Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼԱՑ ԿԼԻՆԵՄ, ԿՓՈՇՄԱՆԵՄ, ՀԵՏ ԿԳԱՄ»

Հունիս 25,1999 00:00
Suren Abrahamyan

Ի սարսափ Երեւանի քաղաքապետ դառնալու հույսեր փայփայողների՝ գուժեց ՆԳ նորընծա նախարար Սուրեն Աբրահամյանը։ Նախկին քաղաքապետին նման խոստովանանքի հասցրեց բուռն պաթոսով մատուցված գովեստների շռայլ հեղեղը։

Այն տրամաբանորեն մայրաքաղաքի այս տարվա մեդալակիր շրջանավարտներին պիտի բաժին հասներ, քանի որ երեկվա միջոցառումը նրանց տոնն էր, բայց համարյա թե Սուրեն Աբրահամյան քաղաքապետի մեծարման տոնի վերաճեց։ Ու միայն այդժամ գլխի ընկանք, թե ինչու քաղաքապետարանի կրթության վարչության կազմակերպած զուտ կրթական միջոցառումը սրտակեղեք սիրային երգով սկսվեց։ Եվ իզուր չէր, որ կրթության ու գիտության նախարար Էդուարդ Ղազարյանը տագնապեց՝ «Պարոն Աբրահամյանի ելույթը եւ ընդունելությունը դահլիճի կողմից ինձ մտահոգություն պատճառեց. վտանգ կա, որ, ըստ երեւույթին, հաջորդ պոստը, որ կգրավի ընկեր Աբրահամյանը, կրթության եւ գիտության նախարարի պոստն է»։

Տագնապը խիստ տեղին էր. Սուրեն Աբրահամյանի փառքի դափնիների շլացուցիչ լույսը նորընծա կրթության նախարարի ներկայությունն ամբողջովին խամրեցրեց։ Թե վերջինիս հիշում էլ էին, ապա՝ միայն ՆԳ նախարարից հետո, ու նույնիսկ ողջույնի խոսք ասելու բախտին էլ ամենավերջինն արժանացրին։ Ու այդ խոսքն էլ զիջեց Սուրեն Աբրահամյանի համ ու հոտով խոսքին։ Սուրեն Աբրահամյանը մի առավելություն էլ ուներ. նա նվերներով էր եկել, իսկ կրթության նախարարը՝ «պարտքերով»։ Վերջինիս խոստովանությամբ. «Մենք շատ պարտք ունենք. ե՛ւ դպրոցին, ե՛ւ աշակերտին, ե՛ւ հատկապես ուսուցչին»։ Մնացյալ պարտքերը՝ չգիտենք, բայց վերջին տարիների մեդալակիր շրջանավարտներին կոնկրետ մի պարտք այս պետությունն ունի. այս տարի էլ երեխաները չստացան իրենց վաստակած ոսկե եւ արծաթե մեդալները։ Դրա համար պետությունը փող չունի։ Այնպես որ, մայրաքաղաքի դպրոցների մեդալակիր շրջանավարտները միայն ավարտական վկայականներ ստացան։ Բայց այս բացթողումը փոխհատուցվեց ՆԳ նախարարի նվերներով։

Ի դեպ, նվերների առնչությամբ, պարոն Աբրահամյանն անկեղծորեն խոստովանեց, որ ՆԳ նախարար նշանակվելու առթիվ լիքը նվերներ է ստացել, ու չթաքցրեց, որ հենց դրանից է բաժին հանել կրթության վարչության համար, ընդ որում՝ «ամենագեղեցիկն ու խորհուրդ պարունակողը»։ Այն մեր պետական զինանշանով մի կտավ էր։ ՆԳ նախարարը վստահ էր, որ «այս նվերից հետո արդեն բոլորը հաշվի կնստեն կրթության համակարգի հետ»։

Մինչ նվերները հանձնելը, նախկին քաղաքապետը մի հուզիչ խոստովանություն արեց. «Քաղաքապետ եղած ժամանակ միջոցառումներին խրոխտ կեցվածքով բեմ էի բարձրանում, երեխաների հետ ոգեւորվում, երեխա դառնում, հետո ձեռքս դնում գլխներին ու ասում՝ քաղաքապե՛տ դառնաս։ Հիմա պատկերացնում ե՞ք, հանկարծ ի պաշտոնե, ձեռքս դնեմ գլխին ու ասեմ՝ միլիցա դառնաս»։ Ու հիմա հասկացա՞ք, թե ինչու Սուրեն Աբրահամյանը քաղաքապետի «շատ սիրելի պաշտոնը» փոխարինեց ՆԳ նախարարի պաշտոնով։ Նպատակը խիստ ազնիվ է. ուզում է, որ ՆԳ համակարգն էլ «երբեւիցե ժողովրդի սերն ու հարգանքը վայելի»։ Ու քանի որ պարոն Աբրահամյանը վստահ է, որ այդ առաքելությունն իրականացնելու միակ արժանի թեկնածուն ինքն է, խորհուրդ կտայինք միանգամից ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնի. հո նախարարություն առ նախարարություն չի՞ դեգերելու իր բարեփոխիչ միսիայով։

Բայց առայժմ Սուրեն Աբրահամյանը ՆԳ նախարար է եւ նույնիսկ նվերներ հանձնելիս իր «գերատեսչական շահը պահպանեց». մեդալակիրներին նվիրեց ժամացույցներ՝ «ՆԳ նախարարից» մակագրությամբ, ընդ որում՝ աղջիկներին ծաղկեփնջերի, տղաներին՝ սուլիչի զուգորդությամբ։ Հետո էլ իր նվերի արժեքը բարձրացնելու փորձ արեց՝ այն համոզվածությամբ, թե. «Շատ շքեղ մեքենա, շատ փող ունեցողներ ձեզ կնախանձեն էդ ժամացույցների համար։ Պատկերացնում ե՞ք, մեքենայից թեւդ հանում ես՝ նվեր ՆԳ նախարարից, էլ ո՞վ կկանգնեցնի»։ Ու սա այնպիսի տոնով ասաց, կարծես թե մեքենաներ էր նվիրել՝ «ՆԳ նախարարից» մակագրությամբ։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հ. Գ. ՆԳ նախարարի նվիրած սուլիչներից մեկը երեկ ամբողջ օրը «Առավոտի» խմբագրությունն էլ էր իրարով արել. այսպես իր ուրախությունն էր արտահայտում «Առավոտի» հմայիչ աշխատակից Գենոֆիա Մարտիրոսյանը՝ մեդալակիր որդու հաջողությամբ երջանիկ։ Շնորհավորում ենք Լեւոն Ռուբինյանին ու բոլոր շրջանավարտներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930