Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՏՔԻ ՓՈԽԱՐԵՆ՝ ԱԿԱՆՋԻ ԹՔԱԳԵՂՁԸ

Հունիս 26,1999 00:00
virahatutyun

1997 թ. փետրվարի 10-ին մայրաքաղաքի թիվ 12 պոլիկլինիկա այցելեց աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Ճակատագրի ցանկությամբ այդ մարդու անունն էլ… Երջանիկ էր։

Երջանիկ Ալեքսանյանը պոլիկլինիկա էր եկել, որպեսզի վիրաբույժ Կոնստանտին Սնխչյանի հետ «քննարկեր» Միքայելյանի ինստիտուտից վերցրած եզրակացությունը՝ իր ոտքերի հիվանդության, դրանց բուժման կապակցությամբ։ Ոտքերի խոսակցությունից կամա-ակամա երկուսով «հասան տեղ»՝ մինչեւ պարոն Երջանիկի ականջների թեման։ Բժիշկ Սնխչյանը տեսնելով այցելուի ականջի հետեւի ուռուցքը, մեղմ ասենք, ցանկություն է հայտնում (դատարանում ձեւակերպումն այսպիսին էր. «նրան համոզելով») վիրահատել, քանի որ բժշկի հավաստմամբ այն ոչ մի բարդություն չէր ներկայացնում։ Ինչպես հեքիաթում (ասենք, ազգային բժշկական թեմաներով) տեղի է ունենում մեկ ժամ 40 րոպե տեւողությամբ վիրահատություն։ Անալիզների մասին խոսելն իսկ… անհարմար էր։ Երջանիկը տուն է վերադառնում, սակայն հաստատ չի հասցնում վայելել օրվա վիրահատության… խորհուրդը։

Դեմքը երեկոյան բորբոքվում է, վիճակը ծանրանում։ Մի կերպ լուսացնելով՝ «վառված հոգին» (այդպես մեզ ներկայացավ) դիմում է դարձյալ վիրաբույժ Կ. Սնխչյանին, որը նորից «միջամտություններ» է կատարում։ Բայց Երջանիկ Ալեքսանյանի վիճակը գնալով ծանրանում է եւ ստիպված են լինում նրան տեղափոխել հանրապետական կլինիկական հիվանդանոցի ծնոտային բաժանմունք, որտեղ նրան վիրահատում են։ Եվ, փաստորեն, վեց ամիս նա գտնվում է ստացիոնար բուժման մեջ, դառնալով բնականաբար անաշխատունակ։ Ֆիզիկական կորուստների հետ մարդը կրում է նաեւ նյութական կորուստներ։ Կ. Սնխչյանի նկատմամբ հարուցվում է քրեական գործ։ Քննության ընթացքում պարզվում է (դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ), որ բժիշկը «վիրահատությունը կատարել է տեխնիկապես սխալ», ինչի հետեւանքով վնասել է քաղաքացու հարականջային թքագեղձը, նրան «պատճառելով նվազ ծանր մարմնական վնասվածք»։ Ի դեպ, Խորհրդային տարածքային դատախազ, 1-ին դասի իրավաբան Մ. Մանուկյանի (05.11.97 թ.) որոշման մեջ էլ (քրգործը կարճելու մասին) գերթեթեւ ձեւակերպում կա. «անզգուշաբար վնասվել է հարականջային թքագեղձը»։ Ինչեւէ։ Կ. Սնխչյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քր. օր. 111 հոդվածի 2-րդ մասով։ Սակայն քրեական գործը ԱԺ (30.09.97 թ.) «Համաներում հայտարարելու մասին» որոշմամբ կարճվում է։ Հետեւաբար վիրաբույժն ազատվում է… քրեական պատասխանատվությունից։

Կ. Սնխչյանի հարցը քննարկվում է քաղաքապետարանի առողջապահության վարչությունում։ Նրան հայտարարվում է խիստ նկատողություն, բժշկից էլ մեկ ամսով «պաշտոնանկ» է արվում՝ ֆելդշերի։ Պատկերացրեք, մի կողմում քաղաքացի Երջանիկ Ալեքսանյանն է, որը հայցադիմումով մտնում է դատարան՝ պահանջելով նյութական վնասի հատուցում, մյուս կողմում վիրաբույժ Կ. Սնխչյանն է, որը «երբեք իրեն մեղավոր չի համարել»։ Ընդհակառակը, դիմել է ՀՀ դատախազությանը «իր նկատմամբ հանցակազմի բացակայությամբ գործը կարճելու համար»։

