Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԹԵ ԷԴ ՆՈՐ ՄԱՆՈՒԿԸ ՍԻՐՈ՜ ԱՐԴՅՈՒՆՔ Է…

Հունիս 25,1999 00:00
Suren abrahamyan

Մարդամոտ, հումորի զգացումը տեղը, Երեւանից մի բան աչքերի մեջ դրած՝ Ջհանգիրիչը ինքն անձամբ եկավ, որ խնդրածս հարցազրույցն իրականացնենք։

Իսկ դուք ասում եք՝ ժողովրդավարական արժեքների իսպառ վերացո՜ւմ, բյուրոկրատիայի ծաղկո՜ւմ… «գիտահետազոտակա՜ն-միտահետազոտակա՜ն»։

– Ինչպե՞ս եք, պրն նախարար։

– Ծանրաբեռնված։

– Ինչի՞ց եք սկսել։

– Արդեն ասել եմ՝ զայրանալուց։

– Որ զայրացաք-պրծաք՝ հետո՞ ինչ արիք։

– Գլխավոր շտաբի պետից պահանջեցի նախարարության մեկ տարվա կատարածի ամփոփ տեղեկագիրը։ Այնուհետեւ հանձնարարեցի փոխնախարարներին՝ իրենց սպասարկած ոլորտների կառուցվածքն ու իրականացվելիք աշխատանքները ներկայացնեն։ Այցելել եմ նախարարության հերթապահ մաս, որովհետեւ այն մեր համակարգի ողնաշարն է, ճիշտ շարժման «կոդը» էնտեղ է հավաքված։ Մեր նախարարությունը փաստորեն սերտաճել էր ԱԱ նախարարության հետ, անհրաժեշտ էր կառուցվածքային փոփոխություններն արագացնել…

– Սերտաճած ասացիք՝ հիշեցի. սերտաճած մյուս երեւույթների դե՞մ երբ եք «կռիվ» սկսելու եւ արդյո՞ք սկսելու եք։

– Կռի՜վ-պատերա՜զմ չասենք։ Դա մեր ամենօրյա աշխատանքն է լինելու։

– Էդ տեսակ դեկլարատիվ հայտարարություններ շատ ենք լսել։

– Նայած՝ թե ով է արել էդ դեկլարատիվ հայտարարությունները։ Մենք լուրջ խնդիրներ պիտի լուծենք ե՛ւ համակարգի ներսում, ե՛ւ դրսում։

– Ասիք դրսում՝ հիշեցի. այսօր գործի գալիս մեր երթուղային տաքսին երկու անգամ ոստիկանների կողմից կանգնեցվեց, վարորդն առանց փաստաթղթի, գրպանից հանեց 500 դրամը, ձեռքը բռնեց, գնաց ոստիկանին «բարեւելու». երկրորդ անգամի համար էլ իմ հարցին, թե՝ օրը մի անգա՞մ չի, ասաց՝ երեկ չէի տվել։ Դեռ ոստիկանական պետությո՞ւն ենք, հա՞։

– Ի դեպ, եթե ամբողջ համակարգի մասին դատենք քո պատմածով (Աստված էլ տվել-չի խնայել գրչիդ զորություն) ու եթե էդ «զորությունն» ուղղեք մի քանի այդպիսի էպիզոդների վրա, ապա համակարգի մասին հաստա՛տ սխալ պատկերացում կձեւավորվի։ Ինչ խոսք, սեպուհ խնդիր է ոստիկանի բարոյական նկարագրի վերականգնումը. իհարկե, այդ առնչությամբ անելիքները շատ-շատ են, սակայն պետք է փաստել, որ բավականին էլ գործ արդեն իսկ կատարված է։

– Նախկին նախարար Սերժ Սարգսյանը մի առիթով ասել էր մոտավորապես հետեւյալը, որ ոստիկանները շատ քիչ են վարձատրվում, ուստի ինչ-որ տեղ «հասկանալի» են նմանատիպ դրսեւորումները, դո՞ւք էլ եք այդպես մտածում։

– Կա՜, իրավական նիհիլիզմ կա, իշխանական նիհիլիզմ էլ կա։ Բայց այդ նիհիլիզմը մեկ օրվա մեջ չես վերացնի։ Ես շոուների-տոտալ միջոցառումների սիրահար չեմ։ Իմ քայլերը լինելու են՝ հաստատակամ-ամուր՝ ի շահ ժողովրդի։

