Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՅԹՆ ԷԼ ՉԻ՞ ԶԱՐԳԱՆԱ…

Հունիս 26,1999 00:00
Artur Shahnazaryan

Ռոլանդ Շառոյանը ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարար նշանակվելուց (առաջին անգամվա մասին է խոսքը) հետո աշխարհում չտեսնված ու չլսված նորարարություն փորձեց. նախարարությունում բացվեց Ազգային մշակույթի եւ արվեստի տարածման եւ զարգացման վարչությունը։ «Առավոտն» իր վերաբերմունքն արտահայտել էր այդ անունը կրող վարչության դեմ. ինչի՞ համար է այդ վարչությունը, «մինի» նախարարությո՞ւն է «մաքսի» նախարարության մեջ։ Կամ ինչ է նշանակում վարչության անվանումը, ազգային մշակույթի ու արվեստի տարածումն ու զարգացումն է հենց նախարարության ֆունկցիան։

Նախարարություն ոտք դնելու առաջին օրերից Ռ. Շառոյանի հրամանագրով այդ վարչության պետ նշանակվեց երաժշտագետ Արթուր Շահնազարյանը։

Երեկ, սակայն, տեղեկացանք, որ Արթուր Շահնազարյանը դիմում-զեկուցագիր է հղել Ռ. Շառոյանին։ Դիմում-զեկուցագիրը իր բովանդակությամբ հետաքրքիր է այնքանով, որ պրն Շահնազարյանը (Ռ. Շառոյանի հետ, մշակույթի, երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարությունում բավականաչափ աշխատելուց հետո, որպես այդ կառույցում «կռված» պաշտոնյա) լուրջ դիտողություններ ու փաստարկներ է ներկայացնում նախարարի եւ նախարարության գործունեության դեմ։

Դիմում-զեկուցագիրը ծավալուն է, սակայն մենք այն տպագրում ենք հատվածաբար։

«Ողջ տարվա ընթացքում Ձեր կողմից խախտվել է Ազգային մշակույթի եւ արվեստի զարգացման ու տարածման վարչության կանոնակարգը (որը հաստատել եք դուք)։

… Կառավարություն ներկայացվող ծրագրերից Դուք հանեցիք մշակույթի հայեցակարգի կետը։ Այդ եւ այլ կրճատումներ Դուք կատարեցիք առանց իմ ներկայության, ֆինանսատնտեսական վարչության պետի հետ միասին։ Վերջինս ինձ «բացատրեց», որ մշակույթի օրենքն ընդունելուց հետո միայն կարելի է ունենալ հայեցակարգ (սա հեքիաթ չէ՞)։ Պարզ է, որ Ձեզ պետք չեն հաստատված սկզբունքներ, քանի որ յուրաքանչյուր ոք կպահանջեր նախարարության գործունեության համապատասխանությունը հայեցակարգին եւ ֆինանսները կուղղվեին ընդհանուր նպատակին, այլ ոչ՝ անցողիկ միջոցառումներին։ Մեր վարչության ներկայացրած հիմնական ծրագրերից ոչ մեկի համար ֆինանս չի տրամադրվել։ Ես, որպես վարչության պետ, չեմ իմացել, թե ինչ գումարներ են ծախսվել այլեւայլ միջոցառումների համար, որոնց բովանդակությունները որոշվել են առանց իմ իմացության։

Մեր վարչությունը բոլոր աշխատանքները, ծրագրերի մի մասը, միջոցառումները իրականացրել է անվճար, առանց ֆինանսավորման։ Եթե եղել են մի քանի բացառություններ, ապա այդ մասին ես իմացել եմ ուշ, եւ չի եղել իմ ստորագրությունը (օրինակ՝ վարչության ենթակա հիմնարկին՝ ֆիլհարմոնիկ նվագախմբին փոխանցվում է 2 միլիոն 200 հազար դրամ՝ Պուշկինի 200172ամյակին կազմակերպված համերգի առթիվ, եւ ես մեկ շաբաթ հետո տեսնում եմ նախահաշիվը, ուր, օրինակ, 450.000 դրամ նախատեսված է հեռուստատեսային ռեկլամի համար (ո՞ւր կորավ այդ գումարի չափով ռեկլամը)»։

