Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալո, ալո, Դավիթաշեն»

Հունիս 26,1999 00:00
zang

Պատասխանը՝ տո՜ւ-տո՜ւ-տո՜ւ

Երեւանի Դավիթաշեն թաղամասը խորհրդային վերջին շինարարական կառույցն է, որը մի կերպ գլուխ բերվեց երկրաշարժից աչքը վախեցած Հայաստանում։ Թաղամասի ապագա բնակիչները 89-91 թթ. խիստ անհանգստացած էին, որ ստիպված են լինելու բնակվել անիմաստ դեպի երկինք խոյացող բարձրահարկերում։ Բայց թաղամասը կանգնած է չոր ու ցամաք մի տարածքում։ Քիչ-քիչ կանաչն ուզում է հաղթել։ Բայց թաղամասը, բազմաթիվ այլ խնդիրների կողքին, թիվ մեկ խնդիր ունի՝ հսկայական թաղամասն արդեն մեկ տասնյակից ավելի տարիներ ապրում է առանց արտաքին աշխարհի հետ ժամանակակից կապի։ Անհեռախոս ու անկապ Դավիթաշեն թաղամասում հեռախոսը թանկ հաճույք է։ 50 հազար բնակիչներից միայն 1000-ն իրավունք ունեն հեռախոսից օգտվելու։ Այս թվի մեջ են նաեւ թաղամասում գտնվող պետական հիմնարկ-ձեռնարկությունները։

Խորհրդարանական ընտրություններից առաջ, ընտրարշավի ընթացքում թաղամասում բուռն հեռախոսային իրարանցում էր։ Դավիթաշենցիներն անասելի ուրախ էին։ Ախր, ոնց չուրախանան, երբ օրը ցերեկով փոսեր էին փորում, արագացված շարժանկարի նմանությամբ հեռախոսալարեր էին թաղում փոսերի մեջ, շտապ-շտապ ծածկում եւ անցնում առաջ։

Այն ժամանակ պատգամավորության թեկնածու Ռուբեն Գեւորգյանը, որը թեկնածու դառնալու առիթով վայր էր դրել իր լիազորությունները որպես թաղապետ, համեստորեն խոստովանում էր, որ հեռախոսաֆիկացման գործում մեծ է իր անձնական ավանդը։ Դավթաշենցիներն իրենց ապագայով երջանիկ, գնացին եւ նախկին թաղապետին ընտրեցին պատգամավոր։

Այս պահին թաղամասում արդեն ոչ փոս է փորվում, ոչ էլ հեռախոսալար է թաղվում։

Վերոհիշյալ հարցի կապակցությամբ «Առավոտը» հարցում ուղղեց ՀՀ փոստի եւ հեռահաղորդակցության նախարարությանը։ Հետաքրքիր էր պարզել, թե վերջապես ե՞րբ Դավիթաշեն թաղամասը հեռախոսից օգտվելու իրավունք կունենա, եւ ո՞վ է իրականում հեռախոսաֆիկացնելու թաղամասը։ Նախարարությունից ստացվեց հետեւյալ պաշտոնական պատասխանը. «Դավիթաշեն թաղամասում այժմ գործում է 35 ԱՀԿ-ի 1000 հեռախոսահամար ունակությամբ ենթակայանը շատ հին եւ անհուսալի միջկայանային կապով եւ բաժանորդային ցանցով։ «ԱրմենՏելը» սկսել է նոր կայանի շենքի եւ բաժանորդային ցանցի շինարարությունը։ 10.000 հեռախոսահամար ունակությամբ նոր թվային կայանի սարքավորումները «ԱրմենՏելը» շուտով կպատվիրի։ Նոր կայանի շահագործումը եւ բաժանորդներին հեռախոսակապի ծառայությունների մատուցումը նախատեսվում է 2000 թվականի առաջին կիսամյակին»։ Սա պաշտոնական պատասխան է։ Սակայն կա մեկ այլ պաշտոնական պատասխան եւս։ Երեկ մենք զանգահարեցինք Դավիթաշենի թաղապետարան։ Թաղապետի պաշտոնակատար Սուրիկ Ղուկասյանը մեզ հայտնեց, որ շուտով կսկսվի հեռախոսահանգույցի շինարարությունը եւ մինչեւ նոյեմբեր դավթաշենցիները հեռախոս կունենան։ Մեզ համար իրար հակասող ինֆորմացիաները վաղուց սովորական եւ օրինաչափ են դարձել։ Ոչինչ այլեւս զարմանալի չէ։

Հուլիսի 11-ին նշանակված են թաղապետի արտահերթ ընտրությունները։ Բոլոր թեկնածուներին խորհուրդ ենք տալիս ծաղկացնել եւ ճոխացնել հեռախոսային թեման։ Ով ավելի կարճ ժամկետում՝ խոսքով, կհեռախոսաֆիկացնի թաղամասը, դավթաշենցիները նրան էլ կընտրեն։ Քանի որ նրանց միայն հեռախոսն է պակասում լիակատար երջանկության համար։

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930