ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթն ուղերձ է հղել նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Վաշինգթոնում կայացած Կովկասյան պետությունների ղեկավարների հանդիպումը գնահատելով խիստ օգտակար, նա ընդգծել է, որ այն տարածաշրջանային խաղաղության եւ տնտեսական համագործակցության կարեւոր առաջընթաց է: «Այս հաջողությունը,- նշված է ուղերձում,- ինչպես նաեւ իմ երկկողմ հանդիպումները Ձեր եւ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ, ցույց են տալիս, որ առաջընթացի համար կան իրական նախադրյալներ»: Մադլեն Օլբրայթը ցանկություն է հայտնել իրագործել այն գաղափարները, որոնց մասին խոսվել է այդ հանդիպումների ժամանակ եւ հնարավորինս արագ դրանք տեղափոխել գործնական հարթություն: Նա եւս մեկ անգամ ընդգծել է ԼՂ հակամարտության՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից արված առաջարկությունների վրա հիմնված համընդգրկուն եւ երկարատեւ լուծման անհրաժեշտությունը:
ԱՄՆ Պետքարտուղարը ողջունել է նաեւ ՆԱՏՕ-ի հիսունամյակի գագաթաժողովում նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունները, թե ժողովրդավարական առաջընթացը կապված է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հետ: Անդրադառնալով մայիսի 30-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին, Մադլեն Օլբրայթը նշում է, որ դրանք. «ցույց տվեցին գործընթացի բարելավում» եւ շնորհավորում է հանրապետության նախագահին այդ առթիվ: Նրա խոսքերով, օտարերկրյա դիտորդները, ներառյալ նաեւ ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը, որոշ առաջարկություններ են արել ընտրական գործընթացի բարելավման վերաբերյալ: Ավարտելով ուղերձն ԱՄՆ պետքարտուղարը նշում է. «Մենք ակնկալում ենք աշխատել Ձեր եւ Ձեր երկրի ժողովրդի հետ՝ խթանելու Հայաստանի անցումը դեպի ժողովրդավարություն»:
ԱՐՄԵՆՊՐԵՍ