Շառոյանը ներում է Լորիսի խախտումները

«Ձեր կողմից հանձնարարվեց ստեղծել ֆիլհարմոնիկ նվագախմբի կանոնակարգ, սակայն երբ սկսվեցին այդ կանոնակարգի կետերի խախտումները, Դուք իմ ներկայացրած զեկուցագրերից ոչ մեկին ընթացք չտվեցիք։ Զարմանալին այն է, որ մի կողմից մեզանից պահանջում էին, թե ո՞ւր է որեւէ զեկուցագրի համարը (դրված գործերի բաժնում), մյուս կողմից, երբ ներկայացնում էինք համարակալման, պատասխանում էին, որ նախարարին ներկայացվող զեկուցագրերը չեն համարակալվում»։

Ով անի, ում անունը գրվի

Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ մեր կողմից կազմակերպած «Սբ. Կարապետ» մեծ հանդիսություն-ծիսական տոնախմբությունը ներկայացվեց ՀՀ կառավարություն, որպես նախարարության կազմակերպած միջոցառում, այն դեպքում, երբ տոնախմբության ծրագրում նշված «մասնակցությամբ մշակույթի նախարարության» տողը մնաց միայն գրված տող»։

ՀՀ մշակույթի նախարարությո՞ւն, թե՞…

«Մշակույթ, ազգային մշակույթ, խորություն. ի՞նչ կապ կա այս իմաստների եւ նախարարության միջեւ, նախարարության, որը Ձեր միանձնյա որոշումներով զբաղվել է հիմնականում ցուցադրական անցողիկ միջոցառումներով (դիպուկ ասված՝ կուլտմասսավիկությամբ)։ Անունը Հայաստանի Հանրապետության երիտասարդության հարցերի եւ սպորտի նախարարություն է, սակայն «մշակութային» մասով ճիշտ կլիներ անվանել Երեւան քաղաքի կենտրոնական շրջանի կենտրոնի միջոցառումների նախարարություն։ Ի՞նչ կապ ունեն ՀՀ մարզերը, շրջանները, գյուղերը այս նախարարության հետ։ Թող նախարարությունը ներկայացնի (եւ թերթերում հրապարակի ֆինանսական հաշվետվությունը փաստաթղթերով) թե քանի միլիոն դրամ է հատկացրել Երեւան քաղաքի կուլտմասսավիկային միջոցառումների համար եւ որքան է հատկացրել (եթե թիվ կա) ՀՀ մարզերի, շրջանների մշակութային չեղած կյանքը «զարգացնելու» (այսինքն՝ իրականում զրոյից կյանք սկսելու) համար։ Գորիսում, Ղափանում, Եղեգնաձորում, Աշտարակում, Արարատում ապրողները Հայաստանի Հանրապետության բնակիչներ չե՞ն, հայեր չե՞ն։ Վանաձորում ստեղծվել է ֆիլհարմոնիայի մասնաճյուղ (որպեսզի կազմակերպի համերգային եւ այլ միջոցառումներ), քանի՞ դրամ է փոխանցվել, Վանաձորը ՀՀ-ի հետ կապ չունի՞։ … Այսինքն՝ Հայաստանի Հանրապետություն ասելով Դուք հասկանում եք Երեւանի կենտրոնական մասը, ուր պետք է կուլտմասսավիկային միջոցառումներին ներկա գտնվեն կառավարության բարձրաստիճան պաշտոնյաները։ Առաջ ժողովուրդը իր խնջույքներին բերում էր «յալանչի», հիմա մշակույթի նախարարությունը կառավարության «յալանչին» է։ Առանձին անցողիկ օրինակները կամ թղթի վրա գրված (կամ նոր գրվելիք) ծրագրերը չեն կարող արդարացում համարվել, կրկնում եմ՝ բավական է հրապարակել, թե ծրագրերի, միջոցառումների համար որքա՞ն գումար է հատկացվել, որքա՞ն է նախատեսված, որքա՞ն է ծախսվել, փոխանցվել՝ որտեղի՞ եւ ինչի համար»։

