Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ ԵՆ, «ԱՌԱՎՈՏԸ»՝ ՈՉ

Հունիս 24,1999 00:00
Armen sargsyan

Լոնդոն կատարած այցելության ժամանակ հաջողվեց հանդիպել Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Սարգսյանին։ Պրն դեսպանը Հայաստանում եղել էր մոտավորապես մեկ ամիս առաջ եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ ցանկացավ իմանալ նաեւ անկախ մամուլի ներկայացուցչի կարծիքը։ Զրույցը պրն Սարգսյանի հետ շատ հետաքրքիր էր եւ բովանդակալից, սակայն այն վերարտադրել չենք ստանձնում։ Մեր դեսպանը բավական հմուտ դիվանագիտություն բանեցնելով եւ անուշ ժպիտով հայտնեց, որ հարցազրույցներ չի տալիս, քանի որ բժիշկներն իրեն «թույլ չեն տալիս» շփվել մամուլի հետ։ Բարեբախտաբար, բժիշկները չէին արգելել լուսանկարվել մամուլի ներկայացուցչի հետ, ինչից հետո Արմեն Սարգսյանը ծիծաղելով ձեռքերը տարածեց ու թե. «Հիմա այս նկարը տպելո՞ւ եք «Առավոտում»։ Ինչպես եւ խոստացանք պրն դեսպանին, նկարը չենք տպում։ Սակայն չենք կարող չհաղորդել պրն Սարգսյանի՝ մի ամբողջ տրցակ «Առավոտ» կարդալու պատրաստակամությունը եւ զարմանքն ու հիասթափությունը, որ մեզ հետ «Առավոտի» ընդամենը մի համար ենք վերցրել։ Պրն դեսպանը պատասխանելով մեր հարցին, հայտնեց, որ իրեն արդեն լավ է զգում, բավական կազդուրվել է եւ նույնիսկ քիչումիչ թենիս է խաղում։

Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԵՐԵՎԻ ԱՐՇԱԿԻՆ ՀԵՏ ԿԱՆՉԵՆ

Arshak Sadoyan

Նախընտրական ժամանակահատվածում պատգամավորության թեկնածուները պատրաստ էին ամենահեքիաթային խոստումներն աջ ու ձախ շաղ տալ, միայն թե ժողովուրդն իրենց ընտրի։ Ընտրություններն արդեն անցյալ են դարձել։ Երեւանի թիվ 13 ընտրատարածքում պատգամավորության թեկնածու առաջադրվածներից ընտրվեց Արշակ Սադոյանը։ Պարոն Սադոյանն էլ իր ընտրողներին բազմաթիվ խոստումներ է տվել եւ բոլորի պես իր խոստումները չի կատարում։ Ընտրողների հետ հանդիպելով (Վարդանանց 5 ա (նախկին Կնունյանց 5ա) շենքի եւ հարեւան շենքերի բնակիչների), նրանց մի քանի խոստումներ տալուց հետո, երբ իր գործն ավարտված համարելով, ուզում էր հեռանալ, 10-ամյա Հենրիկը դիմել է Արշակ Սադոյանին. «Պարոն Սադոյան, մեր թաղի տղերքով ֆուտբոլ խաղալու տեղ չունենք, մեր ֆուտբոլի դաշտը սարքեք, ծնողներին կստիպենք, որ ձեզ ընտրեն»։ Արշակ Սադոյանը առանց երկար-բարակ մտածելու՝ տեղն ու տեղը խոստացավ. եթե ինքն ընտրվի, տղաները ֆուտբոլ կխաղան։

Արշակ Սադոյանն արդեն ընտրված փաստ է, բայց Վարդանանց 5ա-ի եւ հարեւան շենքերի տղաները մինչեւ հիմա ֆուտբոլ խաղալու հնարավորություն չունեն։ Երեւի թաղի տղաներով հավաքվեն, ընտրելու իրավունք ունեցող իրենց ծնողներին ստիպեն, որ Արշակ Սադոյանին հետ կանչեն։

Մ. Ե.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930