Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԱՊՏԱԾ ԱՉՔԵՐԻ ԵՎ ՕՐԵՆՔԸ ՉԻՄԱՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հունիս 24,1999 00:00
cec

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մայիսի 20-ին «Օրագիրը» մի փոքրիկ լուր հրապարակեց, թե թիվ 3 ընտրատարածքի պատգամավորության թեկնածու, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Նորիկ Այվազյանի որդին ծեծկռտուքի մեջ է ներքաշվել, որի արդյունքում նրա աչքերի տակ կապտուկներ են առաջացել. «Ընտրողների մեջ տարածվել է, որ կռվից առաջ խոսք է գնացել ԵՊՀ-ում նրա հոր վերցրած կաշառքների մասին»։

Մայիսի 22-ին թերթը հրապարակեց, որ Նորիկ Այվազյանի որդին հերքում էր պահանջել, թե ինքը ոչ մի ծեծկռտուքի չի մասնակցել եւ աչքերի տակն էլ կապտած չէ։ «Մենք սիրով կհամաձայնեինք դա անել, եթե նրա զույգ աչքերի տակն իրոք կապտած չլիներ, ինչն անհաջող կերպով քողարկվում էր սեւ ակնոցների հետեւում»,- գրել էր «Օրագիրը»։

Մնացածը շարադրում ենք Նորիկ Այվազյանի՝ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանին հունիսի 7-ին ուղղված հայցադիմումից. «Ընտրատարածքում լինելով գրանցված պատգամավորության թեկնածուներից միակ մասնագետը… բնակչությունն ամենուրեք գոհունակությամբ էր ընդունում ինձ, որպես բանիմաց եւ ազնիվ մարդու։ Իմ նախընտրական շտաբ էին գալիս մեծ թվով ծանոթներ եւ անծանոթներ ու առաջարկում իրենց աջակցությունն իմ ընտրարշավին։ Ես բոլոր շանսերն ունեի ԱԺ պատգամավոր ընտրվել թիվ 3 ընտրատարածքից։ Սակայն մայիսի 20-ին «Օրագրում» ինչ-որ մեկի պատվերով լույս տեսած՝ իմ մասին վարկաբեկիչ հոդվածից հետո անմիջապես դադարեց ինձ օգնող մարդկանց հոսքը։ Անգամ իմ վստահված անձանցից ինը հոգի հեռացան շտաբից… Արդյունքում ես չընտրվեցի»։

Այժմ Նորիկ Այվազյանը պահանջում է «Օրագրից» բռնագանձել ընտրարշավի ընթացքում իր ծախսած 16 մլն 634 հազար դրամը։

Հետաքրքիր է նաեւ, որ այս գումարն առաջացել է այսպես՝ ստորագրություն հավաքող 8 անձանց 5 օրվա համար՝ 4 հազար դրամ, 42 վստահված անձանց եւ շտաբի պետին 45 օր աշխատելու համար՝ յուրաքանչյուրին 150 հազար դրամ, վարձել է 5 մեքենա՝ վարորդներին 1,5 ամսվա համար 100 հազար դրամ է վճարել եւ օրական 10 լիտր բենզին տրամադրել եւ այլն։ Մոտավորապես կարելի է կռահել, թե ինչու նրա ընտրարշավին աջակցել ցանկացողների հոսքն առժամանակ չի դադարել։ Ի լրումն նշենք, որ պրն Այվազյանը ե՛ւ վերոհիշյալ անձանց, ե՛ւ անգամ 100-ից ավելի անվճար աշխատողներին օրական երկու անգամ կերակրել է՝ 3 հազար դրամ արժողությամբ սննդով։

Աստվածահաճո սույն գործերի ցանկի մեջ, որոնց արժեքը Նորիկ Այվազյանն այժմ ցանկանում է «Օրագրի» միջոցով փոխհատուցել, ամենահետաքրքրականն այս մեկն է. «Քվեարկության օրն ընտրողներին տեղափոխելու համար վճարովի հիմունքներով աշխատել են 12 ավտոբուսներ եւ «ՌԱՖ» մակնիշի ավտոմեքենաներ, գումարած եւս 10 մարդատար ավտոմեքենաներ»։ Թերեւս մեծարգո պրոֆեսորը չի պատկերացրել, որ սույն հայտարարությամբ ինքը փաստորեն հավաստում է, թե խախտել է «Ընտրական օրենսգրքի» 18-րդ հոդվածի 7-րդ կետը, ըստ որի թեկնածուներին «արգելվում է անձամբ կամ որեւէ այլ եղանակով» քաղաքացիներին մատուցել ծառայություններ։ Ենթադրում ենք, որ ընտրողներին տեղամասեր են տեղափոխել միայն նրանց կապույտ աչքերի համար եւ իսկի չեն տվել այն թեկնածուի անունը, որը նրանց համար կազմակերպել է այդ անվտանգ երթեւեկությունը։ Ուստի, դատախազությանը դժվար հետաքրքրի, թե արդյոք պրն Այվազյանը պիտի պատասխանատվության ենթարկվի քվեարկության օրը քարոզչություն կատարելու համար։

«Միակ մասնագետ եւ բանիմաց թեկնածուն» պիտի նաեւ տեղյակ լիներ, որ կարող է բումերանգի պես իրեն հարվածել իր հայցադիմումի մեջ պարունակվող այն պնդումը, թե ընտրարշավի ընթացքում 16 մլն 634 հազար դրամ է ծախսել, երբ եռապատիկ քիչ՝ ընդամենը 5 մլն դրամ ծախսելու իրավունք ուներ «Ընտրական օրենսգրքի» 112 հոդվածի 4-րդ կետի համաձայն։

Եվ սա էլ դեռ բումերանգների լիակատար ժողովածուն չէ՝ շուտով սկսվելիք դատավարության ժամանակ պրն իրավաբանը դեռ առիթ կունենա հաճելիորեն զարմանալու, տեղեկանալով, թե մասնավորապես «Ընտրական օրենսգրքի» էլ ինչ դրույթներ է ինքը խախտել։

ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 1999
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930