ՄՈՌԱՆԱԼ ՀԱՅՐԻԿՅԱՆԻՆ Նոր իշխանությունը կատարեց իր խոստումը եւ հիմա Հայաստանում աշխատում է Ղարաբաղի քաղաքական մոդելը, իսկ Ազգային ժողովի նիստը Մետաքսի կոմբինատի կուսժողով է հիշեցնում: Էլ դիսիդենտներ չկան, ու նոր իշխանությունները դիսիդենտներին էլ թոշակ չի նշանակի: Դիսիդենտները ծախեցին իրենց պայքարը «Նիվա»-ների դիմաց: Էլ մտավորականներ չկան, քանի որ սրանք սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակի արդարացմամբ սկսեցին կանաչի ծախել: Էլ հերոսներ չկան, քանի որ վերջին հերոսն իր հերոսությունը կրակել պատկերացրեց, հետո վախեցավ իր կրակոցից ու բժշկի թուղթ վերցրեց, թե ինքը չի կարող կրակել: Նոր իշխանությունը գաղափարական կամ բարոյական լինելու սենտիմենտ չունի: Նոր իշխանությունը պարզապես իշխանություն է: Իսկ եղե՞լ են դիսիդենտներ, մտավորականներ ու հերոսներ: Ի՞նչ են արել նրանք եւ ինչպես են արել, որ իրենք անհետ են կորել: Ցնո՞րք է այդ ամենը, թե՞ ուղեղի մորմոք: Միգուցե ամեն ինչ սկսվեց նրանից, երբ հայրենասիրությունը շահութաբեր մասնագիտություն դարձավ: Մարդկանց ստիպեցինք այսպիսի իշխանություն ունենալ, քանի որ այս իշխանությունը գոնե միայն փող է ուզում, իսկ դիսիդենտները, մտավորականները եւ հերոսները ուզում էին իրենց պայքարը պայքարեցնել, եւ այդ գործի համար փողից բացի հոգի ու արյուն էլ էին պահանջում: ԱՂԱՍԻ ԵՆՈՔՅԱՆ