Երեկ «Առավոտ» զանգահարեց Ազգային հեռուստատեսության տնօրեն Տիգրան Նաղդալյանը եւ, հաստատելով մեր այն լուրը, որ պետական եկամուտների նախարարությունը ՀԱՀ-ում ստուգումներ է անցկացնում, բացառեց, որ իր ղեկավարության օրոք որեւէ խախտում կամ պակասորդ հայտնաբերվի։ Պրն Նաղդալյանը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տնօրենի ժամանակ՝ 1997-ին պետական բյուջե հարկերի ձեւով մուծվել է 25 միլիոն դրամ, իսկ 1998-ին, երբ նա ստանձնեց ՀԱՀ ղեկավարությունը, մուծվել է 70 մլն դրամ՝ գումարած դրան՝ փակվել են 32 մլն դրամ պարտքերը։
ՎԱՏ ԼՈՒՐ
«Միասնություն» դաշինքի ներկայացուցիչներից ոմանք, (խոսքը տառաճանաչների մասին է), որոնք նոր-նոր են դարձել պատգամավոր, այն կարծիքին են, թե «Առավոտը» Լեւոն Տեր-Պետրոսյանի թերթն է։ Այդ փայլուն եզրահանգմանը նորընծա պատգամավորների առավել զարգացած մասը եկել է այն պատճառով, որ թերթի բոլոր համարների վերջին էջին գրված է՝ տնօրեն Պետրոս Պետրոսյան։ Այդ դատողությունը արժանի հակահարված է բոլոր նրանց, ովքեր կասկածում էին, որ ժողովրդի ներկայիս ընտրյալներն առայժմ մինչեւ վերջ չեն սովորել հայոց այբուբենը։