Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆՆ ԻՄԻՋՄԵՅՔԵՐԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ

Հունիս 24,1999 00:00
Vazgen sargsyan

Թերեւս մի ոչինչ չասող մանրամասն՝ Վազգեն Սարգսյանի կենսագրությունից. նա ծնվել է Ստալինի մահվան օրը։ Ավելի ուշ, իր ծննդյան օրվանից 38 տարի հետո, նա լրագրողներին տված մի հարցազրույցում չի հերքում, որ ինքը վերածվել է «համազգային բոբոյի» եւ խոստովանում է, որ ժողովուրդը դրա համար մեղավոր չէ, ինքն է միտումնավոր իրեն այդ վիճակի մեջ դրել՝ զոռով բանակ տանելով, ստիպողաբար եռամսյա զորակոչ հայտարարելով։

Իսկ քչերն են երեւի հիշում, որ պետնախարար եղած ժամանակ Վազգեն Սարգսյանը մի աննախանձելի մականուն էր ձեռք բերել՝ Փեդնախարար։ Այսօր նա այդ ամենը հումորով է հիշում եւ կարծես թե արդեն մտածում է իմիջ ստեղծելու մասին։ Ընկերները, գյուղական, ուսանողական նրա մտերիմները մինչեւ 88-յա Վազգեն Սարգսյանի մասին ասում են, որ բարի, ազնիվ, կարեկից տղա էր, պատմվածքներ էր գրում, հայ ժողովրդի պատմության շուրջ ընկերների հետ կրքոտ զրույցի բռնվում, ֆուտբոլի մրցաշարեր կազմակերպում… Պատերազմը շատ շուտով բարի եւ կենսուրախ տղային մի մռայլ ու ջղաձիգ կերպարի վերածեց, ում համար մարդը միայն զինվոր է, որին կարելի է կրակել կամ չկրակել։ Ավելի ուշ, երբ պատերազմը կարելի էր ավարտված համարել, Վազգեն Սարգսյանը խոստովանել է, որ այդ ամենը, ինչպես նաեւ զոռով բանակ տանելը եւ ուժով ինչ-որ գործ իրականացնելը դեմ են եղել իր տեսակին, բայց ինքն արել է այդ, որովհետեւ, ըստ նրա, մեր պետության պես կայացող պետություններում պետք է լինեն մարդիկ, որոնք իրենց վրա պիտի վերցնեն այդ գործը։ Որոշ ժամանակ անց, տեսնելով, որ այդ կերպարը նույնանում է բանակի հետ, Վազգեն Սարգսյանը զգաց (նույնիսկ ասա՛ց այդ մասին), որ չի կարելի իր կերպարով վնաս տալ բանակին, ուստի հայտարարեց, թե մեծ ցանկություն ունի վերադառնալ իր ճիշտ ոճին, այն է՝ ինչ-որ գործ սիրով, գաղափարով, հասկացողությամբ անելու հավատամքին։

«Գիր սիրե…»

Եթե որոշ մարդկանց պատկերացումներում նրա նշած այդ ճիշտ ոճին վերադառնալը նաեւ գրողի նախկին կարգավիճակին վերադառնալն է, ապա Վազգեն Սարգսյանն ամենայն հավանականությամբ այլեւս չի վերադառնա դրան, որովհետեւ սիրում է կրկնել հայազգի Բիլի խոսքերը։ Երբ Վիլյամ Սարոյանը իրեն գրող կոչող մեկին հարցնում է, թե ինչքան է աշխատում, վերջինս պատասխանում է, որ օրվա մեջ 8 ժամ գրում է, հետո սուրճ է խմում, հետո 16 ժամ էլի գրում է, Վիլյամ Սարոյանը հարցնում է. «Բա դու ե՞րբ ես մտածում»։ «Գրող մարդու միտքը պետք է ազատ լինի»,- այս ամենին ավելացնում է Վազգեն Սարգսյանը։ Նրա միտքը, այսօր առավելեւս ազատ չէ։ Գուցե դա իսկապես կորուստ չէ գրական աշխարհի համար, որովհետեւ մտավորականները, գրողները վերջին տարիներին կարծես թե առանձնահատուկ չեն հիշել Վազգեն Սարգսյան գրողին (մի բան, որ չենք կարող ասել Վանո Սիրադեղյանի մասին. վերջինիս հեռացումը գրականությունից, ափսոսանք է առաջացրել մտավորական որոշ շրջանակներում), թեպետ շեշտել են հրապարակախոսի նրա ձիրքը։ Վազգեն Սարգսյանի համար ժամանակին շատ հոգեհարազատ է եղել Հրանտ Մաթեւոսյանի գրականությունը։ Այսօր շարունակո՞ւմ են նրա ստեղծագործությունները սեղանի գիրք մնալ (Կարեն Սերոբիչն ասում է՝ սեղանի գրքերի մոդան անցել է) Վազգեն Սարգսյանի համար, դժվար է ասել։ Բայց նա մեկ անգամ չէ, որ նշել է, թե Հրանտ Մաթեւոսյանի գրականությունը մեծ ազդեցություն է ունեցել իր ներաշխարհի ձեւավորման գործում։

