Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՃՈՒՅՔԸ ՀԱՄԱՏԵՂԵԼՈՒ ՓՈՐՁ

Հունիս 24,1999 00:00
kentronakan bank

Երեւանում հունիսի 23-26-ը բանկային միջազգային գիտաժողով է անցկացվում։ Կազմակերպիչներն են ՀՀ Կենտրոնական բանկը եւ բանկային վերահսկողության Բազելյան կոմիտեն։

Միջազգային գիտաժողովի թեման է՝ «Բանկային գործունեության կարգավորում եւ բանկային ռիսկերի գնահատում տնտեսական անկայունության պայմաններում»։ Այս թեմայով իրենց փորձն են ներկայացնելու Բազելյան նույն ենթախմբի 13 երկրների ներկայացուցիչներ (ներառյալ նաեւ ՀՀ Կենտրոնական բանկի վերահսկողության դեպարտամենտի պատասխանատուի ելույթը)։ Հետաքրքիր է, որ բացի ԱՊՀ անդամ երկրներից մասնակցում են նաեւ Իսրայելի բանկի եւ Թուրքիայի Կենտրոնական բանկի ներկայացուցիչները։ Բանկիրները փորձելու են իրար փոխանցել անհամատեղելին համատեղելու սեփական փորձը։ Այսինքն՝ ինչպես ունենալ կայուն բանկային համակարգ տնտեսական անկայուն պայմաններում։

Երեկ Վրաստանի ազգային բանկի ներկայացուցիչը ներկայացրեց իր երկրի բանկային համակարգը։ Նրա կարծիքով, տնտեսական տարին իր երկրում պետք է դիտարկել 2 փուլով՝ մինչեւ 98-ի սեպտեմբերը եւ սեպտեմբերից հետո։ Ռուսաստանյան ճգնաժամը բացասական լուրջ ազդեցություն է թողել Վրաստանի ֆինանսական ու տնտեսական կյանքի վրա։ Արդյունքում արժեզրկվել է ազգային դրամը։ Կոշտ քաղաքականություն է կիրառվում բանկային համակարգում կայունություն ապահովելու համար։

Զուտ այս իմաստով ԱՊՀ երկրների բանկիրները հայաստանյան գործընկերներից փոխառնելու ահագին բան ունեն։ Ռուսական ճգնաժամից ամենաքիչը Հայաստանի բանկային համակարգն է ցնցվել։ Գիտաժողովի առիթով Կենտրոնական բանկը հրապարակել է «Հայաստանի բանկային համակարգ. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» հետաքրքիր հաշվետվություն-գրքույկ։ Հայաստանի տարածքում գործում է 31 բանկ (1999 թ. հունվարի 1-ի դրությամբ)։ Դրանիցից 7-ը գրանցված են որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, 7-ը՝ բաց բաժնետիրական ընկերություն, 15-ը՝ փակ բաժնետիրական ընկերություն, 1 կոոպերատիվ բանկ եւ 1 պետական բաժնետիրական ընկերություն։ Հետաքրքիր է նաեւ, որ գործող բոլոր բանկերը, բացառությամբ «Շիրակինվեստի» եւ «Արցախ» բանկի, գրանցված են Երեւանում։ Բանկերի մասնաճյուղերը եւս հիմնականում մայրաքաղաքում են կենտրոնացված։ Գործող մասնաճյուղերի քանակով առաջինը Գեղարքունիքի մարզն է, ուր գործում են տարբեր բանկերի 17 մասնաճյուղեր։ «Վերջին տեղում են» Եղեգնաձորի եւ Տավուշի մարզերը՝ յուրաքանչյուրում գրանցված է 7-ական մասնաճյուղ։

Բանկային գործունեության այս ակտիվ ցուցանիշների ֆոնի վրա առաջարկում ենք ընթերցել հետեւյալ խիստ պասիվ մեջբերումը. «Վարկային ներդրումների 7,7% բաժին է ընկնում մինչեւ մեկ ամիս տեղաբաշխված միջոցներին, 11,7% մեկից մինչեւ երկու ամիս, 18,6% 2 մինչեւ 3, 18,5% 3 մինչեւ 6 ամիս ժամկետով տեղաբաշխված միջոցներին»։ Այնպես որ, Հայաստանի բանկային վարկերը տնտեսության իրական հատվածից գերադասում են «ամենաարագները» (հավանաբար առեւտուրը)։

ԱՐԱ ԳԱԼՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930