Հարցազրույց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ
-Պարոն Միրզախանյան, «Երկիր» օրաթերթի գլխավոր խմբագիր օրիորդ Շաղիկ Մարուխյանը մի հրապարակման մեջ անդրադարձել է, որ ՀՀ նախագահը ՀՅԴ-ին 15 տոկոս տեղեր է խոստացել խորհրդարանում, իսկ ձեզ որեւէ բան խոստացվե՞լ է։ Եթե այո՛, ապա ինչո՞ւ այդ տեղերը չեք ստացել, եթե ո՛չ, ապա ինչո՞ւ ձեզ չեն կարեւորել այդ գործում։
– Նախեւառաջ կամենում եմ հստակորեն ասել՝ մեզ ոչ ոք որեւէ խոստում չի տվել։ Քանի որ դուք մատնանշեցիք օրիորդի հրապարակումն իր իսկ խմբագրած թերթում, ապա թույլ տվեք կասկածել, որ խոստումներ եղել են նաեւ այլ կուսակցություններին։ Թեպետ, ինչ վերաբերում է այլ քաղաքական ուժերի, մենք, անշուշտ, զուտ ենթադրությունների լեզվով կարող ենք խոսել։
– Ուրեմն դուք չե՞ք հավատում, որ ՀՅԴ-ին ինչ-որ բան է խոստացվել։
Կարդացեք նաև
– Եթե ես ասում՝ եմ կասկածում եմ, դա արդեն նշանակում է, որ համոզված լինել չեմ կարող։
– Դուք առիթ եք ունեցել կասկածի տակ առնել նաեւ ընտրությունների արդյունքները, բայց, գուցե թե, առաջին արձագանքից զատ, խոր վերլուծություններ եւս կատարել եք։ Հիմա ձեզ պարզ է, թե որն էր ռամկավարների անհաջողության պատճառը։
– Ես չեմ ուզում, որ մենք միանշանակ հայտարարենք, թե ընտրություններն արդար չեղան։ Մենք բազմակողմանի գնահատական ենք տվել թե ընտրությունների ընթացքին, եւ թե արդյունքներին։ Պետք է մատնանշեմ ընտրությունների գնահատման մի ասպեկտը, որի վերաբերյալ, կարծես, մյուս քաղաքական ուժերը վերաբերմունք չեն դրսեւորել։ Մեր կարծիքով, այն արդյունքը, որն ունեցավ ՀՌԱԿ-ը, հետեւանքն է նաեւ կուսակցության գործող կառույցների ժամանակի պահանջներից հետ մնալու իրողության։ Այս հիմքով էլ ՀՌԱԿ հանրապետական վարչությունը լուրջ խնդիր է դրել՝ վերակառուցումներ իրականացնել կուսակցական կառույցներում։ Դրանք նախեւառաջ պետք է նպատակաուղղված լինեն այն բանին, որպեսզի կուսակցական կառույցները իրենց գործունեությամբ զորու լինեն կազմակերպել արդյունավետ ընտրություններ։ Կա նաեւ երկրորդ հանգամանքը։ Անցած ընտրությունները հստակորեն ցույց տվեցին, որ արդյունքների վրա վճռորոշ ազդեցություն ունեցան նյութական միջոցները եւ իշխանական օղակների, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման մարմինների ազդեցության լծակները։ Ես այս ամենն ասում եմ ոչ թե արդարանալու համար, այլ արձանագրելու, որ ժողովրդավարության շատ ավելի բարձր մակարդակ ունեցող պետություններում նույնպես նյութական հանգամանքը շատ եւ շատ կարեւոր դեր է խաղում։
Այստեղ այլ խնդիր է ծագում՝ նյութական ներգործության հնարավորությունը պետք է որոշակիացված լինի՝ համակարգված օրենքով։ Մեզանում եւս ինչ-որ չափանիշներ են սահմանված, թե որքան կարող են ծախսել ընտրամիավորները կամ անհատ թեկնածուները։ Սակայն, իրողությունը եւ այն, ինչը ցուցադրվում է՝ միանգամայն տարբեր են։ Մեզ հրամցվում են շատ փոքր թվեր, որոնք թույլատրելի մաքսիմումից էլ շատ հեռու են։ Սակայն, իրականության մեջ միանգամայն այլ ծախսեր են կատարվում։ Սա բավականին բարդ խնդիր է, եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի օրենքը դրա լուծումներն արձանագրի։ Դրանից, ի դեպ, լրջորեն կշահի պետությունը, որովհետեւ կգանձվեն համապատասխան հարկեր։
