Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՆԽԱՏԵՍՈ՞ՒՄ, ԹԵ ՍՊԱՍՈՒՄ. ԼՐՋԱՆԱԼՈՒ «ՊԱՀԸ»

Հունիս 25,1999 00:00
hrant xachatryan

Ապագան տեսնելու համար ներզգացության տագնապ է պետք

Տիգրան Հայրապետյանին հաճախ եմ հիշում։ Շատ հաճախ։ Իր վերջին նյութերում նա անվերջ խոսում էր արյունահեղությունից։ Անվերջ։ Ներքին տեսողությամբ նա ինչ-որ բան էր զգում։ Ու տագնապում էի։

Մարդը փոքրիկ տիեզերք է, եւ եթե նրա ներսում փոքր-ինչ ներդաշնակություն ու անանձնականություն կա, այնտեղ կատարվում է նույնը, ինչ ողջ հասարակությունում ու աշխարհում։

Տիգրանը զգում էր իր մահը։ Նա ակամա հաղորդակցվում էր մահ պատճառող վիճակների հետ, ու ինքն էլ չէր հասկանում, որ այդպես է։ Բայց նա լավ գիտեր, որ մահը գալիս է այն ժամանակ, երբ մարդու ներսում խախտվում ու խորտակվում են վերին «արքայությունները»։ Իսկ մեր հասարակությունում «արքայական այդ հարաբերությունները» վաղու՜ց են խախտվել։ Եվ Տիգրանը դա գիտեր ու տագնապում էր, որովհետեւ գիտեր նաեւ, որ մնացած վատ բաներն ընդամենը դրա շարունակությունն են։

Նա իր մի բուռ Հայաստանն ու հասարակությունը սեղմեց-սեղմեց, սրտի չափ սարքեց, տեղավորեց իր մարմնում ու իրեն տվեց մահվանը՝ մի տիգրանաչափ մաքրելով-զտելով էս երկիրը։

Խնդրում եմ, չասեք՝ այդպես չէ, շատ եմ խնդրում։ Դա անչափ անհարգալից կլինի նրա հիշատակի առջեւ, նա այն մարդկանց թվում է, որոնք իրենց մահվանից հետո էլ տագնապում են այս հայրենիքի համար, որոնք մահվանից հետո էլ լսում են։ Այս մասին ես կարող եմ հարյուրավոր էջեր գրել։ Բայց սա այն թեման է, որի ժամանակ չես հասկացվում։ Էս բոլորն էլ գրեցի, որովհետեւ ներսումս վաղո՜ւց ի վեր թանձրացել էր։

Հիմա կհարցնեք, թե էս քաղաքական նյութի հետ միստիկան ի՜նչ կապ ունի։ Գիտեք՝ պատճառ ունեմ. Հայաստանն այսօր կանգնած է աշխարհաքաղաքական-տարածաշրջանային այնպիսի խոր պրոցեսների առջեւ, որ մի տագնապը քիչ է։ Բոլորիս տագնապն է պետք։ Իսկ մենք, ահա քթներս խոթած մանրումեծ քաղաքական ինտրիգների մեջ, ծաղրածուի հրճվանքով անցնող օրերն ենք արձանագրում։

Ու երբ փորձեցի ստանալ այս հարցի պատասխանը, թե ինչպիսի՞ վիճակ կլինի Հայաստանում մեկ տարի հետո, ոչ տագնապ տեսա, ոչ ներզգացություն։ Հենց վաղվա օրվա այդ վերլուծությունն է, որ թույլ չէր տալու «ժամանակն իր շավղից դուրս թռչի»։ Բոլոր քաղաքական գործիչներն էլ հորդորում էին՝ սպասենք։ Էդ ուրիշ ի՞նչ ենք անում, որ չենք սպասում։ Հենց էդ գործին էլ ենք։ Իսկ թե մեր փոխարեն ով պիտի վերլուծի, տագնապի, ճշգրտի՝ Աստված գիտի։ Մնում էր՝ «արձանագրել» այդ սպասման «ակնթարթը», որն այնքա՜ն «գեղեցիկ» էր։

Ա՜խ, Չերչիլ, Չերչիլ

Ալվարդ Պետրոսյան – Կարծում եմ, Հայաստանում մեկ տարի հետո կարգուկանոն հաստատված կլինի, որովհետեւ մեր նոր վարչապետն ուժեղ ներքին էներգիա ունի, ունի նաեւ ցանկություն եւ կկարողանա բարոյապես, նյութապես փլուզվող այս հասարակությունում կարգուկանոն ստեղծել։ Մեր ժուժկալ-սակավապետ ժողովրդին շատ բան պետք չէ, նրա հոգեկերտվածքը նախեւառաջ կարգուկանոնի պահանջն ունի թե իր, թե իր ղեկավարների, թե հասարակության ներսում հաստատված։

– Ես Չերչիլը չեմ, որ կանխատեսումներ անեմ։ Կանխատեսում անելն անշնորհակալ գործ է,- իհարկե, Արշակ Սադոյանն է,- ամեն ինչ էլ հնարավոր է, որ լինի։