«Ինձ ազատեք աշխատանքից»

«Ձեր տնայնագործական աշխատաոճի պայմաններում ես չեմ զարմանում, որ ամիսներ առաջ ինձ հայտարարել եք գրավոր նկատողություն, որի մասին իմանում եմ այսօր, որը ինձ չեք ներկայացրել եւ որի համար չի եղել եւ չկա իմ ստորագրությունը։ Նկատողություն՝ ուշանալու ու բացակայությունների պատճառով այն դեպքում, երբ ես շրջելով գյուղերում փորձում եմ վերականգնել ազգագրական խմբերը, երբ սկսել եմ նկարահանել շրջաններում դեռեւս չանհետացած հնագույն պարերը, որոնք բեմադրած պարերից բարձր քաղաքակրթություն են ներկայացնում, երբ սկսել եմ իրականացնել Վասպուրականի մշակույթի ներկայացումն ու նկարահանումը, երբ գիտնականների հետ կազմում եմ մեր հնագույն մշակութային ժառանգությանը վերաբերող մշակութաբանական ամփոփիչ աշխատությունը եւ այլն։ Եվ այսօր զգալով, որ ավելի «ամուր եք» պաշտոնում («հաղթեցիք»), անմիջապես հայտարարում եք նկատողություն վերջին նախազգուշացումով ուշացման համար։ Ինչ էլ որ գրեք, ողջ նախարարությանը կանչեք, կստորագրեն Ձեզ համար, սիրով։ Շնորհակալություն։ Ես չեմ ցանկանում ժամանակ վատնել մի նախարարությունում, որի մասին ՀՀ նախագահը հայտարարեց (ընտրապայքարի ընթացքում), թե մշակույթի հայեցակարգ չկա, եւ առանց դրա ոչ մի լուրջ քայլ հնարավոր չէ կատարել։ … Ինձ ազատեք աշխատանքից, ես հրաժարվում եմ աշխատել»։

Խորհուրդներ

«Եվ խնդրում եմ Ձեզ. կուլտմասսավիկությունը, անցողիկ միջոցառումները առանձնացրեք բուն մշակույթից։ Ժողովրդին հարկավոր է մատուցել բարձրակարգ մշակույթ (միայն մատուցման համապատասխան ձեւերով, որպեսզի ընկալելի լինի)։ Ունեցեք ճանապարհ, եւ միջոցներ հատկացրեք մնայուն գործերի համար, որպեսզի շարունակությունն ավելանա արվածին…

… Եվ աշխատեք մարդկանց հետ, որոնք տեղի-անտեղի չվիրավորեն մարդկանց, բարեւելու, մարդկանց հետ խոսելու տարրական դաստիարակություն ունենան, եւ կոլեգիայի նիստերին ու ժողովներին գոնե մեկ-մեկ խոսեն բուն մշակույթից (այսինքն՝ գոնե ունենան տարրական գիտելիքներ)։

Իզուր մի մեկուսացրեք նրանց, ովքեր ավելի խելացի են քան Դուք, որովհետեւ դա չի նշանակում, որ նրանք ավելի խորամանկ են։ Նաեւ ընդունեք, որ ոչ կուսակցականը նույնպես ազգի ներկայացուցիչ է…»։

«Առավոտի» ընթերցողի համար պրն Շահնազարյանի ասածները նորություն չեն, այդ մասին մեր թերթում բազմիցս գրվել է։ Բայց ներսից ասված խոսքն այլ ընկալում ու արժեք ունի։ Այ թե խայտառակություն կլինի, եթե մշակույթի նախարարության ողջ աշխատակազմով «Առավոտի» կարծիքին հանգեն։ Մեկ է՝ հանգելու են։

Պատրաստեց

ՍԱԹԻԿ ՍԵՅՐԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930