Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿՈՒՄ

Հունիս 26,1999 00:00
Armen khachatryan

Վերջին օրերին Հայաստանում էր ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Միխայիլ Կռոտովը, որի այցը, սակայն, կարծես, պատշաճ լուսաբանման չարժանացավ։ Այդ հիմքով էլ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Խաչատրյանին խնդրեցինք, որպեսզի մանրամասնություններ հաղորդի.

-Ռուսաստանի քաղաքական վերնախավի հարգված ներկայացուցիչներից է Միխայիլ Իոսիֆովիչ Կռոտովը, որը Հայաստան էր այցելել մի շարք հանդիպումներ ունենալու նպատակով։

Այս աշխատանքային այցի ժամանակ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը, ինչպես ծանուցեց պրն Խաչատրյանը, հանդիպումներ է ունեցել ԱԺ ղեկավարության, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանի եւ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարության հետ։ Հանդիպումների ընթացքում բազմաթիվ խնդիրներ են արծարծվել մասնավորապես միջպառլամենտական հարաբերությունների հստակեցման, փոխայցելությունների կազմակերպման եւ այս ամենի արդյունքում, վերջին հաշվով, համագործակցության շրջանակի պարզաբանման վերաբերյալ։

– Պետք է ասեմ, որ պրն Կռոտովը մեծ տպավորություն է ստացել ԱԺ նոր ղեկավարությունից, մասնավորապես Կարեն Դեմիրճյանից։ Նրա հետ հանդիպման ժամանակ լուսաբանվեցին հայ-ռուսական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցեր։ Մասնավորապես խոսք եղավ մեր ԱԺ-ի միջպառլամենտական հարաբերությունների արդյունավետ զարգացման վերաբերյալ։ Ավելի մանրամասն քննարկվեց պատվիրակությունների փոխանակման, ժողովրդի ընտրյալների՝ ավելի մոտից փոխշփվելու, կարծիքներ փոխանակելու հնարավորություններին առնչվող հարցերի շրջանակը։ Պրն Կռոտովը մեր վաղեմի բարեկամներից է եւ մի շարք հարցերում իր աջակցությունն է բերել մեր խնդիրների լուծմանը։ Կարծում եմ, որ հայ-ռուսական հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն եւ մեր համագործակցությունը միջպառլամենտական ոլորտում իր արդյունավետ պտուղները կտա։

Հուլիսի 5-ին ես պետք է մեկնեմ Սանկտ Պետերբուրգ՝ Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության վեհաժողովին մասնակցելու եւ, կարծում եմ, Երեւանում քննարկված հարցերն այնտեղ եւս կարծարծվեն՝ իհարկե, ավելի խորությամբ։ Պատահական չէ, որ համաեվրոպական կազմակերպությունները նպատակահարմար են համարում իրենց վեհաժողովներն ու գագաթաժողովներն անցկացնել այդ քաղաքում։

Այնուհետեւ պրն Խաչատրյանը տեղեկացրեց, որ կմշակվեն կոնցեպցիաներ եւ միջազգային կազմակերպություններն ու աշխարհի արտաքին քաղաքական գերատեսչությունները կիմանան, թե որն է Հայաստանի արտաքին քաղաքական նպատակադրումների շրջանակը։

Պրն Կռոտովի այցելության եւ իրենց հանձնաժողովում ձեւավորված կարծիքներն ամփոփ, ընդհանուր գծերով ներկայացնելուց հետո, պրն Խաչատրյանը հայտնեց նաեւ, որ հունիսի 25-ին տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին նիստը։ Ընդհանուր առողջ մթնոլորտում պայմանավորվածություն է ձեռք բերվել ներհանձնաժողովային փոխհարաբերությունների վերաբերյալ։ Դրանք պետք է խարսխված լինեն համագործակցության, լիակատար վստահության վրա, որպեսզի հնարավոր լինի միասնական ու նպատակային աշխատանքի արդյունքում որոշակի խնդիրներ լուծել։ Արտաքին քաղաքականության խնդիրները, ինչպես նշեց Արմեն Խաչատրյանը, նույնն են բոլոր խմբերի ու խմբակցությունների համար, որովհետեւ վերջնարդյունքում դա պետական քաղաքականության իմաստ է ձեռք բերում։

Արմեն Խաչատրյանը տեղեկացրեց նաեւ, որ իրենց հանձնաժողովում քննարկվել է նաեւ կազմակերպական հարց եւ ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ընտրվել է փոխնախագահ։ Սա նույնպես փոխվստահության արտահայտություն է։ «Միասնություն» դաշինքը տեղեր է տրամադրում մյուս կուսակցություններին, որպեսզի ձեւավորվի ընդհանուր աշխատանքային մթնոլորտ։

– Մենք հիմա ուսումնասիրում ենք հանձնաժողովի տրամադրության տակ եղած եւ վավերացման կարիք ունեցող բոլոր փաստաթղթերը։ Դրանք կուղարկենք կառավարություն, որպեսզի համապատասխան առաջարկներով վերադարձվեն եւ քննարկումից հետո աշնանային նստաշրջանում ներկայացվեն վավերացման։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930