Լրահոս
Օրվա լրահոսը

ԶԱԴՈՅԱՆԸ ՔԱՇԵՑ HSBC-ԻՆ

Հունիս 26,1999 00:00
Davit Zadoyan

Մայրաքաղաքի շքեղ հյուրանոցներից մեկում պայմանագրի հանդիսավոր կնքման հրավիրված լրագրողներս հոգեբանորեն պատրաստ էինք հերթական ձանձրալի (հետաքրքիրը, նման դեպքերում, միայն բանկետն է լինում) արարողությանը հերոսաբար դիմանալ։

Հաճելի անակնկալների հույսեր չներշնչող հրավերքը չոր ու պաշտոնական տոնով հայտնում էր, որ «Դասագրքերի շրջանառու հիմնադրամ» հասարակական կազմակերպությունը, որը նախագահում է ՀՀ էներգետիկայի նախարար պրն Զադոյանը, հրավիրում է ձեզ մասնակցելու կազմակերպության եւ HSBC Բանկ Հայաստան ՓԲԸ-ի միջեւ կնքվող պայմանագրի հանդիսավոր արարողությանը»։ Քիչ թե շատ տարօրինակն այստեղ միայն այն էր, թե ի՞նչ կապ ունի Դավիթ Զադոյանը դասագրքերի հետ։ Խնայելով մեր ընթերցողների զարմանալու պաշարները ու դեպքերի անակնկալ շրջադարձը մարսելու տեղ թողնելով՝ պարզաբանենք. «Դասագրքերի շրջանառու հիմնադրամը» ամփոփում է HSBC-ին պահ տված այն գումարները, որ գոյանում են դասագրքերը աշակերտներին վարձակալությամբ տալուց եւ նախատեսված են դպրոցների կողմից նոր դասագրքեր պատվիրելու համար։ Այս կարգը պարտադրված է Համաշխարհային բանկի պայմաններով, որի տրամադրված վարկով են տպագրվում դասագրքերը, իսկ բանկերից հենց HSBC-ի ընտրությունը կատարվել է դեռեւս նախորդ վարչակարգի օրոք։ Սակայն այս վարչակարգի օրոք է դեռեւս տարածքային կառավարման նախարար Դավիթ Զադոյանը դպրոցների տնօրենների կողմից ընտրվել «Դասագրքերի շրջանառու հիմնադրամի» նախագահ, որից պաշտոնափոխություններից հետո էլ չի հրաժարվել։

Պատկերացնում եմ, թե հիմա ո՜նց են ափսոսում դրա համար HSBC-ի ներկայացուցիչները, քանի որ պրն Զադոյանը երեկ, դրսեւորելով խիստ հայկական վարվելակերպ, վերջին պահին հրաժարվեց կնքել HSBC-ի հետ պայմանագիրը՝ անխղճորեն զրկելով վերջինիս բավականին խոշոր չափի ավանդներ ունենալու հնարավորությունից։ Բայց մինչ սույն ցնցող որոշմանը հանգելը՝ պայմանագրի կնքմանը մասնակցելու ակնկալիքով եկածներին պարտադրեց անորոշ մի սպասում, մինչ ինքը սրահի մի անկյունում, պայմանագրի ստորագրումը «թրջելու» համար նախատեսված հյուրասիրության սեղաններին ու նաեւ՝ դրանք շրջապատած հյուրերին, թիկունքով կանգնած, բջջային հեռախոսով խորհրդակցում էր վերեւների (ենթադրում ենք՝ վարչապետ Վազգեն Սարգսյանի) հետ։

Չնայած ականջ դնելը լավ բան չի, բայց «Առավոտի» ականջին հասավ, որ պարոն Զադոյանը ճշտում էր, թե շատ խայտառակ բան կլինի՞, եթե ինքը հրաժարվի պայմանագիրը ստորագրելուց։ Մի քսան րոպե այդպես՝ բոլորիս թիկունքն (ու մարմնի մյուս մասերը) արած, բանակցելուց հետո, մոտեցավ HSBC-ի ներկայացուցչին ու վերջինիս՝ զրույցին զուգահեռ կարմրատակող դեմքից գլխի ընկանք, որ ասածը հեչ լավ բան չի։ Ի դեպ, «Առավոտի» սուր աչքից չվրիպեց, որ այդ քսան րոպեանոց բանակցությունները պարոն Զադոյանը վարում էր HSBC-ի ներկայացուցչին ուղեկցող երիտասարդից փոխ վերցրած բջջային հեռախոսով։ Տեսնես ինչքանի՞ «գցեց» վերջինիս։ Բայց դա ի՞նչ է՝ պայմանագրի ստորագրումից հրաժարվելու համեմատ։

Ու մինչ կատարվածից ոչինչ չհասկացող հյուրերը պատրաստվում էին դահլիճ վերադառնալ (ոմանք շտապել էին նույնիսկ տեղեր զբաղեցնել), մտածելով, որ վերջապես պայմանագիրը ստորագրվելու է, իր գործն արած Դավիթ Զադոյանը պատրաստվում էր սուս ու փուս լքել շվարած ներկաներիս։ Լավ էր, որ զգոն «Առավոտը» չկորցրեց պատմական պահը ու հասցրեց պարտադրել պարոն Զադոյանին՝ պարզաբանելու կատարվածը։

– Պարզապես դեռ խորհրդակցելու բան ունեմ ես։ Պետք է նայենք տոկոսադրույքների մասը։

– Դուք պայմանագրին մինչ այս ծանոթ չէի՞ք, որ նախօրոք այդ հարցը կարգավորեիք։

– Այս վեճը դեռ շարունակվում էր, էլի կշարունակվի։

– Այդ դեպքում ինչո՞ւ էիք հրավիրել պայմանագրի ստորագրման, եթե դեռ վեճեր կային։

– Ինձ թվում է, որ միայն ե՛ս չեմ հրավիրել, բոլորս ենք հրավիրել (տարօրինակ արդարացում է, չէ՞, մանավանդ, եթե վերը ներկայացված հրավերքը ուշադիր կարդաք- Ն. Հ.)։

– Գոնե չե՞ք պարզաբանի, թե ինչումն է տարաձայնությունը։

– Եթե մի քիչ լավ մտածեք, կգտնեք, թե ինչումն է տարաձայնությունը։

– Տոկոսների՞…

– … Իհարկե, ես ուզում եմ, որ ավելի բարձր տոկոսներով դնենք գումարը։

– Ինչքա՞ն են իրենք առաջարկում։

– Չորս ու կես տոկոս։

– Իսկ մե՞նք ինչքան ենք ուզում։

– Որքան բարձր, այնքան լավ։ Փորձում ենք մի քիչ ավելի բարձր լինի։ Կլինի՝ լավ, չի լինի, կտեսնենք՝ ինչ պիտի անենք։ Այսքա՛նը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. Նման շրջադարձի համար ամենաուրախը թերեւս անակնկալներ երազող լրագրողներն էին՝ չնայած տոնական բանկետից բոլորն էլ օգտվեցին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930