Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե պետք է, ուրեմն պետք է անել»

Հունիս 29,1999 00:00
film

Աշնանը Հենրիկ Սենկեւիչի Հայաստանի մասին պատմող հաղորդումից հետո բացահայտորեն սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի հանրությանը իր նոր տեսքով ներկայանալու կարիք ունի։ Ստեղծվեցին մի շարք ծրագրեր, որոնք հիմնականում մնացին թղթի վրա։ Պատճառն այն է, որ նման ծրագրերի իրականացումը խիստ թանկ արժե, պահանջում է լուրջ մոտեցում, ֆինանսական մեծ միջոցներ։

Մայիսի 28-ին PTP-ով ցուցադրվեց «Լսեք Հայաստանի քարերին» ֆիլմը, որը բավականաչափ աղմուկ բարձրացրեց։ Որոշ աղբյուրներից հաջողվեց իմանալ, որ այս ֆիլմի պատճառով նույնիսկ Ադրբեջանի դեսպանությունը Մոսկվայում ցանկացել է բողոքի նոտա ներկայացնել։ Իրոք, ֆիլմում կան մի շարք բավական կտրուկ արտահայտություններ, որոնք, բնական է, Ադրբեջանի իշխանություններին այնքան էլ դուր չեն եկել։ Վաղը երեկոյան ՀԱՀ-ն ցույց կտա ֆիլմը եւ հայ հեռուստադիտողը կարող է եւս մեկ անգամ դիտել այն, անել իր եզրակացությունները։ Բայց միայն այն փաստը, որ այս ֆիլմը ցուցադրվեց Հայաստանի Անկախության օրը Ռուսաստանի հեռուստատեսությամբ, արդեն լուրջ քայլ է։

Ֆիլմի հովանավորը Մոսկովյան «Սրետենկա» ասոցիացիան է, որի մասին գիտեն բոլոր հայերը, որոնք այս կամ կերպ առնչվում են Մոսկվայի հետ։ Ծրագրի ղեկավարն ու ֆիլմի հեղինակը պատմական գիտությունների թեկնածու, «Սրետենկա-Պետրոլիում» ձեռնարկության գլխավոր տնօրեն Գասպար Պետրոսյանն է։

Ֆիլմի ստեղծման մասին մեր հարցին ի պատասխան ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայության ղեկավար Վարդան Տողանյանն ասաց. «Մենք ողջունում ենք «Սրետենկա»-ի այս քայլը։ Եթե Մոսկվայի հայկական կառույցները նման հարցեր ավելի հաճախ կարողանան լուծել, Հայաստանը ներկայանալու պրոբլեմ չի ունենա։ Նման ծրագրերին դեսպանությունը հնարավորինս կաջակցի»։

ՀԱՀ-ի գլխավոր պրոդյուսեր Վահրամ Նազարեթյանը, որը ակտիվորեն մասնակցել է ֆիլմի նկարահանմանը, նշեց. ««Սրետենկա»-ի նախաձեռնությունը խիստ գովելի է։ Ի դեպ, սա ոչ թե ֆիլմ է, այլ մի ամբողջ ֆիլմաշարի սկիզբ, որը, եթե չեմ սխալվում, մեկ այլ, ավելի մեծ ծրագրի մասն է կազմում»։ Հաջողվեց հեռախոսազրույց ունենալ նաեւ Ֆիլմի հեղինակ Գասպար Պետրոսյանի հետ.

– Պարոն Պետրոսյան, ճի՞շտ է, արդյոք, որ ֆիլմաշարը մեկ այլ ծրագրի մաս է կազմում։

– Այո, բայց ծրագիրն ամբողջությամբ դեռ մշակման փուլում է, եւ դեռ ողջ ծրագրի մասին խոսելը վաղաժամ է։ Իսկ ֆիլմն, իրոք, ֆիլմաշարի սկիզբ է, եւ, կարծում եմ, այդ սկիզբը մեզ հաջողվեց։

– Ասում են, որ մայիսի 28-ին եթեր տալը բավական մեծ բարդությունների հետ է կապված եղել։

– Կարեւորը, որ այն եղավ եթերում եւ եղավ հենց մեր ազգային տոնի օրը։ Իսկ դժվարությունները լուծել հնարավոր է։

– Պարոն Պետրոսյան, իսկ Ռուսաստանի ճգնաժամի այս պայմաններում այդքան մեծ միջոցներ հատկացնելը դժվար չէ՞ր։

– Ես արդեն ասացի, որ դժվարությունները լուծել հնարավոր է։ Իսկ ինչ վերաբերում է միջոցներ հատկացնելուն, մենք մտածում ենք քիչ այլ տեսանկյունից. եթե ինչ-որ բան պետք է անել Հայաստանի համար, ուրեմն դա պետք է անել՝ անկախ նրանից, թե այսօր մեր գործերը որքանով են հաջող ընթանում։ Ի վերջո, այդ ծրագիրը կոմերցիոն ծրագիր չէ։

– Իսկ դուք գո՞հ եք ձեր հեղինակած ֆիլմից։

– Ուշադիր հեռուստադիտողը կնկատի, որ, նախ, ֆիլմը զուտ պատմական ակնարկ չէ Հայաստանի մասին։ Մենք փորձել ենք Հայաստանը ներկայացնել պատմական որոշակի ընթացքի շարժման մեջ. այսինքն՝ ոչ թե այն, թե ինչ է եղել Հայաստանը եւ այսօր ինչ է, այլ նաեւ՝ թե ուր ենք գնում եւ ինչպես։ Դրանից բացի, քանի որ ֆիլմը նաեւ Հայաստանի իմիջային ներկայացման խնդիր է հետապնդում, հավատացեք, մենք բավականաչափ լավ գիտենք Ռուսաստանի հասարակության հոգեբանությունը եւ, այդ առումով, կարծում եմ, արել ենք առավելագույնը։ Դրանից բացի, կուզեի նշել, որ ֆիլմում Կրասնոգորսկում գտնվող «Գոսֆիլմոֆոնդ»-ի արխիվներից հանված էքսկլյուզիվ կադրեր են օգտագործված, որոնք վերաբերում են 1918-1920 թթ. Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակներին։ Այդ կադրերը երբեւէ հեռուստատեսությամբ չեն ցուցադրվել։ Այնպես որ, կարծում եմ, որ ֆիլմը հետաքրքիր է ոչ միայն ռուս, այլեւ հայ հեռուստադիտողի համար։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930