Այս տարվա մարտից գործում է ՀՀ օրենքը փախստականների մասին։ Օրենքներ գրել եւ քննարկել մի կերպ սովորեցինք, բայց օրենքները կոնկրետ գործերում կիրառել դեռեւս չենք կարողանում, ավելի ճիշտ՝ չենք ուզում կիրառել։ Հայաստանում արդեն տասը տարի շարունակ փախստականի կարգավիճակը դարձել է հայտնի եւ անուրանալի իրողություն։ Փախստականներ կան, նրանց մասին օրենքն էլ տաս տարվա ընթացքում մի կերպ գլուխ բերվեց։ Բայց ինչպես միշտ, որեւէ բան (այս դեպքում՝ օրենք) ունենալը եւ այն գործածելը բոլորովին տարբեր բաներ են։
Լավ թե վատ, փախստականների մասին ՀՀ օրենքը կա։ Ըստ այդ օրենքի, ՀՀ տարածք մտած ցանկացած օտարերկրացի (որը չի եկել աշխատանքային գործուղման, զբոսաշրջության եւ այլն) պարտավոր է դիմել իշխանություններին եւ ձեւակերպել համապատասխան կարգավիճակ։ Հակառակ դեպքում իշխանություններն իրավունք ունեն տվյալ մարդուն վտարել Հայաստանի տարածքից։ Վասիլի Ֆեոդորովիչ Լոմտեւը արդեն մեկ ամիս է անլեգալ բնակվում է Հայաստանում։ Երկիր մուտք գործելուց անմիջապես հետո նա դիմել է իշխանություններին (ՆԳ նախարարություն, փախստականների վարչություն)՝ ժամանակավոր բնակության մասին փաստաթուղթ ստանալու խնդրանքով։ Ամեն տեղ նրան մերժել են, ավելի ճիշտ՝ չեն պատասխանել։ Ոչ ոք չգիտեր, թե ի՞նչ պետք է տրվի մարդուն, ինչպես պետք է փաստաթղթային ձեւակերպում ստանա մարդու ֆիզիկական գոյությունը։
Հետաքրքիր է, որ Վասիլի Լոմտեւին նման անտարբեր վերաբերմունքի են արժանացրել նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում։ Իսկ Ավստրիայից նրան պարզապես վտարել են։ 1989-ին Վասիլի Լոմտեւը Ռուսաստանից մեկնել է Գերմանիա եւ քաղաքական ապաստան խնդրել։ Նրան մերժել են։ Լոմտեւը մեկնել է Ավստրիա։ Քաղաքական ապաստան այստեղ եւս նրան չի տրվել։ Սակայն 1989 թ. սեպտեմբերի 15-ին նա գրանցվել է Ավստրիայում եւ բնակության իրավունք է ստացել։ Այնուհետեւ ամուսնացել է Ավստրիայի քաղաքացուհու հետ եւ համատեղ բնակության իրավունքով հաստատվել է Վիեննայում։ Սակայն 1997-ի նոյեմբերի 20-ին Վ. Լոմտեւի պատմելով, նրան գողացել են եւ արտաքսել Վիեննայից՝ առանց փաստաթղթի, առանց հագուստի եւ գումարի։ Իր այսպիսի վիճակում հայտնվելը Վ. Լոմտեւը բացատրում է նրանով, որ ինքը բազմաթիվ ելույթներ է ունեցել, որոնցում դատապարտել է ավստրիական իշխանություններին՝ մարդու իրավունքների կոպիտ ոտնահարման համար։
Վ. Լոմտեւի ասելով, ինքը միջազգային «Ամնիստ-ինթերնեյշնլ» կազմակերպության ավստրիական մասնաճյուղի անդամ է։ Սակայն, առնվազն տարօրինակ է, որ տվյալ կազմակերպությունը որեւէ կերպ չի պաշտպանում իր անդամի իրավունքները։ Վ. Լոմտեւը այս տարվա մայիսի 27-ին դիմել է Հայաստանի Սախարովի անվան հիմնադրամ եւ խնդրել է օգնել իրեն։ Հիմնադրամը հարցում է հղել «Ամնիստ-ինթերնեյշնլ» կազմակերպությանը (4 օր առաջ), ճշտելու՝ արդյո՞ք Վ. Լոմտեւը այս կազմակերպության անդամ է։ Պատասխան դեռեւս չկա։
Կարդացեք նաև
Փաստորեն մարդը կա, բայց մարդը՝ չկա։ Արդեն 10 տարի է, Վասիլի Լոմտեւը որեւէ երկրի քաղաքացի չէ։ Ժամանակին ինքն է հրաժարվել ԽՍՀՄ քաղաքացիությունից, իսկ հիմա աշխարհի որեւէ երկիր որեւէ կերպ չի արձագանքում մարդու խնդրանքին՝ փաստաթղթային բացատրություն տալ։ Աշխարհն անտարբեր է։ Վասիլի Լոմտեւը դիմել է Ստրասբուրգի դատարան, որտեղից նրան պատասխանել են, թե նամակը ստացված է։
Հավանաբար վատ օրինակը վարակիչ է, քանի որ Հայաստանի իշխանությունները եւս, աշխարհից ետ չմնալով, մարդուն թողել են բախտի քմահաճույքին։
Մ. ԵՍԱՅԱՆ