Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ՝ ՔՆՆԱԴԱՏԱԲԱՐ

Հունիս 24,1999 00:00
Vahagn Khachatryan

Ընդդիմախոսում է Վահագն Խաչատրյանը

Անկեղծ ասած, ԱԺ նախկին պատգամավոր Վահագն Խաչատրյանի խոսքն էականորեն համառոտել ենք, քանի որ նա բավական դրական գնահատականներ էլ ասաց Վազգեն Սարգսյանի կառավարության գործունեության ծրագրի հասցեին (խոսքը մասնավորապես ծրագրի 1998-ին եւ 1999-ի առաջին հինգ ամիսների տնտեսական քաղաքականության արդյունքներին վերաբերող հատվածի մասին էր)։ Նման գնահատականներով լեփ-լեցուն է մամուլը, փոխարենը լուրջ եւ հիմնավորված քննադատության պակաս կա, ուստի գերազանցապես ներկայացնում ենք զրույցի այդ հատվածները։

Այս ծրագիրը չէր կարող նախորդից էականորեն տարբերվել եւ ըստ էության, սա այն ծրագիրը չէ, որ լուրջ քննարկումների տեղիք տար։ Իհարկե, այնուամենայնիվ, օգտակար կլիներ, եթե Վազգեն Սարգսյանը տեսակետներ լսեր։ Ամեն դեպքում այս ծրագրում էլ հստակություն չկա, թե ինչ ճանապարհով ենք առկա վիճակից դուրս գալու, որ ուղին է գերակայող լինելու։ Թույլ է, եթե էլի սկսելու ենք հարկային բեռը մեծացնելով փորձել այս վիճակը հաղթահարել, որի միտումները կարծես արդեն կային։ Սա միայն ժամանակավոր լուծում կարող էր լինել, բայց ռազմավարության առումով, նույնիսկ մոտ ապագայի համար միանշանակ մերժելի է։

Խոսում են հարկային վարչարարության մակարդակը բարձրացնելու մասին, որով, ըստ իս, էլի չեն կարողանալու հարկերի մուտքերն այնքան ավելացնել, որ տնտեսության աճ ապահովեն։ Բյուջետային եկամուտների մասին խոսում են, իսկ ծախսերի մասին՝ ոչ։ Ինչ-որ ծրագրեր կային կառավարման ապարատի ծախսերի կրճատման մասին, բայց ինձ համար անհասկանալի է, թե այս պայմաններում ի՞նչ է նշանակում 25 նախարարություն եւ նախարարությունների կարգավիճակ ունեցող շուրջ 15 կառավարությանն առընթեր վարչություններ։ Կառուցվածքի խնդիրը լուծված չէ։

Իսկ ծրագրում գրված մնացածի վերաբերյալ, համոզված եմ, որ ով էլ նոր կառավարություն կազմեր, այդ ամենը (գուցե մի քիչ ավելի, կամ պակաս) կգրեր, քանի որ պարզ ճշմարտություններ են։ Օրինակ, չեմ կարող ասել, թե մենաշնորհների վերացման մասին ոչինչ չկա։ Գրված է, որ պետք է հակամենաշնորհային այնպիսի քաղաքականություն տարվի, որ տնտեսության մեջ մենաշնորհներ չլինեն։ Ուստի քննադատելն առայժմ դժվար է, քանի որ ժամանակ չի անցել, որ տեսնենք, իրոք, այդպիսի քայլեր արվո՞ւմ են, թե՞ ոչ։ Իհարկե, լավ կլիներ, որ ծրագրում նաեւ ավելի հստակ նշվեր, թե մենաշնորհների վերացման ճանապարհները որոնք են լինելու՝ օրե՞նք է ընդունվելու, թե՞ պարզապես համապատասխան հրահանգներ են լինելու։ Ի դեպ, հենց պաշտոնյաների հրահանգներով եւ կառավարության գիտությամբ են ստեղծվել այդ մենաշնորհները։

