Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԱՂՕՐՈՔ ՎՃՌՎԱԾ

Հունիս 29,1999 00:00
sd

Երեկվա Սահմանադրական դատարանի նիստի սկսվելուց առաջ ԿԸՀ անդամ «Հզոր հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ, ընտրական գործընթացներում հսկայական փորձ ունեցող Սերգեյ Պողոսյանը մի մասնավոր զրույցի ընթացքում հերթականությամբ ասաց, թե քննարկվելիք երեք հարցերի կապակցությամբ բարձր դատարանը ինչ վճիռներ է կայացնելու։

Այսպես՝ ըստ մեր վկայակոչած աղբյուրի, չեղյալ է հայտարարվելու Երեւանի մարզային ընտրական հանձնաժողովի որոշումը եւ թիվ 15 ընտրատարածքում հաղթած պատգամավորության թեկնածու է ճանաչվելու Սամվել Ավետիսյանը, Էդվարդ Եգորյանի հայցը համամասնական ընտրությունները չեղյալ հայտարարելու մասին մերժվելու է, մերժվելու է նաեւ թիվ 39 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու Կիմ Մարտիրոսյանի հայցը այդ ընտրատարածքում ընտրությունները անվավեր ճանաչելու մասին։ Կարծում եմ, որ մեր ընթերցողներն արդեն հասկացան, որ դեպքերը հենց այդպես էլ զարգացան։ Իհարկե, այդ ընթացքում ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը եւ Բարձր դատարանի մյուս անդամները դրսեւորեցին բարձր քաղաքացիական կամք եւ անկախ վերջնական արդյունքի հայտնիությունից ծավալեցին լուրջ քննարկում՝ լսելով բոլոր կողմերին, իմիտացիա ստեղծելով, որ հենց դրանց արդյունքում է ծնվելու այդքան կարեւոր վճիռը։

Կողմերը եւս ներքաշվեցին լուրջ քննարկման մեջ, տալով շատ կարեւոր հարցեր եւ ստանալով սպառիչ կամ ոչ սպառիչ պատասխաններ։ Էդվարդ Եգորյանը ներկայացրեց մարզային եւ կենտրոնական ընտրական կեղծարարությունը, ներկայացրեց փաստաթղթեր, որոնք վկայում էին կատարված տասնյակ հազարավոր սխալների մասին, իսկ Գագիկ Հարությունյանն էլ հետեւում էր, որ կողմերը դուրս չգան քննարկվող հարցի շրջանակներից։ Անշուշտ Էդվարդ Եգորյանը շատ համոզիչ փաստերով ապացուցեց, որ ընտրական ցուցակների կեղծիքները եւ անճշտությունների քանակը էապես ազդել են ընտրությունների արդյունքների վրա, այլապես շատ հնարավոր էր, որ «Միասնություն» դաշինքը ստանար ոչ թե 41, այլ 51%, թեեւ բացառված չէ, որ ձայները վերցվել են «Հայրենիք» դաշինքից։ Կոմունիստ ԿԸՀ նախագահի տեղակալ Վանյա Մխիթարյանն էլ ջանք ու եռանդ չխնայեց ապացուցելու, թե որքան ազատ եւ արդար են եղել ընտրությունները, թե ինչպիսի հրաշալի պայմաններ են եղել եւ ժողովրդի կամարտահայտման համար եւ հետո ինչպիսի անաչառ պայմաններում է այդ կամարտահայտումը առարկայական տեսք ստացել։

Թիվ 39 ընտրատարածքի գործով էլ ամեն ինչ խաղաղ անցավ։ ՍԴ քարտուղարը դեռ վճռից շատ առաջ, միջանցքում շնորհավորեց արդեն պատգամավոր Տարոն Սահակյանին ասելով. «Դու պրոբլեմ չունես»։ Նիստի ընթացքում լրիվ անտեղի հուզվեց Կիմ Մարտիրոսյանի ներկայացուցիչ Վարդան Զուռնաչյանը, ցուցամատը թափ տալով եւ ձայնը բարձրացնելով. «ՍԴ որոշումը չի կայացվել, փոխանակ ԿԸՀ ստուգումներ անցկացնի, դա արել է ՄԸՀ-ը, որի անօրինականությունների դեմ մենք բողոքել ենք»։ Բայց Գագիկ Հարությունյանը սառնասրտորեն զգուշացրեց, որ դա ոչ մի լավ բանի չի բերի։ Վարդան Զուռնաչյանն էլ հասկացավ, որ Գագիկ Հարությունյանը միշտ ճիշտ է։

Պետք է ասեմ, որ արարողակարգային առումով ամեն ինչ նորմալ էր։ Վճիռները հրապարակելուց առաջ ՍԴ խորհրդակցական սենյակ էլ էր գնում։ Եվ միայն Կիմ Մարտիրոսյանը իր համախոհներին եւ ներկայացուցիչներին առաջարկեց լքել դահլիճը, չսպասելով իր գործով վճռի կայացմանը։ «Այս խեղկատակությանը մասնակցելու ոչ մի տրամադրություն չունեմ»։ Կարծում ենք, որ ամենաարդար եւ ամենաբարձր դատարանը ներողամիտ կգտնվի սույն հուզական բնորոշման նկատմամբ։

ԱՎԵՏԻՍ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Կարդացեք նաեւ էջ 4:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930