Լրահոս
Օրվա լրահոսը

Արհեստավարժ խնջույքի հրավեր

Հունիս 25,1999 00:00
Armen Darbinyan

Հարգելի պարոն Աբրահամյան. «Առավոտ» թերթի հրապարակումներից երեկվանն առաջինը չէ, որ անդրադառնում է Արմեն Դարբինյանի կյանքին ու կենցաղին վերաբերվող մանրամասներին։ Մեր հասարակությունը բազմիցս համոզվել է, որ արեւմտյան «դեղին» մամուլի չափանիշներին ձգտող (սա եւս բիզնեսի ձեւ է) «Առավոտը» առիթը բաց չի թողնում նշավակելու հասարակական գիտակցության մեջ ակնհայտ համակրանք վայելող քաղաքական ու պետական գործիչների կյանքի կենցաղային մանրամասները։

Բարեբախտաբար, անհեթեթ «փաստերի» կարծես թե պատահական արձանագրմամբ Ա. Դարբինյանի քաղաքական վարկանիշը խաթարելու «նախաձեռնող խմբի» անհագ ցանկությունը այդ նպատակին հասնելու հերթական անհաջող փորձն է միայն։

Շտապեմ մեկ անգամ եւս փարատել «նախաձեռնող խմբի» «մտահոգությունները»։ Նախ՝ սպիտակ ջիպի մասին։ Այն հաշվառված էր Հայաստանի Հանրապետության կապի նախարարության հաշվեկշռում եւ անսարքության պատճառով չէր օգտագործվում։ Նշանակվելով ՀՀ վարչապետ, Ա. Դարբինյանը օգտվում էր այդ մեքենայից նախ՝ ավելորդ ծախսերից խուսափելու նպատակով, եւ ապա՝ «ջիպը» միակ մեքենան էր, որով հնարավոր էր հասնել Հայաստանի հեռավոր բնակավայրերը, ուր պարբերաբար այցելում էր նախկին վարչապետը։

Այսօր էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարարությունները դեռեւս տարանջատված չեն, հետեւաբար բաժանված չէ նաեւ ավտոպարկը։ Նշված նախարարությունների պաշտոնյաները դեռեւս շարունակում են օգտվել իրենց նախկին ծառայողական մեքենաներից։ Ի դեպ, կառավարության ավտոպարկի՝ վարչապետին կցված երեք մեքենաներից յուրաքանչյուրը, այդ թվում եւ «սպիտակ ջիպը», օրական ստանում էր ընդամենը 15 լիտր բենզին։ Ինչ վերաբերվում է «դաչային», ապա «ընդունման եւ հանձնման գործընթացը» դեռ ավարտված չէ։ Պրն Դարբինյանն ուրախությամբ կհյուրընկալի Ձեզ իր բնակարանամուտի խնջույքին (Ձեր պատվին կազմակերպված)։

Ավելացնեմ նաեւ, որ Արմեն Դարբինյանը շատ ավելի կարեւորում է գոյություն ունեցող եւ չունեցող «փաստերի» հրապարակման Ձեր թերթի եւ Ձեր անձի իրավունքը, քան սեփական վարկանիշի խաթարման հնարավորությունը, քանզի առաջինը մեր երկրում քաղաքական դեմոկրատիայի ամրապնդման իրական նախապայմաններից է, իսկ Արմեն Դարբինյան քաղաքացու եւ քաղաքական գործչի հայեցակարգային գերխնդիրը կա եւ մնում է ժողովրդավարության եւ քաղաքացիական հասարակարգի ամրապնդմանը նպաստելը։

Հարգանքով՝

ԱՇՈՏ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Արձանագրենք, որ ա) էկոնոմիկայի նախարարը չի բարեհաճում անձամբ պատասխանել թերթի հրապարակմանը, այլ դիմում է մեր գործընկերոջ օգնությանը, որի ներկայիս պաշտոնը նյութում նշված չէ, բ) բերված նյութում հերքված չէ մեր հրապարակման մեջ տեղ գտած ոչ մի փաստ, գ) չգիտենք, ինչպես հասարակությունը, բայց «Առավոտը» «ակնհայտ համակրանք» ունի պրն Դարբինյանի նկատմամբ, ուստի եւ ցանկանում է, որ նա պատրանքներ չունենա ոչ սեփական վարկանիշի, ոչ էլ իր չինովնիկական արտոնությունների հավերժության վերաբերյալ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930