Այսօր երեկոյան Լյուքսեմբուրգ եւ Բելգիա կատարած այցից վերադարձավ Հայաստանի պետական պատվիրակությունը՝ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ:
«Զվարթնոց» օդանավակայանում նախագահին դիմավորեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, պաշտպանության նախարար Վաղինակ Հարությունյանը, ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը, ներքին գործերի նախարար Սուրեն Աբրահամյանը, տրանսպորտի նախարար Երվանդ Զախարյանը, նախագահի աշխատակազմի ղեկավար Ալեքսան Հարությունյանը:
-Մեր հանդիպումները կազմակերպված էին բավական բարձր մակարդակի վրա եւ ես համարում եմ, որ արդյունքները լավ էին,- օդանավակայանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Նախագահը հայտնեց, որ Ադրբեջանի վարչապետի հետ առանձնազրույց չի եղել, քանի որ անհրաժեշտություն չկար՝ տնտեսական կապերի բացակայության պատճառով, կային պայմանավորվածություններ նախագահ Ալիեւի հետ, սակայն վերջինս չկարողացավ գալ, եւ քննարկումներ տեղի չունեցան: Փոխարենը կայացել է հանդիպում Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հետ, քննարկվել են երկկողմ հարաբերությունների, տնտեսական կապերի, տարածաշրջանային ծրագրերի համատեղ իրականացման հարցեր, նշեց նախագահ Քոչարյանը, չցանկանալով մանրամասնել ասածը:
Կարդացեք նաև
Խոսելով Լյուքսեմբուրգում երեք պետությունների կողմից ընդունված համատեղ հայտարարության կոնկրետ նշանակության մասին, նախագահը շեշտեց, որ հուլիսի 1-ից մենք դիտվում ենք Եվրոպական միության կողմից որպես գործընկեր, որի հետ ծավալվում է քաղաքական երկխոսություն:
Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-Ի գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի կոչին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երխոսության ընդլայնմանը, նախագահ Քոչարյանը հայտարարեց, որ դա ամենեւին չի նշանակում, թե բանակցային գործընթացը աստիճանաբար կամ մասնակիորեն ԵԱՀԿ-ից կարող է անցնել ՆԱՏՕ-ի իրավասությանը, Սոլանան հայտարարել է, որ ՆԱՏՕ-Ն չի մասնակցելու բանակցային գործընթացին:
ԱՐՄԵՆՊՐԵՍ