Վերջերս բոլորովին կողմնակի հարցով այցելել էի Երեւանի դատախազություն։ Սպասումս կրճատելու համար հետուառաջ էի անում միջանցքում, երբ Մուրադյան ազգանունով մի քննիչ կիսաբաց դռան արանքից գոռաց. «Աղջի, մի անկյունում կանգնիր, այստեղ քայլելն ընդունված չէ»։
Պատկերացրի՞ք այդ պարոնի մոտ կանչված հանցագործի կամ կասկածյալի վիճակը։ Պատկերացրի՞ք ինչ տոնով է նա խոսում իր մոտ հրավիրվածների, հարցաքննվողների հետ։ Այս փոքրիկ դիպվածը բավական էր, որպեսզի հստակ գծագրվեր այն իրավիճակը, որում հայտնվել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչները, որոնք վերջին մեկ տարում բազում ժամեր են անցկացրել Երեւանի դատախազությունում։
Կյանքում երբեւէ ոստիկանության ու իրավապահների հետ գործ չունեցած 40-ամյա ուսուցչուհուն կանչում են դատախազություն։ Մի հարկ բարձրանալուց հետո նա ոստիկանի ուղեկցությամբ իջնում է նկուղային հարկ, որտեղ հեղձուցիչ սենյակում նստած է վերը նշված քննիչի նման մեկը։ Մի քանի ժամ դեսից-դենից զրուցելուց եւ ոչ մի բան չարձանագրելուց հետո, երբ «զոհը» հիմնովին հոգնում է՝ սկսվում է հարցաքննությունը։ Այն կարող է առանց պատճառի ընդմիջվել 2-3 ժամով եւ հարցաքննվողը սպասումի ու տագնապի մեջ միայնակ կմտորի՝ մինչեւ կհիշեն իր գոյության մասին։ Իրավական շատ աղքատ գիտելիքներ ունեցող քաղաքացին գաղափար չունի իր իրավունքների, քննիչի իրավասությունների մասին։ Դա է պատճառը, որ վկայություն տալու համար կանչված մարդուն, քննիչը (գերազանցելով իր իրավասությունները) կարող է մեղադրանք պարունակող հարցեր տալ։ Կարող է ստիպել ցուցմունք տալ ինքն իր դեմ, իր մերձավորների դեմ, կարող է… կորզել իրեն հարկավոր ցուցմունքները եւ չպատժվել։
Իսկ վերջում հարցաքննվողին այնպիսի սթրեսի ենթարկել, որ իր ցուցմունքներն առանց կարդալու ստորագրի։ Ի դեպ, հարցաքննության ժամանակ երբեմն ցուցմունքները մարդը ոչ թե իր ձեռքով է գրում, այլ ինչ-որ մեկը մեքենագրում է։ Շփոթված ու հանկարծակիի եկած ուսուցչուհին սկսում է պատասխանել երբեմն ոչ միայն իր, այլեւ մեկ ուրիշի փոխարեն՝ իրեն պատկերացնելով նրա դերում։ Փորձում է արագ ազատվել այդ կտտանքներից, ասել այն, ինչ իրենից սպասում է ահասարսուռ քննիչը, միայն թե շուտ (գոնե մինչեւ գիշերվա ժամը 11-ը) հասնի տուն։ Տանը խիստ ամուսին, սկեսուր-սկեսրայր, հարեւաններ ունեցող պատվախնդիր կնոջ համար հեշտ չէ հարմարվել հարցաքննվողի կարգավիճակին։
Կարդացեք նաև
Իսկ հարցաքննության հաջորդ օրվանից ավելի բարդ շրջան է սկսվում՝ հոգեկան տառապանքի շրջանը, երբ թվում է յուրաքանչյուր բառդ հարված է քո կողմից հարգված տնօրենին, որի դեմ ուղղված հալածանքների ապօրինությանը դու չես կասկածում։ Որի ողջ կյանքը քո աչքի առաջ է եղել եւ դպրոցին նրա անշահախնդիր նվիրվածությանը հավատում է ողջ կոլեկտիվը։ Պատկերացրի՞ք իրավիճակը։
Բայց օրեցօր այս գործի մեջ խճճվող ու նորանոր սխալներ թույլ տվող դատախազությունը վիճակից ելքը տեսնում է շրջանավարտներին՝ 18-20 տարեկաններին գործում ներգրավելու մեջ (քննիչները անկեղծության պահերին խոստովանում են, որ այս գործից ազատվելուց հետո մատաղ են անելու)։
Առանց կոնկրետ ահազանգի եւ առանց կոնկրետ գործի հարուցման, թաղի ոստիկանություն եւ դատախազություն են հրավիրվում «Մխիթար Սեբաստացու» շրջանավարտները։ 1998 թվականին դպրոցն ավարտած Սոնային երկու անգամ կանչում են ոստիկանական հենակետ, պատճառաբանելով, թե իրենց դասարանի տղաները կռվել են, դրա համար են կանչում։ Լիլիթին հրավիրել ու պահանջել են մեկ առ մեկ նկարագրել իր դասընկերներին։ Կորյունի վկայականն են տարել տնից։ Մանկավարժական ինստիտուտում սովորող Լիլիային դատախազության քննիչը դեկանատում հայտարարել է, թե «Մխիթար Սեբաստացու» շրջանավարտների վկայականները պետք է ենթարկվեն փորձաքննության եւ եթե դրանք չեղյալ հայտարարվեն, ապա նրանք դուրս կմնան ինստիտուտից։ 1996 թ. շրջանավարտ Ասատուրի հորն են կանչել եւ պահանջել ցուցմունք տալ, որ գումար է տվել վկայական ստանալու համար։ Օրինակները շատ են եւ սրանց անունը «բեսպրեդել» է։ Խնդիրը մեկն է՝ ամեն գնով հիմնավորել Բլեյանի դեմ հարուցված մեղադանքը՝ փրկել համազգեստի պատիվը, որը վաղուց արատավորված է։ Եվ արատավորվել է այն օրը, երբ դատախազությունն ու ՆԳ վեցերորդ վարչությունը մտան դպրոց, երբ ողջ պետական մեքենան սկսեց աշխատել՝ իր առաջ դնելով մի նպատակ՝ քրեականացնել Աշոտ Բլեյան քաղաքական գործչին ու մանկավարժին։ Չէ՞ որ նախորդ իշխանությունների սխալներից դասեր քաղած այս նորերը հասկանում են, որ հերթական սկանդալից խուսափելու համար պետք է գործեն իրենց գործողությունները քրեական օրենսգրքին համապատասխանեցնելով։ Դա է պատճառը, որ 3-4 հազար դոլարին փող չասող քննիչը ծնողական աջակցության 1000-ական դրամներն է հաշվում արդեն շուրջ մեկ տարի։ Դա է պատճառը, որ այս կեղծ, սարքովի գործի մասին փաստաբան Տիգրան Ջանոյանը համառորեն պնդում է, որ դատական հեռանկար չկա։
ՀԱՍՄԻԿ ՇԱՀՎԵՐԴՅԱՆ