Սոս Գիմիշյան – Չի բացառվում, որ Ռոբերտ Քոչարյանն ու Վազգեն Սարգսյանը հենց այսպե՛ս էլ շարունակեն չորս տարի «համագործակցել»… Նոր պառլամենտ է, նոր կառավարություն, թող աշխատեն՝ տեսնենք։

Ցանկացած կուսակցություն եւ գործիչ պետք է ունակ լինի նաեւ լռելու. սիմֆոնիայում նոտաների կողքին կան նաեւ պաուզաներ, կարծում եմ՝ հիմա պաուզան պահելու ժամանակն է։

«Լռելու ունակություն» դրսեւորեց եւ «պաուզան պահեց» նաեւ քաղաքական մեկ այլ գործիչ՝ Վահագն Խաչատրյանը։ Մինչեւ սեպտեմբեր նա «հանգստանում» էր քաղաքական գործիչներից եւ լրագրողներից։

Վիկտոր Դալլաքյան – «Միասնություն» դաշինքը շատ կայուն ստարտ է վերցրել, եւ կանխատեսում եմ ներքաղաքական հանդարտ մթնոլորտ։ Ունենք ուժեղ վարչապետ, բայց, կարծում եմ, որ այս կառավարությունն անցումային է եւ այդ մի տարվա ընթացքում որոշ նախարարներ կփոփոխվեն (վայ թե՝ կառավարության հաջորդ կազմում մեր օրենսգրքագետ Վիկտորն էլ, ի վերջո, տեղ ունենա -Կ.Դ.)։

Վազգեն Մանուկյան – Ես մարգարե չեմ, որ կանխատեսում անեմ։

– Ոչ, մարգարե եք. Դուք այս «քաղաքում» չեք սիրվում։

Իզուր էլ այդպես ասացի. այսօր հետմիջօրեին լրագրող ընկերներիցս մեկը զանգեց եւ ասաց, որ Վազգեն Մանուկյանին երեւի քաղաքապետ նշանակեն…

«Каренные перемены»

– Կանխատեսումներ անելը քաղաքական գործչի համար անհրաժեշտ է, բայց արդեն մի քանի տարի է, ինչ մենք ստիպված ենք ոչ թե կանխատեսումներ, այլ կռահումներ անել,- ասաց Հրանտ Խաչատրյանը,- մեր հասարակությունում այսօր թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական գործընթացները տեղապտույտի մեջ են, եւ երաշխիքներ չկան, որ կատարված հաջորդ քայլերը կբխեն օբյեկտիվության եւ ոչ թե անձնական՝ սուբյեկտիվ գործոններից։ Արդեն մի քանի տարի է, ինչ Հայաստանում անհրաժեշտություն կա կարգուկանոն հաստատելու, որպեսզի իշխանավորները, բարձրաստիճան պաշտոնյաներն իրենք ենթարկվեն օրենքին եւ ոչ թե օրենքը ենթարկեցնեն իրենց. մի շատ լավ անեկդոտ կար խորհրդային ժամանակներում, երբ Կարեն Դեմիրճյանն առաջին անգամ դարձել էր Կենտկոմի առաջին քարտուղար, թղթակիցը նրան էր մոտեցել եւ հարցրել.

– Карен Серобич какие изменения будут в Армении?

– Будут каренные изменения,- ասել էր նա։

Հիմա էլ, երբ մարդիկ փոփոխությունների են սպասում, սպասում են կոնկրետ անձերից՝ Կարեն Դեմիրճյանից, Վազգեն Սարգսյանից եւ ոչ թե ընդհանուր համակարգից։

– Պրն Խաչատրյան, հիմա լավ չեմ հիշում՝ ձե՞ր թերթում էր, թե՞ մեկ այլ, այսպիսի կանխատեսում կար, թե մեկ տարի հետո Ռոբերտ Քոչարյանը կցրի պառլամենտը։ Ի՞նչ կասեք այդ մասին։

– Երբ իշխանական պաշտոնների շրջապտույտը տեղի է ունենում շատ նեղ վերնախավում, արդեն այնքան էլ հետաքրքիր չէ՝ խորհրդարանը կցրե՜ն, չե՜ն ցրի, ինչպե՜ս կցրեն, ո՜ւմ կցրեն։

– Իսկ հակառա՞կը՝ իմպիչմենտի գործընթացը։

– Համարժեք երեւույթներ են։

Եվ քանի որ պրն Խաչատրյանն ամբողջ մեր զրույցի ընթացքում բզբզում էր բջջային հեռախոսը, իսկ Հայկ Բաբուխանյանը անհանգստություն էր դրսեւորում, ու «Առավոտին» էնքան չէր սիրում, ինձ մնում էր հարցնել.

– Էս «սոտըվիները» ե՞րբ եք հետ տալու տիրոջը։

– Ես, որպես կապի մասնագետ, գիտեմ, որպեսզի յուրաքանչյուր գործ արդյունավետ ընթանա, անհրաժեշտ է, որ երեք տոկոս ծախսերը կատարվեն այդ ուղղությամբ։ Մեր կազմակերպությունն այդ հնարավորությունն ուներ, որպեսզի երեք տոկոս ծախսեր կապի միջոցների վրա։ Այնպես որ, հետ տալու խնդիր չկա, տերը մենք ենք։

– Եվ ո՞ւմ հետ եք «կապվում» այդ միջոցներով։

– Շատերի։

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930