«Ազատություն» ռ/կ-ի հունիսի 28-ի հաղորդման համաձայն, Արկադի Ղուկասյանի աշխատասենյակում լսող սարք հայտնաբերելու փաստը հաստատել են ԼՂՀ նախագահի աշխատակազմում եւ չեն հերքել նաեւ ԼՂՀ Ազգային անվտանգության վարչությունում։ ԼՂՀ նախկին վարչապետն «Ազատությանը» հայտնել է, թե «ժուչոկի» մասին ոչինչ չի լսել, ոչ մի տեղեկություն չունի եւ ուստի որեւէ մեկնաբանություն չի կարող տալ (ի դեպ, Ժիրայր Պողոսյանը նաեւ ասել է, որ Ղարաբաղից չի հեռանալու։ Իր ֆիրմայում նոր գործ է սկսել)։
Լսող սարքը տեղադրողի՝ Վահրամ Թամրազյանի մասին հայտնի է, որ սովորաբար նա է կարգավորել բարձրաստիճանների հեռուստացույցները եւ կենցաղային էլեկտրոնիկայի սարքավորումները։ Նա մասնավոր հեռուստաընկերություն ունի եւ արբանյակային հաղորդակով մի քանի հաղորդումներ է տարածում։
Այս ամենի մասին պաշտոնական որեւէ մեկնաբանություն չկա, բայց «Ազատության» թղթակցի վկայությամբ, Ստեփանակերտի կեսն այդ մասին է խոսում։ Նաեւ լուրեր կան, որ Վահրամ Թամրազյանը ձերբակալվել եւ տեղափոխվել է Հայաստանի ԱԱՆ մեկուսարան. «Եթե լսող սարքից իրոք վարչապետն է օգտվել՝ ապա ի՞նչ իմանաս, թե նա բավարարել է միայն իր նեղ անձնական հետաքրքրությունները։ Ի՞նչ իմանաս, թե նրան մոտ կամ հետեւում կանգնած ուրիշ մարդիկ չկան, որոնց համար նախագահի խոսակցությունները շատ հետաքրքիր կլինեին,- ենթադրել է «Ազատության» թղթակիցը,- ի՞նչ իմանաս, թե այդ նույն Վահրամ Թամրազյանն, այսպես ասած, երկու ֆրոնտով չի աշխատել»։
«Ազատության» Ղարաբաղի թղթակիցն էլ այն տպավորությունն է փոխանցել, որ Ժիրայր Պողոսյանի պաշտոնանկմամբ ԼՂՀ-ում կարող են ներքաղաքական լուրջ զարգացումներ սկսվել։ Նաեւ նշել է, որ թերեւս վերջնական ու ստույգ չէ այն տպավորությունը, որ Արկադի Ղուկասյանը պատրաստ է վարչապետ նշանակել Սամվել Բաբայանին։ Ենթադրվել է նաեւ, որ վերջինիս թեկնածությունն անցանկալի է Հայաստանի ղեկավարության համար։ «Ստեփանակերտի քաղաքական շրջանակներում խոսում են այն մասին, որ պաշտոնանկված կառավարության մի շարք ազդեցիկ անդամներ արդեն իսկ հայտարարել են, թե որեւէ այլ մարդու վարչապետ նշանակելու պարագայում՝ բացի Սամվել Բաբայանից, իրենք նոր կառավարության կազմում չեն աշխատի»,- նշել է «Ազատության» թղթակիցը։
Կարդացեք նաև
Երեկ ԼՂՀ ԱԺ նախագահությունն արտահերթ նիստ անցկացրեց։ Իսկ այսօր Արկադի Ղուկասյանը կհանդիպի պետական, քաղաքական եւ հանրային շրջանակների ներկայացուցիչների հետ։
Պատրաստեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