Լրահոս
Օրվա լրահոսը

Վստահիր ծարավիդ, հավատա ոռոգմանը

Հունիս 26,1999 00:00
jrambar

Գյուղատնտեսական աշխատանքների թունդ սեզոնին Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը հայտարարեց, որ հաստատվել է «26,6 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ Հայաստանի ջրամբարների անվտանգության բարելավման ծրագիրը»։

Ոռոգման համակարգի վերականգնման հերթական վարկը, փաստորեն, իրականացավ։ Վարկի շրջանակներում վերականգնվելու է ջրամբարների մի մասը։ Այս ծրագիրը երեկ ՀԲ-ի գրասենյակում ներկայացրեցին Հայաստանի արտակարգ եւ լիազոր ներկայացուցիչ Օուեյս Սաադաթը, ոռոգման համակարգի վերականգնման գրասենյակի պատասխանատու Ադիբեկ Ղազարյանը։

Հայաստանում կա 80 ջրամբար։ Դրանցից 74-ը կառուցվել են ոռոգման, 6-ը էներգետիկ նպատակներով։ Պարզ է, որ հին ջրամբարները վերջին տարիներին վերանորոգման չեն ենթարկվել։ ՀԲ-ի ծրագրի շրջանակներում ընդգրկվել են 20 ամենավթարայինները, որոնց վերականգնման համար նախատեսվում է ծախսել 30,3 մլն դոլար։ Այդ գումարից 3,7 մլն տրամադրելու է Հայաստանի կառավարությունը։ ՀԲ-ի վարկը տրվում է 35 տարով։ Վարկի ետվճարման ժամկետը կսկսվի 10 տարի հետո։

Առաջին տարվա ծրագրում, որը սկսվելու է հոկտեմբերից, ընդգրկված են Ապարանի, Կառնութի, Բազմաբերդի, Սեւաբերդի, Գեղարդալճի, Խալավարի ջրամբարները։ Վերականգնման աշխատանքների նախագիծը պատվիրվել է Ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի գրասենյակի կողմից՝ հայաստանյան նախագծային ինստիտուտների հետ։

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ պրն Սաադաթը նշեց նաեւ, որ առավոտյան հանդիպում է ունեցել ՀՀ վարչապետի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարներ Լեւոն Բարխուդարյանը, Արմեն Դարբինյանը։ Հանդիպման ընթացքում նշվել է, որ առաջիկա 3 տարիներին ՀԲ-ն Հայաստանին տրամադրելու է 240 մլն դոլարի սահմաններում վարկ։ ՀԲ-ի գրասենյակի պատասխանատուն նշեց, որ զրուցել են դատական համակարգի բարելավման, տրանսպորտի ոլորտի ծրագրի մասին։ 52 մլն դոլարանոց այս ծրագիրը ենթադրում է ավտոճանապարհների, երկաթուղիների եւ Երեւանի մետրոյի վերականգնում-վերանորոգում։ Պրն Սաադաթը նշեց, որ «եթե այս ծրագրին միանա Ճապոնիայի կառավարությունը, ապա ծրագրում կընդգրկվի նաեւ Երեւանի օդանավակայանը»։ (Անհասկանալի է, թե ինչո՞ւ եւ ինչքան գումար կարելի է ծախսել Երեւանի օդանավակայանի վրա- Ա. Գ.)։

ՀԲ-ի տնօրեն Վուլֆենսոնը իր այցի ընթացքում խոստացել է օգնել ներդրումներ ներգրավել։ Նախատեսվում է ներդրողների հանդիպում կազմակերպել եկող տարվա սկզբին։

Հանդիպման ընթացքում առանձնացվել է եւս 2 հարց։ Հարկավոր է կազմել կոնկրետ ծրագրեր, որ ներդրողները կողմնորոշվեն, որ ոլորտում միջոցներ ներդնել։ «Մեկ այլ կարեւոր հարց է կաշառվածության հարցը, որը պետք է բացառվի ներդրողների մուտքից հետո. Շատ ուրախ եմ նշել, որ պրն վարչապետը համաձայնեց մեր առաջարկած երկու քայլերին։ Եվ մեզ քաջալերեց նրա հայտարարությունը, որ պատրաստվում է կազմակերպել «խաչակրաց պատերազմ կաշառակերության դեմ»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930