Դատաքննությունն անցկացվում է Նոր Նորքի դատարանում, որտեղ էլ (նախագահող՝ նախկին դատավոր Տ. Սահակյան) լսելով կողմերի ապացույցներն ու փաստարկները, դատարանը գտնում է, որ հայցը հիմնավոր է եւ պետք է բավարարել։ Ընդ որում, հիմնավոր է համարում քաղաքացու 10.02-03.03 97 թ. 12 պոլիկլինիկայի ծախսերը՝ 21.870 դրամի չափով, 03.03-07.05.97 թ. հանրապետական կլինիկական հիվանդանոցում կատարած ծախսերը՝ 64.400 դրամի չափով, սննդի եւ տրանսպորտի ծախսերը՝ 156 հազար դրամի չափով, վեց ամիս չաշխատելու պատճառով… 180 հազար գումարած դեղորայքի համար պահանջած գումարը… 7000 դրամ։ Վերջնական հաշվարկով 477 հազար 270 դրամ «որպես հանցագործության հետեւանքով վերջինիս պատճառած նյութական վնասի գումար»։ Վճիռը չի կատարվում։ Բանը հասնում է նրան, որ պետք է վերգրվեր եւ կալանք դրվեր Նորքի IV զանգվածի այն շենքի բնակարանի վրա, որը պատկանում էր բժշկին։ Հավանաբար, քաղաքացին տեղյակ էլ չէր, որ անշարժ գույքի կադաստր Նոր Նորքի պետական ձեռնարկության տնօրենի անունով առկա է դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքի վարչության պետ Ա. Խաչատրյանի (19.03.99 թ.) գրությունը կամ հանձնարարականը. «Կարիքն առաջանալու հետեւ(յ)անքով, խնդրվում է Նորքի 4-րդ զանգվածի… շենքի… բնակարանի նկատմամբ ոչ մի գործարք չկատարել մինչեւ մեր կողմից լրացուցիչ հայտնելը»։ Սակայն տեղյակ էր 1998 թ. դեկտեմբերի 15-ի Խորհրդային շրջանի ժողդատարանի վճռից (ի դեպ, գրված է «նախագահ պարոն Տ. Սահակյան» – Ռ. Մ.), որով «վերգրումից հանվում էր տվյալ բնակարանի 2/3 մասը, 1/3-րդ մասը թողնվում էր վերգրված վիճակում»։ Վերջինս՝ որպես հատուցում, տուժող Ե. Ալեքսանյանին դատարանով նախատեսված գումարը մարելու համար։

Տեղեկացնեմ, դատարանի վճիռը մինչեւ օրս մնացել է… անշարժ։ Հարկադիրը տեղից չի շարժվում այնքան, մինչեւ… վիրաբույժը 1999 թ. մարտի 16-ին անշարժ գույքի կադաստրից ստանում է փաստաթղթեր եւ նույն օրն էլ թիվ 1 նոտարական գրասենյակում կատարում առքուվաճառքի գործարք։ Ըստ տուժողի՝ Ե. Ալեքսանյանի բնակարանը վաճառվում է երեք միլիոն դրամով։

Բայց այս պետության մեջ լավամարդ լինելու կեղծ ավանդույթ կա, մարդը երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել՝ ոչինչ (կարող էր դանակի տակ մնալ, էլի ոչինչ, հիմա էլ լավամարդ կլինեին դանակի տակ գցողին, ինչպես այս դեպքում – Ռ. Մ.), նյութական վնասներ է կրել՝ ոչինչ, բարոյական՝ ոչինչ։ Քաղաքացուն դռնեդուռ են գցել՝ դատարանի վճիռը ձեռքը տալով, հաստատ համոզված լինելով, որ վճիռը ոչ ոք չի կատարելու, որ չկատարողները պատասխան չեն տալու։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930