Նաեւ՝ թենիս, լող

Մասնագիտությամբ ֆուտբոլիստ (ավարտել է ֆիզկուլտուրայի ինստիտուտի մանկավարժության ֆակուլտետի ֆուտբոլի բաժինը) Վազգեն Սարգսյանն իր բուն մասնագիտությանը, սակայն հրաժեշտ չի տվել։ Վերջին տարիներին տարբեր առիթներով («Արարատի» հոբելյանի եւ այլն) մի քանի հրապարակային խաղերի է մասնակցել, սակայն նշեմ, որ նա երբեք չի խաղացել կառավարության թիմում, այլ գերադասել է հանդես գալ պաշտպանության նախարարության թիմի կազմում, որում, ըստ նրա, հրաշալի ֆուտբոլիստներ կան։ Այսօր իշխանավորների ոչ հրապարակային ֆուտբոլի խաղերը, բնականաբար, թիմերի վերակազմավորման կարիք են զգում։

Ազատ ժամանակ Վազգեն Սարգսյանը նաեւ թենիս է խաղում, ականատեսների վկայությամբ՝ բավականին լավ։ Մի անգամ ինձ հաջողվեց ականատես լինել Վազգեն Սարգսյանի եւ Բաբկեն Արարքցյանի թենիսային խաղին, որն ավարտվեց Բաբկեն Արարքցյանի հաղթանակով։ Ի դեպ, մեկ անգամ չէ, որ Վազգեն Սարգսյանը մի քանի հոգու ներկայությամբ խոսել է Բաբկեն Արարքցյանի, իբրեւ լավ թենիսիստի մասին։ Այս մարզաձեւում Վազգեն Սարգսյանը մրցում է նաեւ իր հավատարիմներից մեկի՝ Գեւորգ Գեւորգյանի հետ, մի քանի տարի առաջ էլ թենիսի մի ամբողջ մրցաշարի մասնակցեց Հայաստանում հավատարմագրված մի շարք դեսպանների հետ։ Հանրապետության վարչապետի ժամանցի մեջ է մտնում նաեւ լողը. նա հաճախակի է լինում պաշտպանության նախարարության ճանապարհին գտնվող միջազգային Կարմիր խաչի հետ վնասվածքային վերականգնողական կենտրոնի՝ միջազգային չափանիշներով կառուցված լողավազանում (ի դեպ, Վ. Սարգսյանի վարչապետությունը չէր կարող առանձնակի ուրախություն չպատճառել նշված կենտրոնի տնօրեն Մխիթար Մնացականյանին, որը վերջին տարիներին կենտրոնի գործունեությունը, այնտեղ աշխատող արտասահմանցի մասնագետների հեռանալուց հետո, շարունակելու բազմազան ուղիներ էր փնտրում, սակայն հայրենի կառավարությունն անօգուտ էր թողնում նրա ջանքերը)։ Խոսելով Վազգեն Սարգսյանի աշխատանքից դուրս զբաղմունքների մասին, ոմանք նշում են նաեւ շների, շնաբուծության հանդեպ նրա առանձնակի վերաբերմունքը։

