Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ԿՐԱԿՈՑԻ ԵՌԱՓՈՒԼ ՈՒՐԱՑՈՒՄԸ

Հունիս 29,1999 00:00
toto

Բացառված չէ, որ Վահան Հովհաննիսյանը չորրորդ եւ հինգերորդ տարբերակներն էլ ներկայացնի, թե ինչ էր եղել «Պապլավոկում» հունիսի 17-ի լույս 18-ի գիշերը։ Եվ պահանջի պարզաբանել՝ ինքը թնդանոթի՞ց է կրակել, թե՞ գմփգմփիկից։

Նախապես ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը «Պապլավոկում» իր կրակելու մասին «Առավոտի» հունիսի 19-ի համարի լուրի առնչությամբ ասել էր, թե ինքն այդ ժամանակ հիվանդանոցում է եղել։ Նրա այս առաջին արձագանքը ազդարարեց ՍԻՄ-ի նախագահ Հրանտ Խաչատրյանը։ Մեր ունեցած տեղեկություններով, համահունչ բացատրություն պրն Հովհաննիսյանը տվել էր նաեւ ԱԺ պաշտպանության, ԱԱ եւ ՆԳ հանձնաժողովի անդամներին։ Թերեւս այս վարկածը բավական ծիծաղելի լինելու հանգամանքից բացի, նաեւ խիստ անհամոզիչ էր՝ ի վերջո, ընտրանու այդ հավաքատեղին բնավ հիվանդանոց չէ, եւ շատերն էին նրան նշված օրը տեսել։

Եվ հունիսի 23-ին «Նորաթերթում» հրապարակվեց Վահան Հովհաննիսյանի երկրորդ վարկածը. «Այդ լուրն ինձ չի վերաբերում, եւ այդ մասին ես ոչինչ չեմ կարող ասել»։ Նույն հրապարակման մեջ ներառված էր նաեւ «Առավոտի» պարզաբանումը, թե այդ միջադեպի երկու ականատեսները, որ քաղաքական ու կուսակցական («Նորաթերթի» թղթակիցը սխալմամբ նշել էր՝ մտավորական) շրջանակներից դուրս մարդիկ են՝ իրավապահ մարմինների պահանջով կբացահայտվեն։ Եվ հաջորդ օրն իսկ՝ հունիսի 24-ին «Հայոց աշխարհում» հրապարակված մեկնաբանության մեջ Վահան Հովհաննիսյանը նշեց. «Վկաների մասին վկայակոչումներն ընդհանրապես լուրջ չեմ ընդունում»։ «Հավատում ես-չես հավատում» խաղալու փոխարեն ավելի ճիշտ կլիներ, որ եթե պրն Հովհաննիսյանը փորձեր իրավապահ մարմիններին դիմել, եւ այնժամ պարզ կլիներ, թե ում ասածները պետք չէ լուրջ ընդունել։

«Հայոց աշխարհում» պրն Հովհաննիսյանը նաեւ մի փաստարկ էլ է բերել, որ շատ կսազեր «Փրփուրներից կախված» հաղորդմանը, «Կրակոց» բառն ունի իրավաբանական իմաստ։ Դա երեւի պետք է բացատրել «Առավոտ» օրաթերթին։ Կարելի է կրակել թնդանոթից, ատրճանակից, գազի ատրճանակից, ստարտային ատրճանակից։ Կրակել մարդու վրա, օդ, սեփական ոտքին… կրակելու հազար ու մի տարբերակ կարող է լինել, բայց հրապարակման մեջ պարզաբանված չէ, թե ինչի մասին է խոսքը»։ Չէինք ցանկանա նույնչափ անհարգալից երեւալ, բայց, թերեւս, պրն Հովհաննիսյանը (կամ գուցե նրա լրատուները), մեղմ ասած, դժվարություններ ունեն կարդացածը հասկանալու առումով, այլապես չէին անտեսի, որ հունիսի 12-ի «Կրակեմ Վահանը սաստիկ զայրացավ» լուրի մեջ հստակ նշված էր, որ նա «ատրճանակից օդ է կրակել»։ Իսկ թե հատկապես ինչ ատրճանակից՝ թող իրավապահ մարմինները պարզաբանեն, որոնք, ի դեպ բավական ուշ հայտարարեցին այս միջադեպը քննելու իրենց պատրաստակամության մասին։

