարկները:

– Բարդ հարցերի շուրջ բանակցությունները միշտ էլ բարդ են ընթանում: Յուրաքանչյուր մասնակից ձգտում է ներկայացնել իր դիրքորոշումը որպես միակ ընդունելին եւ փորձում է առաջ քաշել սեփական շահերը: Բայց եթե բոլոր մասնակից կողմերն են որդեգրում նման մոտեցում, ապա նրանք պետք է կամ մեղմացնեն իրենց դիրքորոշումները, կամ բանակցությունները պարզապես կընդհատվեն: Այդ դեպքում հակամարտության վերսկսումից խուսափելու համար պետք է նախաձեռնել նոր բանակցություններ: Զարգացման բոլոր այս տարբերակները առկա են ընթացիկ իրավիճակում:

– Հնարավոր համարո՞ւմ եք, որ միջնորդները լուրջ փոփոխություններ մտցնեն իրենց վերջին առաջարկներում, կամ ներկայացնեն կարգավորման մի նոր ծրագիր:

– Ես չեմ կարող հստակորեն ասել, թե արդյո՞ք նրանք այդ կերպ կվարվեն: Ցանկացած փոփոխություն կարտացոլի կողմերի հաշվարկները ընդհանուր իրավիճակի եւ բանակցությունների արդյունավետության վերաբերյալ:

– Հայաստանում մեծ հետաքրքրություն առաջացրեց Ձեր «ավելին, քան ինքնավարություն, պակաս, քան անկախություն» բանաձեւը, որը դուք առաջարկեցիք Կոսովոյի ճգնաժամի լուծման համար: Ոմանք անգամ պնդեցին, որ հենց այդ բանաձեւն է որդեգրել համաշխարհային հանրությունը Ղարաբաղյան կարգավորման համար:

– Կոսովոյի վերաբերյալ իմ մեկնաբանությունները չեն կարող հեշտությամբ կիրառվել Կովկասում, որտեղ միանգամայն այլ իրավիճակ է տիրում: Բայց իմ արտահայտությունը. «ավելին, քան ինքնավարություն, պակաս, քան անկախություն» հիմնված էր հետեւյալի վրա. Կոսովոյի ինքնավարությունը զգալիորեն կամրապնդվի՝ ստանալով անվտանգության միջազգային երաշխիքներ ի դեմս ՆԱՏՕ-ի խաղաղարար ուժերի:

– Հայաստանում ոմանք կարծում են, որ հաճախ ձեր հայտարարությունների միջոցով ԱՄՆ վարչակարգը «հետազոտում է» հակամարտության կողմերի վերաբերմունքը այս կամ այն պատրաստվող առաջարկի վերաբերյալ:

– Այն պահից, երբ 1991-ին թողեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների վարչակարգը, ես խոսում եմ բացառապես իմ անունից:

– Կարո՞ղ են Ռուսաստանի եւ Արեւմուտքի տարաձայնությունները Հարավսլավիայի շուրջ բացասաբար անդրադառնալ Մինսկի խմբում նրանց համատեղ գործունեության վրա:

– Ես հուսով եմ, որ տարաձայնությունները մեկ հարցի շուրջ տարակարծություններ չեն առաջացնի մյուս ոլորտներում: Բայց պետք է ի նկատի ունենալ, որ նման վտանգ միշտ էլ կա. թե միջազգային, թե անձնական հարաբերություններում:

– Իմաստ ունի՞ որեւէ զուգահեռ անցկացնել Կոսովոյի եւ Ղարաբաղի միջեւ:

– Չեմ կարծում, որ Կոսովոյի ճգնաժամը, կամ նրա լուծումը, կարող են լուրջ խթան հանդիսանալ Ղարաբաղի հակամարտության լուծման համար:

– Չնայած Ադրբեջանի նախագահի հավաստիացումներն այն մասին, որ իր երկիրը մտադիր չէ խախտել զինադադարը, վերջին շրջանում Բաքվի տարբեր պաշտոնյաներ հայտարարում են հակամարտության ուժային լուծման հավանականության մասին: Ինչո՞վ եք դա բացատրում:

– Որքան գիտեմ, Բաքվում ոչ ոք չի ուզում վերսկսել ռազմական հակամարտությունը: Սակայն ադրբեջանցիները ակնհայտորեն վրդովված են խնդրի կարգավորման ձգձգումից: Չէ՞ որ միայն կարգավորման ավարտից հետո հարյուր հազարավոր փախստականներ կարող են տուն վերադառնալ:

– Ձեր կարծիքով, Ալիեւի հիվանդության փաստը էապես ազդո՞ւմ է տարածաշրջանային վերջին զարգացումների վրա:

– Նախագահ Ալիեւը կարեւորագույն դեր է խաղում տարածաշրջանում: Արտաքնապես նա, կարծես, ապաքինվել է վերջերս կատարված վիրահատությունից, եւ կարծում եմ, կշարունակի այդ դերը խաղալ:

– Որքանո՞վ է իրական ՆԱՏՕ-ի ռազմակայանների տեղաբաշխումը Ադրբեջանի տարածքում:

– Անձամբ ես դժվարությամբ եմ պատկերացնում ՆԱՏՕ-ի ռազմակայանների ներկայությունը Ադրբեջանում: Բայց գիտակցում եմ, որ շատերը այդ երկրում այդպիսով ուզում են հակազդել Ռուսաստանի ռազմական ներկայությանը Հայաստանում:

– Ադրբեջանը նաեւ հայտարարում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալու իր ցանկության մասին: Ձեր կարծիքով, Ռուսաստանը փորձելո՞ւ է խոչընդոտել այդ ցանկության իրականացմանը:

– Ռուսաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ յուրաքանչյուր երկիր անվտանգության ցանկացած համակարգին անդամակցելու լիիրավ իրավունք ունի: Հուսով եմ, որ Ռուսաստանը կհարգի Ադրբեջանի իրավունքը անդամակցել ՆԱՏՕ-ին: Սակայն ակնհայտ է, որ Մոսկվայում շատերը լիովին պատրաստ չեն ընդունել վերը շարադրված սկզբունքը Ադրբեջանի կամ նախկին Խորհրդային Միության այլ երկրների նկատմամբ:

– Վերջին շրջանում Ռուսաստանը մի շարք քայլեր ձեռնարկեց՝ Հայաստանում իր ռազմական ներկայությունը ուժեղացնելու ուղղությամբ: Ի՞նչ արձագանք են ստանում Արեւմուտքում այդ քայլերը:

– Մոսկվայի ռազմական ներկայության ամրապնդումը առաջին հերթին նպատակ ունի պաշտպանել Ռուսաստանի, եւ ոչ թե Հայաստանի ռազմավարական շահերը տարածաշրջանում: 1991 թվականից ի վեր Ռուսաստանը «սառեցված անկայունության» քաղաքականություն է վարում Կովկասում, ջանալով խոչընդոտել Արեւմուտքի երկրների ներգրավվումը հակամարտությունների լուծման մեջ: Ռուսական ուժերի ներկայությունը Հայաստանում այդ ռազմավարության անբաժանելի մասն է:

– Կարծիք կա, որ Կոսովոյում պատերազմի ավարտից հետո միջազգային հանրությունը ավելի մեծ ուշադրություն կդարձնի Ղարաբաղյան կարգավորմանը:

– Ես հուսով եմ, որ այդպիսի փորձեր կլինեն, բայց միաժամանակ շատ մեծ ակնկալիքներ չունեմ: Բանը նրանում է, որ նոր հակամարտությունների կարգավորման հարցերում Արեւմուտքի երկրներն այժմ որոշակի հոգնածություն եւ զգուշություն են դրսեւորում: Կարծում ենք, որ Փոլ Գոբլին ներկայացնելու հատուկ կարիք չկա: Նշենք միայն, որ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի նախկին աշխատակից եւ «տարածքների փոխանակության» հայտնի տեսության հեղինակ Գոբլը այժմ հանդիսանում է «Ազատություն» ռադիոկայանի առաջատար վերլուծաբանը: Չնայած Փոլ Գոբլի պաշտոնաթողությանը, գործող դիվանագետները շարունակում են հաշվի նստել նրա կարծիքի հետ: Մասնավորապես, հաճախ են Գոբլի հանդիպումները ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Սթրուբ Թալբոթի հետ:

ՄԵԴԻԱՄԱՔՍ

լրատվավան գործակալություն՝

հատուկ «ԱՌԱՎՈՏԻ» համար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930