Այնուամենայնիվ, այն դեղատոմսը, որ պիտի Հայաստանի տնտեսությունն առողջացնելու գործընթացում բեկում մտցներ՝ այս ծրագրում չկա։ Այս առումով, այսօր դեռ չեմ ցանկանում շատ խիստ քննադատել ծրագիրը, քանի որ հասկանում եմ, որ Վազգեն Սարգսյանը միգուցե փորձի այդպիսի ծրագիր ունենալ առաջիկա 3-4 ամսվա ընթացքում։ Բայց նաեւ մեծ մտավախություն ունեմ, որ, ինչպես նախադեպերն են ապացուցում, բյուջետային առօրյա խնդիրները լուծել փորձելով՝ վաղվա խնդիրների լուծումը կդառնա երկրորդական։ Սրանից պիտի կարողանան խուսափել Վազգեն Սարգսյանն ու նոր կառավարությունը։

Այստեղ նաեւ փոքր-ինչ անձնավորված մի հարցի մասին չեմ կարող չնշել։ Անհասկանալի է, որ այսքանից հետո այս կառավարության կազմում, էկոնոմիկայի նախարարի պաշտոնում հայտնվել է մեկը, որը, փաստորեն, տապալել է 1999-ի ծրագիրը։ Եվ թեկուզ վերջին 3 ամսվա ծախսային մասը նայենք՝ որեւէ փոփոխություն կամ խնայողություն չի արվել՝ անխնա ծախսել են այն ամենն, ինչ հնարավոր է։ ԿԲ-ից էլ վարկեր են վերցրել, որ այդ ծախսերը կարողանան փակել։ Կստանա՞ն, թե՞ չեն ստանա՝ Աստված գիտե, քանի որ Համաշխարհային բանկի եւ ՄԱՀ-ի ներկայացուցիչների վերջին այցի ընթացքում պարզվել է, որ 25-30 մլն դոլարի վճարումները հետաձգվում են։

Հիմա կուզենայի, որ ծրագրում հստակ գրված լիներ, որ պիտի սառեցվեն ամեն տեսակ ավելորդ ծախսերը։ Իմ կարծիքով, ասենք, պիտի սառեցվեն կապիտալ շինարարության մեջ կատարվող բոլոր ներդրումները։ Ինձ կասեն, որ իրավունք չունեն նման քայլի դիմել, քանի որ բյուջեի մասին օրենքում նախատեսել են, թե սեփականաշնորհման միջոցների հաշվին պիտի այդ ներդրումներն արվեն, բայց այսօր տնտեսությունն այն վիճակում է, որ աշխատավարձի եւ այլ առաջնահերթ խնդիրները պիտի լուծվեն՝ ոչ շինարարության։ Կուզենայի, որ ծրագրում նշվեր, թե ինչ է արվելու աշխատավարձերի բացը լրացնելու եւ բյուջետային վճարումները չկատարելու համար՝ ժամկետներ որոշեին, մոտեցումները հստակեցնեին։ Թե՞ Սանդոյանի պես դեկտեմբերին խաբելու են, որ վճարել են, իսկ մարտին պարզվի, որ չեն վճարել։ Ա՛յս առումով կարելի է քննադատել, բայց ոչ խնդիրներ առաջադրելու՝ բոլոր ցավոտ խնդիրներն էլ մատնանշված են, ընդ որում՝ ոչ ճոռոմ խոսքերով, ինչպես Արմեն Դարբինյանի ծրագրում էր։

Ի դեպ, սա երեւի առաջին դեպքն է, որ մամուլն ու քաղաքական ուժերն այսչափ լոյալ դիրք են գրավում այս ժամանակավոր ծրագրի հանդեպ։ Բոլորն, ըստ էության, սպասողական վիճակում են։ Սա գուցե քաղաքական քայլ է, որ չեն փորձում հենց սկզբից ընդդիմադիր վերաբերմունք ցուցաբերել։ Համոզված եմ, որ շատերը գիտեն, թե իրականում դժվար թե սեպտեմբեր-հոկտեմբերին էլ ինչ-որ կտրուկ փոփոխություններ տեղի ունենան։ Ուղղակի երեւի այս 2-3 ամիսն, իրոք, արձակուրդ է՝ հետո հարձակում կսկսեն, թե կառավարությունը ոչինչ չկարողացավ անել։ Բայց երեւի ճիշտ կլիներ իրավիճակն անաչառորեն գնահատելով եւ ծրագիրը քննադատորեն դիտարկելով՝ ինչ-որ ճանապարհներ մատնանշել, իրոք, գտնել դեղատոմսը։

Պատրաստեց

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930