Հայաստանում, ցավոք սրտի, վերջին շրջանում դադարել է գոյություն ունենալ «արտադրություն» բառը։
Հատուկենտ դեպքերում, երբ մենք լսում ենք վերոհիշյալ արտահայտությունը, այն այլեւս չի ասոցիացվում հաստոցների, գործարանային ընդունված առօրյայի եւ մնացած ատրիբուտների հետ, որոնք միշտ եղել են արդյունաբերություն բառի խորհրդանիշը։ Նախկին արդյունաբերությունից այսօր, եթե Հայաստանում մի բան ժառանգություն է մնացել, դա արտադրական եւ արտադրամերձ վեճերն են։ Պատճառներն ամենաբազմապիսին են, որոնց ճնշնող մեծամասնությունն այս կամ այն կերպ առնչվում է ձեռնարկությունների սեփականաշնորհման հետ։ Այստեղ քիչ չեն նաեւ ներգործարանային վեճերը, որոնցից մեկին առնչվեցինք օրերս։
Երկու օր առաջ խմբագրությունը նամակ ստացավ «Ինտերստանոկ» նախկին «Հայհաստոց» գիտաարդյունաբերական բաց բաժնետիրական ընկերության նախագծող ինժեներ Մարջիկ Մարգարյանից։ Ըստ նրա նամակի՝ գործարանում աշխատել է 24 տարի՝ առանց երբեւէ թերանալու իր պարտականությունների մեջ եւ առանց նկատողության։ Սակայն, վերջին շրջանում գործարանում սկսել են կատարվել անհասկանալի բաներ, որոնք սկզբում թվացել են գործարանի համար հեռանկար խոստացող գործողություններ։
Հատված նամակից. «1995 թ. նոյեմբերին հիմնարկություն եկավ Հակոբ Ղազազյանը եւ ստեղծեց թանկարժեք քարերի մշակման բաժանմունքը, որտեղ աշխատում եմ ես՝ որպես նախագծող։ Բաժանմունքի փոքրիկ կոլեկտիվի ջանքերով նախագծվել, արտադրվել եւ իրացվել է 130 ադամանդամշակման հաստոց։ Չաշխատող գործարանում այս ծրագիրը մտահղացողն ու նախաձեռնողը եղել է Հ. Ղազազյանը, այլ ոչ թե «Ինտերստանոկի» տնօրինությունը։ Բաժանմունքի երկու տարվա հաջողությունից ոգեւորված տնօրենը նորանոր հաջողություններ էր մաղթում մեզ, որը մեզ լիցք էր հաղորդում աշխատելու համար։ Կոլեկտիվը պատվերների կատարմանը զուգահեռ կարողացավ կառուցել նոր արտադրամաս՝ 30 հաստոցով՝ ադամանդ մշակելու համար։ Այս արտադրամասում քիչ չի նաեւ իմ լուման։ Բոլոր գործողությունները փոխհամաձայնեցված էին տնօրենի հետ։ Սակայն տնօրենը անճար գտնվելով, սկսեց անհիմն մեղադրանքներ տեղալ մեր նկատմամբ, պատճառաբանելով իբր մեր բաժանմունքը 28 մլն դրամի վնաս է հասցրել հիմնարկությանը»։ Այնուհետեւ 02.12.1998 թ. թիվ 55 հրամանով լուծարվում է բաժինը։ Այն դեպքում, երբ աշխատողներն ունեին 2-3 տարվա հերթական արձակուրդի իրավունք։ Տնօրենը արգելում է կադրերի բաժնին՝ ձեւակերպել աշխատողների արձակուրդը։ Երկու օր անց թիվ 11 հրամանով Մ. Մարգարյանին եւ Հ. Ղազազյանին տրվում է նկատողություն գծագրերը չհանձնելու համար (Մ. Մարգարյանը պարզապես իրավասու չէ հանձնել տնօրենին նախագծերը, քանի որ դրա համար գոյություն ունի բաժնի վարիչ)։ Դրանից հետո շարունակվում է բաժանմունքի աշխատանքը, քանի որ կային պատվերներ։ Մայիսի 14-ին տրվում է թիվ 28 հրամանը, ըստ որի, բաժնի աշխատողներն անցնում են պարապուրդի։ Բաժնի աշխատողները դիմում են արհկոմին, որն անզոր է գտնվում այս հարցերը լուծելու համար։ Նորից արձակուրդի դիմում, որին պատասխան՝ մեկ տարվա արձակուրդի իրավունք։
Կարդացեք նաև
Ավելի ուշ դեպքերը սկսում են զարգանալ զուտ հայավարի։ Տնօրենի պահանջով գործավարուհին փորձում է վերցնել Մ. Մարգարյանի սենյակի բանալին՝ սպառնալով դուրս նետել նրա ունեցվածքն աշխատասենյակից (Մ. Մարգարյանն առայժմ ազատված չէ աշխատանքից)։ Մարգարյանը փորձում է ինքը ճշտել իրավիճակը տնօրենի հետ։ Ըստ Մ. Մարգարյանի պնդման՝ տնօրենն ու նրա որդին հայհոյանքներով ու քաշքշելով նրան դուրս են վռնդում աշխատասենյակից, թույլ են տալիս «ամբարտավան, լկտի արտահայտություններ՝ բաժնի վարիչ Հակոբ Ղազազյանի, Լեւոն Ժամկոչյանի եւ մյուսների ներկայությամբ»։ «Ինձ հետաքրքրում է, սեփականատիրոջ ո՞ր իրավունքով է փորձում զրկել 24 տարվա աշխատանքային ստաժ ունեցող իր իսկ աշխատակցուհուն մայիս ամսվա աշխատավարձից, որն արդեն հաստատված էր բաժնի վարիչի կողմից»։ «Հաշվի չի առնվել նաեւ սույն թվականի հունիսի 2-ին Արհկոմին հասցեագրված իմ դիմում-բողոքը, որը մինչ այսօր մնացել է անպատասխան»։ Իրավիճակի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով կապվեցինք նաեւ գործարանի տնօրեն եւ բաժնետիրական ընկերության նախագահ Վիլեն Դոլուխանյանի հետ։ Վերջինս ասաց մոտավորապես հետեւյալը. «Նախ Մ. Մարգարյանը ազատված չէ աշխատանքից։ Ինչ վերաբերում է նախագծերին, ապա նրանք երկու տարվա ընթացքում ոչ մի նախագիծ չեն տրամադրել գործարանին եւ իմ տվյալներով այդ նախագծերը տարել են տուն։ Բայց չէ որ Ղազազյանն ու նրա բաժինը գործարանից աշխատավարձ են ստացել եւ այդ նախագծերը հանդիսանում են գործարանի սեփականությունը։ Եթե նրանք պատրաստի նախագծերը չվերադարձնեն գործարանին, ապա մենք հարցը կլուծենք դատական եղանակով»։
ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