Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՈՒՐԻՇԻ ՆԱՄԱԿՆԵՐԸ

Հունիս 25,1999 00:00
namak

Բարոյակա՞ն զբաղմունք է արդյոք ուրիշի նամակները կարդալը։ Այս հարցը ինձ միշտ տանջել է։ Գիտակցական ողջ կյանքում փորձել եմ հակադրվել ուրիշի նամակներ կարդալու պարտադրանքին։ Բայց կրթական համակարգն անողոք էր։

Ուսուցչուհիները խոսքները մեկ արած պարտադրում էին կարդալ դրանք։ Նրանցից մեկ-երկուսը նույնիսկ ծայրահեղության էին հասել։ Գրականության ուսուցչուհին օրինակ ստիպում էր անգիր անել Տատյանայի նամակը Օնեգինին։ Պատմության ուսուցչուհին լրիվ չափն անցել էր՝ պարտադրեց անգիր անել զապորոժցիների նամակը թուրքական սուլթանին։ Ընդ որում, ակնարկելով, որ նամակից մի հատված հանվել է բարոյական նկատառումներով։ Կրթության համակարգը բարոյականության ոլորտում փաստորեն երկու ստանդարտ ուներ՝ ուրիշի նամակից մի հատված հանում էր, փոխարենը՝ պարտադրում կարդալ մնացածը։

Հետո, համալսարանում, մի դասախոս առանց քաշվելու հայտարարեց, որ դիպլոմի երես չի տեսնի այն ուսանողը, ով չի կարդա Էնգելսի նամակը Կաուցկուն եւ չի կոնսպեկտավորի այն։ Կրթական համակարգի արատների վրա ի վերջո ձեռք բերեցի մի արատավոր մասնագիտություն, ուր խրախուսվում է օտարների նամակներ կարդալը։ Խրախուսվում է բառի ամենաուղիղ իմաստով՝ աշխատավարձ են վճարում, հոնորար։ Հետեւաբար առանց խղճի խայթ զգալու կարդացի Հայաստանի տնտեսական ղեկավարների նամակը Միջազգային արժութային հիմնադրամի գործադիր տնօրեն Միշել Կամդեսյուին։ Նամակն, ինչպես հարկն է, սկսվում է «մեծարգո պարոն Կամդեսյու» արտահայտությամբ։ Հետո մեծարգո պարոնին տեղյակ է պահվում, որ 1998 թ. տարեսկզբին տեղի են ունեցել նախագահական ընտրություններ եւ «վարչական համակարգի փոփոխություններ»։ Հայտնի է, որ ՄԱՀ-ի հետ կնքված ընդլայնված կառուցվածքային բարեփոխումների վարկային պայմանագրի համաձայն հանրապետության կառավարությունը պարտավորվել է որոշակի ծրագիր իրագործել։ Իշխանափոխությունը մի քիչ ձգձգել է ծրագրի կատարումը, եւ դա բացատրվում է այսպես.

Երեկ լավ չէր ըմբռնվում, քանց վուր էսօր

«Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ այս անցումային ժամանակահատվածը նաեւ իր բարերար ազդեցությունն ունեցավ։ Մենք հավատացած ենք, որ այժմ ավելի լավ են ըմբռնվում ծրագրում արտացոլված քաղաքականության հիմնական նպատակները, դրանց հաջորդականությունը եւ ժամանակային առումով ճշգրիտ իրականացման կարեւորությունը»։

Կոշտ ու ճկուն՝ միանգամից

«… Շարունակելու ենք իրականացնել կոշտ դրամավարկային քաղաքականություն՝ ճկուն արժութային քաղաքականության սահմաններում»։

Ինչպես է դա հնարավոր

«… ՀՀ կառավարությունը խնդրում է, որ տրամադրվի ընդլայնված կառուցվածքային բարեփոխումների վարկի ծրագրի շրջանակներում երրորդ տարվա պայմանավորվածությունը՝ 33,75 մլն SDR-ի չափով (կոպիտ՝ մոտ 50 մլն դոլար- Ա. Գ.)»։

Վերջը ունե՞նք, թե՞ չունենք պարտավորություններ օտարների առաջ

«Մենք խնդրում ենք, որ ստանձնած պարտավորությունների ժամկետը երկարացվի՝ սպասվելիք պայմանավորվածության ներքո երկրորդ տրանշի վճարման համար բավարար ժամանակ ապահովելու նպատակով»։

Ստորագրություն

1998 թ. դեկտեմբերի 8-ին ուղարկված նամակի տակ ստորագրել են. «Հարգանքներով՝ Արմեն Դարբինյան-ՀՀ վարչապետ, Էդուարդ Սանդոյան- ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար, Տիգրան Սարգսյան- Կենտրոնական բանկի նախագահ»։

Կից փաստաթուղթ

Նամակին կից մեծարգո պարոն Կամդեսյուին ուղարկվել է նաեւ փաստաթղթի մի փաթեթ։ Դրա ընթերցումն իհարկե գեղարվեստական պակաս հաճույք կպատճառի, քան հայտնի «Նամակ(ը) Ռուսաց թագավորին»։ Առաջիկայում բնականաբար կներկայացնենք, թե ինչ ծրագրերի համար է կառավարությունը ծախսում իր խնդրած 50 մլն դոլարը։ Հիմա մեր խնդիրն այլ է՝ պարզապես առաջարկել ընթերցել օտար նամակի հետաքրքիր հատվածները։ Հատկապես, որ նամակի բովանդակությունն ամենաանմիջական կապ ունի ձեր իսկ գրպանի պարունակության հետ։

Էներգետիկ վիագրա

«Ինչ վերաբերում է սակագներին, ապա էներգետիկայի հանձնաժողովը 1998 թ. նոյեմբերի 11-ին հայտարարել է, որ 1999 թ. հունվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագները միջին հաշվով բարձրանում են 12,5 տոկոսով։ Դրանից հետո սակագների կառուցվածքի համապատասխանությունը կվերանայի կիսամյակը մեկ անգամ խորհրդակցելով Համաշխարհային բանկի հետ. առաջին նման վերանայումը տեղի կունենա 1999 թ. հունիսին»։

Ինչպես է վերադարձվում արտաքին պարտքը

«Մենք ՀՀ ԱԺ-ին դիմել ենք սեփականաշնորհման հաշվից 5,5 մլրդ դրամի (շուրջ 10 մլն ԱՄՆ դոլար) համարժեք լրացուցիչ միջոցների օգտագործման թույլտվություն ստանալու նպատակով։ Այս լրացուցիչ հատկացումը, 1998 թ. պետական բյուջեում արտաքին պարտքի մարման համար նախատեսված 3,4 մլրդ դրամի (շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար) հետ միասին կօգնի կարգավորել նշված երկարատեւ խնդիրը»։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930