Եվ ամենակարեւորը, հունիսի 24-ի իր երրորդ վարկածում Վահան Հովհաննիսյանը այլեւս չէր փորձել հերքել, այլ միայն նշել էր, թե տեղեկատվությունը խեղաթյուրվել է. «Կարող եմ ասել, որ եթե ինձ մոտենային ու հարցնեին, շատ ավելի հետաքրքիր պատմություն կիմանային, քան այն, ինչի մասին գրել են։ Գլխի չեն ընկել, հիմա արդեն ուշ է»։ «Հայոց աշխարհի» մեր գործընկերն էլ, ցավոք, թերեւս չէր հետաքրքրվել, թե ո՞րն է չխեղաթյուրված տեղեկատվությունն այդ միջադեպի վերաբերյալ, այդ ի՞նչ «հետաքրքիր պատմություն» է, եւ ինչո՞ւ է պրն Հովհաննիսյանը միայն այժմ՝ երրորդ փորձից հետո ակնարկում այդ մասին։

Ընդ որում, այս երեքը դեռ գրավոր վկայություններն են՝ բանավոր շրջանառության մեջ այլ վարկածներ էլ կան, ոչ թե Վահան Հովհաննիսյանն էր կրակել, այլ՝ իր ընկերը եւ կամ, որ կրակել էին «խլապուշկայից» (հայերեն ավելի բարեհունչ է՝ գմփգմփիկից)։

Մի խնդրի էլ ենք ցանկանում հակիրճ անդրադառնալ։ Իր 3 վարկածներից երկուսում պրն Հովհաննիսյանը նշել էր, թե այդ լուրը հրապարակելը միտումնավոր էր, ինչ-որ հորինովի ու սրտաճմլիկ պատմություններ փոխադրել, որ «Առավոտն» իրենց հանձնաժողովը չի սիրում ու ցանկանում ենք իր «բացասական իմիջը ստեղծել»։ Չենք փորձելու նաեւ «սիրում ենք-չենք սիրում» թելադրված խաղը խաղալ եւ իր նկատմամբ կանխակալ վերաբերմունքի բացակայության վերաբերյալ երդումներ տալ։ Միայն հետաքրքրում է, պրն Հովհաննիսյանն այդքան բնակա՞ն է համարում, որ նախարարից բարձր կարգավիճակ ունեցող պաշտոնյայի վերաբերյալ ականատեսները վկայում են, թե նա հարբած վիճակում մարդաշատ վայրում կրակել է։ Կարող էինք նաեւ այլեւայլ հուզիչ մանրամասներ փոխանցել, ասենք, միջադեպին ներկա կանանց ապրումների մասին՝ նրանցից մեկը պնդել էր, թե ողջ գիշերը չի քնել կամ մեկ այլ ականատես՝ արդեն արական սեռի, ասել էր, թե ամեն ինչ անելու է, որ իր զավակները Հայաստանում չմեծանան, որտեղ սրճարանում անգամ հնարավոր չէ քեզ ապահով զգալ։ Այս ամենի փոխարեն՝ մենք միայն «չոր» փաստն էինք արձանագրել։ Թերեւս միայն ենթադրել կարելի է, որ եթե, ասենք, «նախկիններից» որեւէ մեկն այժմ «Պապլավոկում» անգամ գմփգմփիկից կրակեր՝ դաշնակցական մամուլը թերթային քանի էջ դրան կնվիրեր։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930