Կառավարության մամուլի եւ հասարակայնության կապերի վարչության պետ է նշանակվել հանրահայտ լրագրող Տիգրան Հակոբյանը, որն առ այսօր տեղեկատվության տարբեր ոլորտներում իրեն դրսեւորել էր նաեւ որպես հմուտ կազմակերպիչ։ Գործադիր իշխանությունն ընդհանրապես եւ կառավարությունը մասնավորապես կարիք ունի հասարակության համար հասկանալի եւ բացատրելի դարձնել իր գործողությունները։ Համապատասխան իրավասություններ ունենալու դեպքում պրն Հակոբյանն ի վիճակի է կատարել այդ դժվարին աշխատանքը։
ՎԱՏ ԼՈՒՐ
ԱԺՄ նախագահ Վազգեն Մանուկյանին Երեւանի քաղաքապետ նշանակելու վերաբերյալ լուրերը ճշտելու նպատակով զանգահարել էինք կուսակցության գրասենյակ։ Պատրաստ էինք հերթական հերքումը լսել, բայց նրա օգնական Հակոբը մեր հարցին ի պատասխան միայն ասաց, թե պրն Մանուկյանը խիստ զբաղված է։ Հետաքրքրվեցինք, թե ե՞րբ կարող ենք ստանալ այդ հարցի պատասխանը։ Պրն Հակոբն ասաց. «Մյուս շաբաթ»։ Այս աննախադեպ օպերատիվ արձագանքից կարելի է ենթադրել, որ եթե Վազգեն Մանուկյանը մի շաբաթից էլ չպատասխանի՝ կարելի է գնալ նրա ետեւից… քաղաքապետարան։ Ի դեպ, հետաքրքրական է, որ ԱԺՄ վարչության մի շարք անդամներ էլ խուսափողական պատասխաններ էին տալիս նույն հարցին: