Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Նազարյան՝ խելքին աշեցեք

Հունիս 24,1999 00:00
Vladimir Nazaryan

Թեպետ Ազգային ժողովում հարաբերական հանգստի ժամանակաշրջան է, չեն գումարվում նիստեր, սակայն, ըստ էության, խմբերում ու խմբակցություններում որոշակի աշխատանք կատարվում է։ «Օրինաց երկիր» խմբակցությունը ներկայացրել է մի շարք օրենքների նախագծեր, որոնց վերաբերյալ իր եզրակացությունն է ներկայացնում ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար Վլադիմիի Նազարյանը։

– Ես իբրեւ ԱԺ իրավաբանական ծառայության ղեկավար ընդամենը մեկ լիազորություն ունեմ։ Իմ խնդիրը շատ պարզ է՝ պետք է ստուգեմ, արդյոք, համապատասխանո՞ւմ է ներկայացված օրենքի նախագիծը «ՀՀ ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի պահանջներին, թե՝ ոչ։ Այդ հոդվածում ասված է, որ օրենքի նախագծերը պետք է ներկայացվեն անհրաժեշտ հիմնավորմամբ։

Չորս պատգամավոր, որոնք ընդգրկված են «Օրինաց երկիր» խմբակցությունում, ներկայացրել են այսպիսի նախագծեր՝ «Միայնակ մայրերին եւ մինչեւ 3 տարեկան երեխա ունեցող անձանց՝ երեխաների խնամքի համար ամենամսյա պետական նպաստի նշանակման եւ վճարման կարգի մասին», «ՀՀ՝ ջեռուցման ժամանակաշրջանում բնակչությանը ջերմաէլեկտրաէներգիա մատակարելու եւ էլեկտրաէներգիայի միասնական սակագին սահմանելու մասին», «ՀՀ հաշմանդամների սոցիալական պաշտպանության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին», «Հացահատիկի պետական գնումների մասին», «Սոցիալապես առավել անապահով խավերին կենցաղսպասարկման եւ այլ ոլորտներում աջակցություն ցուցաբերելու մասին», «Տեղական տուրքերի եւ վճարումների մասին» (խոսքը դրանց չափերը նվազեցնելու մասին է) եւ այլն։ Այս բոլոր նախագծերը պոպուլիստական բովանդակություն ունեն՝ նպաստների բարձրացում, հարկերի պակասեցում եւ այլն։

Դրանք նախատեսում են եկամուտների նվազեցում, իսկ մեկ այլ նախագծով էլ ծախսերի ավելացում է ենթադրվում։ Բյուջեն կառուցված է հավասարակշռության սկզբունքի վրա։ Եթե ավելացնում ես ծախսերը, ասա՛, որտեղից է եկամուտը գալու, հիմնավորի՛ր, օրինակ ասա՛, միայնակ մայրերին, որ երեխա ունեն, ուզում ենք նպաստ տալ, դրա համար առաջարկում ենք՝ ուսուցիչների աշխատավարձից ամսական 500 դրամ կրճատել, որը կկազմի որոշակի գումար եւ կտրվի միայնակ մայրերին։ Խնդրեմ։ Կամ՝ վերացնել ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչությունը ու որքան որ փող կլինի տակը՝ տալ, ասենք, հաշմանդամներին։ Խնդրեմ։ Բայց ասա՛, թե որտեղից այդ փողը, որովհետեւ որքան գիտեմ, 20 միլիարդ դրամի ճեղքվածք ունենք։ Այս տվյալը հաղորդել է հանրապետության վարչապետը։

Իսկ հիմա ստեղծվել է այսպիսի վիճակ՝ առանց հիմնավորման, առանց ասելու, թե որ աղբյուրից, առանց ասելու, թե ինչ ծախսեր են կրճատվելու, ԱԺ ղեկավարությանն ու մյուս պատգամավորներին այս մարդիկ դնում են շատ անհարմար վիճակի մեջ։ Օրինակ, ասենք, ես վեր եմ կենում ու ասում՝ փող տվեք, նպաստները բարձրացրեք, իսկ նրանք էլ հասկանալով, որ փող չկա, կասեն՝ գումար չկա։ Դրանից հետո պիտի ասեն՝ ուրեմն, «Միասնությունը» դա՞ էր, հա։ Բա ասում էիք ժողովրդին լավ ենք նայելու։ Էս ինչ ձեւ ա, չհասկացա։

Գոյություն ունի ԱԺ կանոնակարգ, որտեղ գրված է, նախագծի հետ միասին պետք է ներկայացնել անհրաժեշտ հիմնավորում։ Ասա՛ որտեղից ճարենք այդ փողը։ Ասա այդ փողի տեղը, խնդրեմ, հարց չկա։ Այդ ժամանակ եթե դու առաջարկես ուսուցիչների աշխատավարձը կրճատել ու տալ միայնակ մայրերին, այդ դեպքում ոչինչ, ընենց, քո հետ հետաքրքիր կլինի զրուցել։ Մենակ դու չես շահի, կշահեն նաեւ այն մարդիկ, որոնք կսկսեն ուսուցիչների շահերը պաշտպանել։ Դու ասում ես, 30 տոկոսով բարձրացնենք նպաստները, ես էլ Դեմիրճյանի տեղը լինեի, կասեի՝ 3 հարյուր տոկոսով բարձրացնենք, խի 30 տոկոսով բարձրացնենք, էս ինչ ձեւ է։

Ես, իբրեւ ԱԺ իրավաբանական վարչության պետ այն կարծիքին եմ, որ «Օրինաց երկրի» խմբակցության անդամ այդ պատգամավորների ներկայացրած օրենսդրական նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում։ Ես այս եզրակացությանն եմ հանգել ԱԺ կանոնակարգով ինձ տրված լիազորությունների հիման վրա։ Ուստի, կարծում եմ՝ այդ փաստաթղթերը չեն կարող ընդունվել Ազգային ժողովի կողմից, դրանք պետք է վերադարձվեն հեղինակներին խնդրանքով կամ առաջարկով՝ խնդրեմ՝ տվեք հիմնավորումները։

Ա. ԶԱՔԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930