Այլ հարց է, թե ով էր ի վիճակի նյութական միջոցներ ներդնել։ Ռամկավարների կարծիքով, ամենից անընդունելին տեղական ինքնակառավարման մարմինների էական դերակատարությունն է ընտրությունների ժամանակ։ Այդ դերը նրանք ունեն եւ չեն ցանկանում որեւէ լիազորություն զիջել։
Այս ընտրություններն այլ առանձնահատկություն էլ ունեցան։ Ի տարբերություն 95-ի, երբ իշխանության ընտրամիավորը «Հանրապետությունն» էր, այս անգամ իշխանությունը բազմաթեւ էր։ Պատկերացնո՞ւմ եք, թե սկզբում որքան մեղկ դրության մեջ էին այդ գործկոմիկները, որոնք համայնքների ղեկավարներն են։ Սակայն նրանք շատ արագ կողմնորոշվեցին, եւ, ինչպես տեսնում եք՝ վատ չեն աշխատել, իսկ ֆավորիտը «Միասնություն» դաշինքն էր։
– Իսկ դուք ընտրությունների վրա ֆինանսապես ներազդելու հնարավորություն չունեի՞ք։
– Ես կարող եմ շատ կարճ պատասխանել։
– Պատասխանեք։
– Չունեինք։
– Բայց, պարոն Միրզախանյան, արդեն քաղաքական միջանցքներում խոսակցություններ կան, թե Երվանդ Ազատյանը բողոքել է, որ այս անգամ էլ ձեր ուզած փողը, որքան որ պետք էր, ուղարկել ենք։ Ինչո՞ւ հաջողություն չունեցաք։
– Միանգամից ասեմ, այդ հարցը կամ հենց նոր հնարեցիք, կամ ուղղակիորեն մեր զրույցում ցանկանում եք պաշտպանել «Առավոտի» ոճը։
Դա չի համապատասխանում իրականությանը։ Ես ուզում եմ ընդգծել մի շատ կարեւոր իրողություն։ Վերջերս սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց, որ ՀՌԱԿ-ը իսկապես հայաստանյան կուսակցություն է դարձել։ Նա նկատի ուներ, որ ֆինանսական ներազդեցությունը մեզ մոտ հավասար է զրոյի։ Այդպիսի եզրակացության եկել է ինքը՝ հետազոտողը։
Այո, ոչ միայն ՀՌԱԿ-ի, այլեւ այլ կուսակցությունների ֆինանսական հնարավորությունները սակավ էին։ Կային սակավաթիվ ֆավորիտ ընտրամիավորներ, որոնց համար եւ փող էին ծախսում նրանց պաշտպանյալ թեկնածուները։ «Միասնությունը» որեւէ գումար չէր ծախսում, սակայն նրա փոխարեն դա անում էին նրանք, ովքեր այսօր որակ են կազմում ԱԺ-ում։
Այնպես որ… Էհ, խեղճ Ազատյան։ Խեղճ ռամկավարներ, որ ապրում եք օվկիանոսից այն կողմ՝ ձեր գումարային հասկացություններով հանդերձ։ Հայաստանը, գիտեք, այս առումով շատ է առաջ գնացել։
– Եւս մեկ հարց։ Ինչպե՞ս եք վերաբերվում այն իրողությանը, որ ՀՌԱԿ-ը Հայաստանի տարածքով մեկ ստացել է գրեթե նույնքան ձայն, որքան Վանո Սիրադեղյանը՝ միայն մեկ՝ թիվ 75 ընտրատարածքում։
– ՀՌԱԿ-ը մեր ժողովրդի մի մասն է։ Ես չէի ցանկանա ասել՝ այն թիվը, որը պաշտոնապես արձանագրված է իբրեւ ՀՌԱԿ-ի ստացած ձայների քանակ, դրանից ավելի քվեներ ենք ստացել։ Ես համոզված եմ նրանում, որ մենք 5 տոկոսանոց արգելքը չենք հաղթահարել, ինչպես 95-ին համոզված էի հակառակի մեջ։
Ինչ վերաբերում է մաժորիտար համակարգով առաջադրված ցանկացած թեկնածուի, ապա նրանց համար յուրաքանչյուր ձայնը շատ ավելի տեսանելի է։ Նա պայքարում է յուրաքանչյուր ձայնի համար։ Կարծում եմ, որ ձեր մատնանշած փաստը թույլ է տալիս եզրակացնել, որ մատնանշված թեկնածուն, իրոք, այդ հնարավորությունները ուներ։
ԱՐՄԵՆ ԶԱՔԱՐՅԱՆ