Իմիջի խնդիր, այնուամենայնիվ, կա

Ինչքան էլ այս ամենը ինչ-որ տեղ հետաքրքիր լինի, այնուամենայնիվ, այսօր առավել քան կարեւորվում է Վազգեն Սարգսյանի իմիջի խնդիրը։ Նրա մասին չենք կարող ասել, թե մտավորական լինելու բարձրակետը ստիպել է գնալ եւ կռվել պատերազմում։ Նա այդ ամենը, թող կոպիտ չհնչի, ինչ-որ տեղ ֆիզիկական կամքով է արել, եւ երկրի, հայրենիքի պաշտպանության մասին մտահոգվողի նրա դերն այդ կարգի մտավորականի կերպար է ծնել, որի մեջ անցյալից մի քիչ գրող, մի քիչ հրապարակախոս կա… (նախընտրական շրջանում նրա ներսի հրապարակախոսը հռետոր էր փորձում դառնալ)։ Իսկ ընդհանրապես, շատ դժվար է ստեղծվում մի մարդու ամբողջական նկարագիրն ու իմիջը, որը ջղաձիգ, բռնկուն խառնվածք ունի, որի՝ Արարատյան դաշտավայրում ծնվածի ներաշխարհի վրա մեծ ազդեցություն են ունեցել լոռեցի արձակագրի ստեղծած «քոլեցի» հերոսները։ Նրան պատերազմը զինվորական գործիչ է դարձրել (եւ ժողովուրդն էլ, եթե քիչ թե շատ ընդունում է նրան՝ այդպիսին է ընդունում), սակայն ինքը տնտեսական գործիչ է ուզում դառնալ եւ առաջին անգամ այդ ասպարեզում հայտնվածի իր ելույթում իմաստով իրար հետ կապ չունեցող երկու բառով նախադասություն է կառուցում. «Մենք պետք է մտածենք երկրի տնտեսության եւ բարոյականության մասին (ԱԺ, կառավարության ծրագիրը ներկայացնելու ելույթ)»։

Եվ այս ամենով հանդերձ, Վազգեն Սարգսյանը մնում է երկրի ամենաթեժ քաղաքական կետում (մի անգամ առիթ եղավ, նրան հարցրեցի՝ դուք ռազմակա՞ն, թե՞ քաղաքական գործիչ եք, պատասխանեց՝ ես պետական գործիչ եմ) եւ չի կարող կառավարության ղեկավարի իր աթոռը քաղաքական նպատակներով չօգտագործել (անգամ Արմեն Դարբինյանի պես ոչ քաղաքական ֆիգուրն էր երբեմն իր դերը շփոթում քաղաքական գործչի դերի հետ եւ ԱԺ ամբիոնից քաղաքական ելույթներ էր ունենում)։ Անկանխատեսելի դաշնակիցներ գտնող նրա տեսակն այսօր շփոթության մեջ է գցել ժողովրդին։ Պատահական չէ, որ իրեն ընդունողները չեն կարողանում «հանդուրժել» վարչապետի պաշտոնը, եւ նաեւ պատահական չէ, որ «Միասնություն» դաշինքի նախընտրական հանդիպումներում նա, ինչքան էլ իր ելույթի շեշտը քաղաքական ու տնտեսական թեմաների վրա էր դնում, հարթակից իջնելուց հետո՝ նրան, միեւնույն է, զինվորներին, բանակին առնչվող հոգս ու խնդիրներով էին դիմում։ Այսօր էլ նա դատապարտված է այդպիսին լինելու։ Բայց շարունակելով մնալ միաժամանակ ե՛ւ ռազմական, ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական գործիչ, եւ նաեւ երկրի ամենակարեւոր հարցերում՝ որոշիչ ուժ, ու այդ ամենին զուգահեռ լուրջ իմիջմեյքերի, խորհրդատուի (որը նաեւ պետք է կարողանա ընդդիմախոսել նրան) տեւական բացակայությունից Վազգեն Սարգսյանը մոտ ապագայում կորցնելու է իր նկարագիրը, որովհետեւ միանգամից ամեն ինչ լինելը մյուս ծայրահեղությանն է տանում։

ԱՆՈՒՇ ԹՐՎԱՆՑ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930