– Իսկ կադրային զտումներ համակարգում իրականացվելո՞ւ են։

– Իհա՛րկե։ Բնական է, որ նոր ու թարմ ուժերով կհամալրվի համակարգը։ Բայց կադրային ջարդ, կադրային տոտալ քաղաքականություն չի իրականացվելու. ամեն ինչը հավասարակշռված առաջ է գնալու. ամեն պաշտոն իր նվիրյալին է գտնելու։ Մի բան եւս. ՆԳՆ-ն պարփակված համակարգ պահելը ես սխալ եմ համարում, եւ լրատվական, եւ մյուս անհրաժեշտ ծառայությունների գործունեությունն ավելի թափանցիկ է դառնալու (հետո մեր բանավոր զրույցի ժամանակ ՆԳ նախարարն ասաց, որ «02» շաբաթաթերթն ավելի բաց է դարձնելու. «Թող գնան, գզեն միլպետերին»- Կ. Դ.)։

– Ժամանակին Սերժ Սարգսյանը խոստացել էր աղմկահարույց գործերի շուտափույթ բացահայտում, որի ականատեսը մինչ այսօր չեղանք։ Դո՞ւք ինչ կասեք այդ մասին։

– Ասեմ, որ այդ ուղղությամբ բավականին աշխատանք է տարվել, եւ մի քանի գործեր կան ընդամենը, որոնց մասին ինֆորմացիան հանրությանը դեռեւս անհասու է։

– Դուք ո՞ր գործերը նկատի ունեք։

– Նկատի ունեմ Վահրամ Խոռխոռունու եւ Արծրուն Մարգարյանի գործերը։ Այդ գործերը հանրապետության դատախազության վարույթում են գտնվում եւ, ես դեռեւս չեմ հասցրել գործերի նրբություններին ծանոթանալ, սակայն կանխավ հավաստում եմ, որ իմ կողմից, որպես համակարգի ղեկավարի, ամենայն աջակցություն է լինելու՝ այդ «գործերի» օբյեկտիվ լուծման հետ կապված։

– Որպես համակարգի ղեկավար, համամի՞տ եք շրջանառության մեջ դրված վարկածներից մեկի հետ, ըստ որի Արծրուն Մարգարյանն ինքնասպանություն է գործել։

– Խնդիրն իմ «կոմպետենցիայի» մեջ չի մտնում։ Իմ գնահատականը, որպես պրոֆեսիոնալի, անշուշտ կլինի։ Երկրորդեմ, որ գործին ամբողջապես ծանոթ չեմ, բայց ամեն բան անելու եմ, որ գործն օբյեկտիվ վերջաբան ունենա՛։

– Վերջերս շրջանառության մեջ է մի «պատմություն» եւս. նկատի ունեմ Վահան Հովհաննիսյանի «կրակելու» լուրը։ Եղե՞լ է նման բան, թե՞ հերթական անգամ «Առավո՜տը» հասկանո՜ւմ եք…

– Նշանակություն չունի, թե ով է գրել-ինչ է գրել։ Այսպիսի հարցերում պետք է շատ զգույշ լինել, որովհետեւ, եթե զուտ շարքային քաղաքացու վերաբերյալ այդ կարգի հրապարակումներն ինքնին «հետազոտման» կարիք են զգում, ապա առավել եւս, երբ խնդիրն առնչվում է ԱԺ հանձնաժողովի նախագահին։ Մենք, անկեղծ ասած, պաշտոնական ոչ մի ինֆորմացիա չունենք։ Բայց կարծում եմ, որ իմ կողմից համապատասխան հանձնարարություն կլինի, իհարկե, որեւէ մեկի ինքնասիրությունը չվիրավորող, որպեսզի լուրի հիմնավորվածությունը ստուգվի։

– Եվ վերջին հարցը. սիրո ծնունդ ձեր Երեւանի գլխին ո՞ւմ կցանկանայիք տեսնել։

– Պատասխանատվությունս այնքա՜ն մեծ է էդ քաղաքի հանդեպ, որ չէի ցանկանա պատասխանատվություն վերցնել եւ ինչ-որ մեկի անունը տալ։ Բայց շա՜տ կուզենայի, որ նա ինձ նման Երեւանը սիրեր։

ԿԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930