Հարգելի պարոն գլխավոր խմբագիր։
Մենք՝ ՀՍԴՀԿ Վարիչ մարմնի անդամներս, անկեղծորեն Ձեզ շնորհակալություն ենք հայտնում Մայր կուսակցության պրոբլեմների նկատմամբ չմարող հետաքրքրության համար։
Մեր կուսակցության նախագահի, 1995 թ. մինչ օրս ՍԴՀԿ համահայկական կենտրոնական վարչության անդամի՝ Էռնեստ Սողոմոնյանի ճանաչված քաղաքական գործիչ դառնալու հանգամանքում անձամբ Ձեր եւ «Առավոտ»-ի դերերը անուրանալի են։
Եթե մեր հանրապետության ազատ մամուլը նշված օրինակով մշտապես աջակցի ՀՍԴՀԿ-ին, մենք կարճ ժամանակում կվերականգնենք կուսակցության իրական ոգին, նրա ազգային գործելակերպը՝ հանուն մեր պետականության ամրապնդման։
Կարդացեք նաև
Մենք շնորհակալ ենք նաեւ այն մարդկանցից, որոնք նաճարյանականությունից մաքրման գործընթացում հեռացված լինելով կուսակցությունից, մեր ընկերոջ անձի պրոպագանդան են ծավալել՝ այդ ո՞ր քաղաքական գործչի անուն-ազգանունը ԱԺ հետընտրական շրջանում, այսպիսի մեծ շարվածքով, որպես վերնագիր լույս է ընծայվել որեւէ պարբերականում։ Այսպիսի ամեն մի հրապարակումից հետո զգալի ավելանում է մեր կուսակցության շարքերը ընդունել ցանկացողների թիվը, քանզի կուսակցությունից հեռացված մոլորյալների ողջ վարկածը կառուցված է ստի եւ կեղծիքի վրա։
Ահավասիկ, երեք օրինակ։ Եթե մայիսի 7-ից Հայաստանում գործող Վարիչ մարմինը չէր ընդունվում, այդ ինչպե՞ս է, որ մոլորյալներից մեկը «Հնչակյան լրատուն» է խմբագրել, իսկ մյուսը 98-ի հուլիսի 27-ին Էռնեստ Սողոմոնյանի ղեկավարած ՍԴՀԿ Վարիչ մարմնին դիմում է ներկայացնում իր անդամակցությունը դադարեցնելու վերաբերյալ, մասնակցում Սոսե մայրիկի եւ Սարդարապատի հերոսամարտի միջոցառումներին (կուսակցության արխիվից փաստերը կցում ենք)։
Ինչեւէ, մենք կրկին այն կարծիքին ենք, որ Հնչակյանությունը, որը հազարավոր նվիրյալների զոհեր է տվել մեր անկախության համար, պիտի գիշեր ու ցերեկ աշխատի, որպեսզի իրեն հասանելիք ուրույն տեղը գրավի քաղաքական դաշտում։ Ընթացիկ ամսվա 15-ին ՀՍԴՀԿ կենտրոնական գրասենյակում նշվեց Հնչակյան 20 հերոսական նահատակների 84-րդ տարեդարձը։ Կուսակցության շարքերը ընդունվողների հետ մեկտեղ, մենք մեկ անգամ եւս վճռականություն հայտնեցինք հանուն հայ ժողովրդի բոլոր նահատակների՝ բարձրացնել կուսակցության վարկը, նրա քաղաքական կշիռը։
Հեռացվածները, եթե կարող են, թող աշխատեն՝ այլեւս ի՞նչ գործ ունեն մեզ հետ։ Հյուրախաղերի ժամանակն անցել է, պարոնայք…
ՀՍԴՀԿ Վարիչ մարմին
«Առավոտը» պարտավորվում է մինչեւ սեպտեմբերի մեկը իրար մեջ «հնչակությունը» վիճարկող գործիչներից որեւէ մեկին այլեւս ամբիոն չտրամադրել։