Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ա՜Խ. ԼՍՎՈՒՄ ԷՐ ԽՈՍԱՓՈՂԻ ՄԻՋԻՑ

Հունիս 26,1999 00:00
Alvina gyulumyan

Այս տարվա ընտրությունների (համամասնական ընտրակարգով) արդյունքների վիճարկման հարցով պաշտոնապես ՍԴ դիմած միակ կուսակցությունը «Ժողովրդավարական հայրենիքն» էր, որի ՍԴ ուղղված դիմումը քննարկվեց երեկ։ Աշխատակարգային որոշումով զեկուցողն էր ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանը։

Դիմումատուները երեքն էին՝ Է. Եգորյան, Ա. Խոջոյան եւ Վ. Մկրտչյան, իսկ պատասխանող կողմն էր ԿԸՀ-ն՝ նախագահի տեղակալ Վ. Մխիթարյանը, Ա. Սարգսյանն ու Հ. Աբրահամյանը։ Լրագրողական կարծիքներին ի պատասխան (թե ԿԸՀ մասնակցությունը ՍԴ հետընտրական գործընթացներին՝ նրանց հետ է գցել աշխատանքներից), ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը տեղեկացրեց, որ նախորդ նիստերից միայն մեկին է մասնակցել ԿԸՀ նախագահի տեղակալը եւ մեկ անդամը։ Կողմերին տեղեկացվեց նրանց իրավունքներն ու պարտականությունները, հիշեցվեց, որ «ՍԴ-ում չի կարելի քաղաքական հայտարարություններ անել, դուրս գալ դիմումում առաջադրված հարցի քննության շրջանակներից»։

Քելե լաո, քելե էրթանք… ընտրության

Դիմումատուն՝ ԱԺ պատգամավորության թեկնածու Է. Եգորյանը, դիմել էր ՍԴ, որպեսզի անվավեր ճանաչվեն համամասնական ընտրակարգով անցկացված ԱԺ ընտրությունները։ Պահանջի հիմքում ընկած էին ընտրությունների անցկացման, նախապատրաստման, ամփոփման փուլում տեղի ունեցած խախտումները, որոնք ազդել են արդյունքների վրա։ Ինչպես, մինչեւ վերջին օրը «մասսայաբար» տեղամասերում չեն փակցվել ընտրողների ցուցակների վերջնական օրինակները։ Ըստ Է. Եգորյանի հաշվարկի, 200 հազար քաղաքացիներ զրկված են եղել դատական կարգով իրենց իրավունքները վերականգնելու հնարավորությունից։

Իրավախախտում է նաեւ համարվել մարզային եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովների կողմից իրենց պահանջները չկատարելը, մասնավորապես՝ ստուգումներ կատարելու մասին։ «Ժողովրդավարական հայրենիքը» մատնանշել է, որ ամփոփիչ արձանագրությունները ստորագրված են եղել հանձնաժողովների յոթից պակաս անդամների կողմից։ Ընդհանրապես, անճշտությունների չափը կազմում է ոչ թե 18671 (դիմումում նշված թիվն է, ամփոփիչում էլ նշված է 17625), այլ՝ 166 հազար 468։ Տեղեկացնենք, որ Է. Եգորյանը ՍԴ էր ներկայացրել անճշտությունների չափի վերաբերյալ տեղամասային ընտրական հանձնաժողովների 1479 արձանագրությունների պատճեններ, որոնք, ըստ զեկուցող Ա. Գյուլումյանի՝ ուսումնասիրվել են։ Այդ ժամանակ էլ պարզվել է, որ 84-ը, չգիտես ինչու, ՍԴ են հասել երկու օրինակից։ Կարող եմ արձանագրել, որ դիմումատուները ճիշտ չէին ընտրել իրենց «պաշտպանական» տակտիկան։ Լինում էին ոչինչ չասող ձեւակերպումներ։

Իսկ Է. Եգորյանը նույնիսկ այսպիսի պատասխաններ էր տալիս. «Ուղղակի ամեն ինչ չեմ ուզում ասել…», «ի վիճակի չենք եղել թվի վերածել», երբ հարցրին, թե կա՞ հաշվառում։ Իսկ երբ պատասխանող կողմը պահանջեց Է. Եգորյանից արձանագրություն, որտեղ մեկ մարդ է ստորագրել, նա «ստիպված» եղավ «բանավոր խոսակցությունը փոխանցել ՍԴ-ին»։ Ինչպես գիտենք, բանավոր խոսակցություններն ապացուցողական նշանակությունից զուրկ են։

Ա՜խ. տնքաց խոսափողը։ Քանի որ դիմումատուն եւ պատասխանող կողմը շատ հաճախ ուղղակի չէին պատասխանում ՍԴ անդամների հարցադրումներին։

Ինչ վերաբերում էր ԿԸՀ-ի կողմից մուտք եղած եւ չքննարկված արձանագրություններին, եւ այդ կապակցությամբ ճշտման փորձին, թե «ո՞ր արձանագրությունը», դիմումատուն նշեց այն միակը, որ վերաբերում էր «իրենց մասին», իսկ ընդհանրապես, հայտնեց, որ «ԿԸՀ-ում մենք գիտենք, որ կան գրանցված եւ չքննարկված բազմաթիվ դիմումներ։ Քանի որ մենք ԿԸՀ-ում մարդ ունենք։ Գիտենք, որ նույն արդյունքներն ամփոփելիս թույլ չեն տվել, որպեսզի հատուկ կարծիքը դառնա քննարկման առարկա»։ Պատասխանող կողմը խոստացավ հարցին անդրադառնալ «մանրամասն», պատասխան ելույթում։

Անշուշտ, փաստաթղթերի պակասորդը իրեն զգացնել էր տալիս. ԿԸՀ-ից կպահանջվեն Արարատի մարզի թիվ 7, թիվ 8 ամփոփիչ արձանագրությունները, մի քանի հատ էլ Երեւանից։ Նիստը կշարունակվի երկուշաբթի։

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930