Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Տվեք մեր 20 %-ը, եւ վե՛րջ

Հունիս 29,1999 00:00

Վազգեն Սարգսյանի եւ Կարեն Դեմիրճյանի անուններն իրենց շուրթերին եւ նրանց ուղղված դիմումները ձեռքներին՝ «Արմենիա» հյուրանոցի կոլեկտիվը դարձյալ աշխուժացել է։ Գրվել են նոր դիմում-նամակներ թե՛ մեկին, թե՛ մյուսին՝ խնդրանքով, որ վերանայվի «Արմենիայի» պես «ժեմչուժինա» հյուրանոցի սեփականաշնորհման հարցը։

Երեկ «Առավոտը» հանդիպեց հյուրանոցի արհմիության նախագահի եւ անդամների հետ, որոնք իրենց իսկ խոսքերով «շահագործվում են կապիտալիստների կողմից»։ Կապիտալիստները հյուրանոցի նոր տերերն են։

Ըստ «Արմենիայի» բարմեն Համլետ Առաքելյանի՝ այս 8 ամսվա ընթացքում «ոչ մի նոր բան չտեսանք էս հյուրանոցում։ Մեր հին ունեցվածքի վրա մեծ գումարներ են աշխատում։ Իսկ այդ մեծ գումարները ոչ թե պետբյուջե են մտնում, այլ գնում են սեփականատերերի գրպանները։ Մեզ աշխատեցնում են ամենացածր աշխատավարձով՝ 50-100 դոլարով։ Բայց մեզնից պահանջում են եվրոպական ստանդարտներով աշխատանք»։

Հյուրանոցի կոլեկտիվը, ինչպես հայտնի է, սեփականաշնորհման մեղավորներ է համարում Ռոբերտ Քոչարյանին, Արմեն Դարբինյանին եւ Գառնիկ Նանագուլյանին։ Իսկ, այ, նոր վարչապետի եւ ԱԺ նախագահի մասին խոսում են այնպես, ինչպես, ասենք, «բլբուլը՝ վարդի»։

«Մեր հենց առաջին հարցը նրանց սա է՝ թող վերագնահատեն հյուրանոցը։ 1986 թվականին սովետական «Ինտուրիստը» 14 մլն դոլար էր հատկացրել «Արմենիա-1»-ի վերանորոգմանը։ 96 թվականին, երբ պատրաստվում էինք շախմատի օլիմպիադային, 2 մլն մե՛ր պետությունն է հատկացրել շենքի վերանորոգման համար։ Այսինքն՝ 16 մլն դոլար վերջին 10 տարվա ընթացքում ներդրվել է։ Եվ սա (հյուրանոցը) գնահատվեց ընդամենը 5 միլիոն»։ Իսկ թե ինչե՜ր ունեն հյուրանոցում. «Մենք ունենք միայն 300 կտավ, բոլորն էլ բնանկար (հավանաբար՝ բնօրինակ- Լ. Ա.)։ Մենք ունենք խալիներ. «Էրեբունի» խալիներ են, հատակն ամբողջը մարմար է եւ այլն, եւ այլն։ Չհաշված՝ պահեստներում ինչքան ապրանք ենք ունեցել։ Գումարած, որ ոչ մի ներդրում չի եղել»։ Սրանք սեկցիայի վարիչ Սուսաննա Չոլաքյանի խոսքերն են։ Բայց, դեռեւս բարմեն Համլետ Առաքելյանի պապն էր ասում. «Կովը կթում են, ուտում են։ Չե՛ն մորթում, ուտում»։ Ոսկի խոսքեր են։

Ըստ հյուրանոցի արհմիության նախագահ Վիգեն Ղազարյանի «Արմենիայի» սեփականաշնորհումից հետո հյուրանոցի «տերերից» տեսել են միայն Աթանեսյան Նիշանին։ «Մյուս տերերին չենք տեսել եւ չենք ճանաչում։ Խնդրում ենք նրանց ցուցակը, չեն տալիս։ Բացի այս՝ կոլեկտիվը ենթադրում է, որ տերերի մեջ կա ինչ-որ մեկը Հայաստանից»։

Ընդ որում՝ ենթադրությունների սահմանը բավական լայն է եւ ոչ այնքան տրամաբանական։ Իսկ «մեր կոլեկտիվի խնդրանքը, պայքարն այն է, որ առաջին հերթին մեր 20 % բաժնետոմսերը հանձնեն կոլեկտիվին։ Ստանալով իր 20 %172ը՝ կոլեկտիվը երեւի այլ պահանջներ չի ունենա»։

Պրն Ղազարյանն այն կարծիքին է, որ այդ 20 %-ի «դեվիդենտները պետք են օր ծերության համար»։ Պաշտոնական տվյալներով «Մերիոտ» ընկերությունը հյուրանոցի շահագործման համար փոխանցել է առաջին փուլում 4 մլն 800 հազար ԱՄՆ դոլար, որից 850 հազար դոլարը տրվել է Merill Lynch խորհրդատվական ընկերությանը՝ ներդրումային խորհրդատվության համար։

Երկրորդ փուլում փոխանցվել է 3 մլն 200 հազար դոլար, որից 92 հազար 887 դոլարը KPMG ընկերությանն է տրվել, իսկ 193 հազարը հատկացվել է շրջակա միջավայրի պահպանմանը։ Այս պարագայում դժվար է ասել, թե ծախսված միջոցներն արդարացրել են նպատակը։

Ինչեւէ։ Հյուրանոցի կոլեկտիվը խիստ մարտական է տրամադրված եւ պատրաստվում է նոր կառավարության միջոցով թոթափել «կապիտալիստների ծանր լուծը»։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930