Օրերս «Առավոտում» տպված «Կապիկը հարձակվել է երեխայի վրա» լուրի կապակցությամբ խմբագրություն եկավ կապիկի տերը՝ Սամվել Մանուկյանը։ Նա հայտնեց, որ ոչ թե կապիկն է հարձակվել երեխայի վրա, այլ երեխային են բարձրացրել ավտոտնակի տանիք (ուր իր համար նստած էր կապիկը), երեխան քարով հարվածել է կապիկին, վերջինս էլ անցել է ինքնապաշտպանության։ Ե՛վ երեխայի, ե՛ւ կապիկի առողջությանը որեւէ վտանգ չի սպառնում։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Առավոտ» զանգահարեցին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքից եւ հայտնեցին, որ Էջմիածնի ՆԳ բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գագիկ Գասպարյանը չարաշահում է իր պաշտոնական դիրքը։ Պրն Գասպարյանը բազմիցս անհարկի եւ չհիմնավորված «գործեր է սարքել» անչափահասների վրա։ Մի հետաքրքիր մանրամասն էլ. Գագիկ Գասպարյանը 97 թ. դեկտեմբերին «պատիվ է ունեցել» անձամբ նստել ՆԳՆ եւ ԱԱ մեկուսարանում։ Հավանաբար պարոն Գասպարյանը բացարձակապես անծանոթ է «Մի՛ դատիր, որ չդատվես» պատվիրանին: