ՀՀ Ազգային ժողովի նորընտիր նախագահ պարոն Կարեն Դեմիրճյանին եւ նոր վարչապետ պարոն Վազգեն Սարգսյանին
Կոնդ թաղամասը վերակառուցելու պայմանով 1989 թ. ապրիլի 24-ի թիվ 218 պետական որոշումով եւ մայիսի 29-ի թիվ 275 կանոնադրության համաձայն, Կոնդի առաջին եւ երկրորդ թաղամասերի բնակիչների սեփական բնակարանները քանդեցին եւ կազմեցին օրենքով սահմանված պայմանագրեր բնակիչների հետ, որպեսզի երկու տարվա ընթացքում մի մասի համար տեղում կառուցվեին պետական ցածրահարկ քոթեջատիպ բնակարաններ, իսկ մյուս մասին հատկացվեր հողատարածք՝ սեփական բնակարաններ կառուցելու համար, եւ աշխատանքներն ավարտվեին երկու տարվա ընթացքում։ Համաձայն պայմանագրերի, առանձնացվեց հողատարածք շինարարության համար եւ հատկացվեց գումար, սակայն աշխատանքները չավարտվեցին ֆինանսական միջոցների անբավարարության պատճառով։
Ելնելով վիճակից, 1992 թվականին փոփոխության ենթարկվեց 1989 թվականի որոշումը եւ մշակվեց նոր որոշում, որպեսզի քանդված եւ իրացված բնակարանների բնակիչների համար կառուցվեն բարձրահարկ պետական շենքեր Ֆրիկի եւ Արցախի փողոցներում։ Այդ նպատակով փոխվեց 72 ընտանիքների պայմանագրերը եւ նրանց համար Ֆրիկի փողոցում կառուցվեցին շենքեր եւ հանձնվեցին շահագործման մինչեւ 1998 թ., իսկ 81 ընտանիքների պայմանագրերը մնացին անփոփոխ՝ ուժի մեջ մինչեւ օրս, չկատարելով ոչ 1989 թ. եւ ոչ էլ 1992 թ. պետական նոր որոշումը, միաժամանակ վաճառելով բնակշինարարության համար հատկացված եւ քանդված սեփական տների հողատարածքները, որտեղ ոչ կոնդեցի մեծահարուստները կառուցեցին կոնդեցիների հաշվին պալատներ՝ կոնդեցիներին թողնելով անօթեւան, թափառաշրջիկ վիճակում շուրջ տասնմեկ տարի, որոնք կրում են ահավոր եւ տնտեսական, եւ բարոյահոգեբանական վնասներ՝ չունենալով ոչ տուն, ոչ աշխատավարձ, ոչ էլ պետությանը պահ տված ավանդներ։ Այդքանից հետո էլ երաշխիք չկա, թե պետությունը երբ է կատարելու իր սահմանադրական պարտավորությունները քաղաքացիների հանդեպ։
Վերը նշված անարդարացի գործողության համար տասնմեկ տարի շարունակ մեր դիմումներին պատասխանել են. «Համապատասխան ֆինանսների եւ ֆոնդերի առկայության դեպքում կանդրադառնանք ձեր դիմումի քննարկմանը»։ Հայտնում ենք, որ 1998 թ. օգոստոսին հրապարակայնորեն հանդես եկան նախկին վարչապետ Ա. Դարբինյանն ու քաղաքապետ Ս. Աբրահամյանը, եւ խոստացան երկու տարվա ընթացքում բոլորին ապահովել բնակարաններով։ 1999 թ. բյուջեն հաստատվելուց հետո դիմեցինք վարչապետ Ա. Դարբինյանին, մեր դիմումը հասցեագրվեց ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությանը, որտեղից հայտնեցին, որ 1999 թ. բյուջեով գումար է հատկացվել Կուզնեցով եւ Արշակունյաց փողոցների շինարարության համար, որտեղից հնարավոր է լուծել բնակարանային հարցը, սակայն քաղաքապետարանը մերժեց եւ պատասխանեց. «Այդ շենքերը կոնդեցիների համար չի նախատեսված»։ Իսկ «որտեղ եւ երբ է նախատեսված շենքեր կառուցել կոնդեցիների համար» հարցին, պատասխանում են՝ «Գրավոր որոշում չունենք»։ Եղած 1989 թ. եւ 1992 թ. որոշումներն էլ հաշվի չեն առնում։
Կարդացեք նաև
Խնդրում ենք պաշտպանել մեր քաղաքացիական օրենսդրական իրավունքները եւ բավարարել կոնդեցի 81 ընտանիքների արդարացի պահանջը։
ԳՈՀԱՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