Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ կլինի մեր դեսպանը Մոսկվայում

Հունիս 24,1999 00:00
Hmayak Hovhannisyan

Վերջին օրերին քանի գնում այնքան ավելի է սրվում այն հարցը, թե, ի վերջո, ով է նշանակվելու Ռուսաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան։

Նշվող անուններից առայժմ հայտնի է միայն, որ բարեբախտաբար, Մոսկվայում Հայաստանը հաստատ չի ներկայացնի Հմայակ Հովհաննիսյանը, որը, չգիտեմ թե ինչու, այս առումով իմ գրածը դրական արձագանք է համարել։ «Առավոտին» օրերս տված հարցազրույցում պրն Հովհաննիսյանը միայն իրեն ՌԴ-ում Հայաստանը ներկայացնելու իրավունք վերապահելով հիմնավորում է, թե այլեւս տնտեսական գործիչ այնտեղ պետք չէ, այլ պետք է Հայաստանը ներկայացնի քաղաքական դեմք։ Պրն Հովհաննիսյանը իր հավակնությունը հիմնավորում է նաեւ Պետդումայում Ղարաբաղի մասին ինչ-որ լսումներ կազմակերպելով։

Փորձառու քաղաքագետը գոնե պետք է տեղյակ լիներ, որ Պետդումայում նման լսումներ կարելի է կազմակերպել թեկուզ տարին 10 անգամ, բայց նման լսումներից առանձնապես օգուտ չկա, առավել եւս, որ Ռուսաստանի քաղաքական վերնախավում առայժմ չեն կարողանում գլխի ընկնել, թե ընդհանրապես ինչ գործառույթ է կատարում եւ հանուն ինչի է ստեղծվել Պետդուման, որտեղ, ըստ իր պնդման, պրն Հովհաննիսյանը շատ մեծ կապեր ունի։

Ի դեպ, եթե խոսելու լինենք կապերի մասին, ապա պրն Հովհաննիսյանին կարող ենք հուշել, որ իրենից բացի, կա Հայաստանի եւս մի քաղաքական գործիչ, որն իրենից առնվազն 100 անգամ ավելի մեծ կապեր ունի Ռուսաստանի քաղաքական շրջանակներում եւ նման կարգի ու շատ ավելի բարձր մակարդակի տասնյակ լսումներ է կազմակերպել։ Խոսքը՝ վերջին տարիներին Ռուսաստանում աշխատող Սեյրան Բաղդասարյանի մասին է։ Տողերի հեղինակը գրեթե երկու տարի Մոսկվայում աշխատած լինելով հավաստիացնում է, որ այն, ինչ հաջողվում է եւ հաջողվել է անել Սեյրան Բաղդասարյանին, դժվար թե առաջիկա տասնամյակում հաջողվի կրկնել որեւէ այլ քաղաքական գործչի։

Իսկ ինչ վերաբերում է ընդհանրապես Մոսկվայում «քաղաքական դեսպան» ունենալուն, ապա Մոսկվան այն քաղաքն է, որտեղ Հայաստանի դեսպանը ավելի շատ, ըստ իս, պետք է ադմինիստրատոր եւ կազմակերպիչ լինի, քանի որ քաղաքական հարցերի գերակշիռ մասը Ռուսաստանում լուծվում է ոչ դեսպանի մակարդակով։

Ի դեպ, Ռուսաստանում մեր դեսպանը պարտավոր է բավականաչափ կշիռ ունենալ նաեւ Հայաստանում, որովհետեւ հաճախ դեսպանության առջեւ ծառացող խնդիրների լուծումը պահանջում է լավ անձնական կապեր ոչ միայն Ռուսաստանում, այլեւ Հայաստանի քաղաքական վերնախավում։ Ի դեպ, այս առումով Մոսկվան օրերս լքած եւ գյուղատնտեսության նախարարի պաշտոնին նշանակված Գագիկ Շահբազյանը ավելի քան համապատասխանում էր իր դերին։

Իսկ եթե այնպիսի որոշում ընդունվի, որ Մոսկվայում մեզ ավելի շատ պետք է «տնտեսական դեսպան», ապա այս հարցը կարող է բավականաչափ երկար «օդից կախված» մնալ, քանի որ պաշտոնաթող տնտեսական նախարարներ՝ ինչքան ուզես, որոնք մեծագույն հաճույքով կզբաղեցնեն դիվանագիտական այդ բարձր պաշտոնը։ Չի բացառվում, որ այս պահին լուրջ պայքար է ընթանում տնտեսական նախկին մի քանի նախարարների միջեւ։ Այստեղ ինքնաբերաբար հարց է առաջանում, թե հանուն ինչի է պետք «տնտեսական դեսպան» ունենալ Մոսկվայում։ Խոսքն այստեղ բավական հիմնավորված գնում է Հայաստան ինվեստիցիաներ բերելու հարցի մասին։ Սակայն ասելով՝ ռուսական ինվեստիցիաներ Հայաստանում, մենք պետք է միանշանակ հասկանանք, որ խոսքը գնում է Ռուսաստանում ապրող հայերի կողմից կազմակերպվող հնարավոր ինվեստիցիաների մասին։

Սակայն այս հարցում հաշվի չի առնվում մի շատ կարեւոր հանգամանք։ Ռուսաստանում մեծ հաջողությունների հասած հայ բիզնեսմենները (ի դեպ, նրանք շատ ավելի հզոր են եւ շատ ավելի մեծ թիվ են կազմում, քան մենք Երեւանում կարող ենք ենթադրել) չեն վստահում հայ չինովնիկներին, որքան էլ նրանք դիվանագիտական կարգավիճակով ներկայանան Մոսկվայում։ Մոսկվայի հայության տրամաբանությունն այնպիսին է, որ իրենք վստահում են միայն միմյանց, եթե ընդհանրապես որեւէ մեկին վստահում են։ Բանն այն է, որ մինչեւ որոշակի հաջողությունների հասնելը նրանցից յուրաքանչյուրը բավական երկար ճանապարհ է անցել, որտեղ ամեն քայլափոխին նրանից պահանջվել է բարձր պատասխանատվություն՝ իր ամեն մի խոսքի համար։

Այնպես որ, եթե Ռուսաստանի հայ բիզնեսմենը դեսպանի խոսքով պետք է ինվեստիցիա բերի Հայաստան, պետք է առաջին հերթին հավատա այդ խոսքի հավաստիությանը (Գագիկ Շահբազյանին այս առումով հայ բիզնեսմենների մի զգալի մաս վստահում էր, բայց դժվար թե այսօրվա հայկական-քաղաքական-տնտեսական վերնախավում գտնվի մեկը, որ կարողանա առանց մեկ տարի ժամանակ կորցնելու վերստին նվաճել այդ վստահությունը)։

Որքան էլ ասածս անհավանական թվա, բայց Ռուսաստանի հայ բիզնեսմենների շրջանում կարելի է գտնել դեսպանի այն թեկնածուին, որի շուրջ կհամախմբվեն մյուսները։ Համենայնդեպս, եթե խոսքը գնում է «տնտեսական դեսպան» ունենալու մասին, ապա, երեւի թե, այժմ արդեն Մոսկվայի հայկական շրջանակներում պետք է գտնել նոր դեսպանի թեկնածուներին։ Հակառակ դեպքում լուրջ ռուսական ինվեստիցիաների մասին առայժմ խոսելն անիմաստ կլինի։

ԳԵՎՈՐԳ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930