Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԻՇՏ՝ ԻՆՉՊԵՍ ԱՐԹՈՒՐ ԹԱԳԱՎՈՐԻ ՍՈՒՐԸ՝ ԵՐԿԱՐ ՈՒ ՏԱՓԱԿ

Հունիս 24,1999 00:00
Artur Grigoryan

500 միլիոն, 500 միլիոնն էլ՝ հայ

Այս ցնցող եւ չպատճառաբանված լավատեսության հեղինակը հեղինակն է նաեւ «Ուշ երեկոյան» ծրագրի։ Ազգային հեռուստատեսության ողջ «Ուշ երեկոն» զբաղեցնող Հրաչ Քեշիշյանի հյուրը օրերս «Միր» հեռուստաընկերության լրագրող Սերոբ Օհանյանն էր, որը զրույցի ընթացքում հպարտորեն նշեց, թե OPT-ի լսարանը 500 միլիոն է։ Չփորձելով թաքցնել հայերիս քանակի մասին իր դեմոգրաֆիկ թյուր պատկերացումը՝ պրն Քեշիշյանը ծորուն ձայնով եւ զարմացած հայացքով հարցրեց. «500 միլիոն հա՞յ»։ Բանն այն է, որ եթե ի մի բերենք աշխարհի բոլոր մեծերին, ում հայ ենք համարում (անկախ նրանց ցանկությունից եւ արմատներից), ասենք՝ Կոնֆուցիոսին, Լեոնարդո դա Վինչիին, Յոհան Սեբաստիան Բախին, Ֆրոյդին, Քամյուին (մնացածը՝ ձեր ճաշակով), անգամ Հրաչ Քեշիշյանի մեծ ցանկության դեպքում էլ, հայերիս թիվը 20 միլիոնից չի անցնի։

Առհասարակ, ազգային հեռուստատեսության «Ուշ երեկոն» իրենցով լցնող Արթուր Գրիգորյանն ու Հրաչ Քեշիշյանն ակնհայտորեն թերագնահատում են իրենց հեռուստադիտողի մտավոր կարողությունները։ Միեւնույն ժամանակ՝ գերագնահատելով իրենց լսարանի համբերության բաժակի տարողությունը։ Օրինակ, որպես հայ ժողովրդին հետաքրքրող, հրատապ եւ հույժ հետաքրքիր իրադարձություն են ընկալել «Ուշ երեկոյան» ծրագրի աշխատակիցներն իրենց հանգիստը բնության գրկում եւ դրանից պատրաստել են բազմաթիվ սյուժեներ։ Դրանց գեղարվեստական արժանիքները նրբանկատորեն չքննարկելով՝ պարզապես փաստենք սյուժեների ցուցադրման աննպատակահարմարությունը։ Միայն անհաջող հումորով կամ բոբիկ ոտքերը ջրում չփչփացնելով ժամանակակից չեն երեւում։ Դրանից կամ, ասենք, մի ամբողջ ժամ մեկի հետ միալար հարցազրույց անելով, հաղորդումն էլ դինամիկ ու թեթեւ չի ստացվում։ Մանավանդ, եթե հույսդ հիմնականում հեռուստադիտողների հեռախոսային հարցերն են։ Ի դեպ, հեռախոսազանգերի մասին. գաղափարն, ինքնին հետաքրքիր է, սակայն եթերում երկու րոպեն մեկ լսել անկապ հեռախոսային ազդանշաններն ու Հրաչ Քեշիշյանի «Կապը դարձյալ ընդհատվեց»-ը, իրոք, տաղտկալի է։ Իսկ եթե դրան էլ ավելանում է հաղորդավարի շեշտը բառերի առաջին վանկի ձայնավորի վրա եւ յուրաքանչյուր բառի վերջում երկարացման նշանը, ստացվում է օրորոցային երգ։

Տաղանդաշատ է Արթուր Գրիգորյանը եւ բարի

Մեր մյուս գիշերային աստղ Արթուր Գրիգորյանի «Հենց այնպես»-ն իր կարճատեւության շնորհիվ առանձնապես աչք ու ականջ չի ծակում՝ չհաշված միջակ դերասան-դերասանուհիներին «տաղանդաշատ, տաղանդավոր» ածականներով օծելը։ Բայց վերջերս նրա հաղորդումները Ղարաբաղից հատկապե՛ս աչքի ընկան, ընդ որում՝ անախրոնիզմով եւ ասելիքի նոսրությամբ։ Պարոն Գրիգորյանին Ղարաբաղ (ենթադրում ենք) տարել էր հայրենասիրական պաթոսը։ Այդ առիթով նա իր խոսքը նաեւ Արցախի բառ ու բանով էր համեմում։ «Հենց այնպես»-ի ղարաբաղյան տարբերակը Արթուր Գրիգորյանի շուրթերից հնչեց այս կերպ. «Ե՛թերո՜ւմ «Հե՜նց այնպե՛ս» late show-ն է։ Ձե՛զ հետ Արթուր Գրիգ(գ-ն՝ շեշտված-Լ. Ա.)որյա՜նն է»։ Late(ուշ) շոուն տեսագրված է օրը ցերեկով, երբ արեգակը, կարելի է ասել, զենիթում է։ Բոլոր հայերը պարտավոր են Արթուր Գրիգորյանի հնչեցրած օտար բառերը հասկանալ։ Այլ բան է, որ մաեստրո Գրիգորյանը հայրենասեր է, եւ պարբերաբար էկրանից բարության կոչեր է անում՝ հավանաբար կռահելով, որ իր հատկապես որոշ հենց այնպես արված հաղորդումներից հետո ամենաբարի մարդն անգամ չի դիմանա ու… լա՛վ, կշրջի ալիքը։

Հեռուստադիտողի ընտրության իրավունքը՝ ուզած պահին շրջել ալիքը, ոտնահարված չէ։ Ու մեր այդ իրավունքից հենց ուշ ժամերին էլ համարյա ամեն օր օգտվում ենք։

ԼԻԼԻԹ ԱՎԱԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930